17-ամյա Մհեր Ենգիբարյանն արդեն երրորդ տարին է, ինչ սովորում է «Այբ» ավագ դպրոցում՝ մի վայրում, որը տարիներ առաջ ինչ-որ անհասանելի երազանք էր թվում նրան։ Մհերը հիշում է, թե ինչպես էր հանձնել քննությունները և ընդունվել «Այբ», որը, նրա խոսքով, ապագայում մեծ դեր էր ունենալու նրա կյանքում։ Սակայն այդ ճանապարհը հեշտ չէր։
«Այբ» ավագ դպրոցի կրթավճարային համակարգը Հայաստանի ոչ պետական կրթության ոլորտում ամենախոշոր սոցիալական ծրագիրն է, որով աշակերտների շուրջ 70%-ը, այդ թվում՝ Մհերը, սովորում է բարերարների աջակցությամբ։
Մհերը մեծացել է դասախոսների ընտանիքում, իսկ Նանեն՝ ավագ քույրը, «Այբ»-ի շրջանավարտ է: Մհերն ու քույրը շատ մտերիմ են, նույնիսկ միասին չինարեն են սովորել, որ ընտանիքում կարողանան «թաքուն» խոսել: Նանեի կարծիքը Մհերի համար չափազանց կարևոր է. Նանեն միշտ առաջինն էր դիմակայում բոլոր դժվարություններին, և նրա եռանդն ու հավատը դպրոցի նկատմամբ Մհերի մեջ նույնպես որոշ չափով հարգանք էին սերմանել։ Նանեն շատ գոհ էր «Այբ»-ից, և ընտանիքում արդեն որոշված էր, որ Մհերն էլ պետք է այնտեղ սովորեր։
Երկմտանքն «Այբ» ընդունվելու հարցում
Սակայն սկզբում Մհերն այդքան էլ համոզված չէր։
Մտքերում խառնաշփոթ էր․ նա ավելի շատ մտածում էր սպորտով զբաղվելու, ընկերների հետ ժամանակ անցկացնելու և կյանքի թեթևության, քան ուսման մասին։ «Այբ» ընդունվել կտրականապես չէր ուզում, բայց ընտանիքի ճնշման և քրոջ օրինակի շնորհիվ, վերջիվերջո, որոշեց փորձել:
Քննությունները հանձնելուց հետո վստահ էր՝ «Ես չեմ անցնելու»։
Քննություններից հետո «Այբ»-ից նամակ ստացան: Մհերը չկարողացավ բացել այն՝ վախենում էր հիասթափվել: Մայրիկը ստանձնեց պատասխանատվությունն ու բացեց նամակը. անցողիկ շեմից երկու միավոր բարձր ստանալով՝ Մհերը դարձել էր «Այբ»-ի աշակերտ։ «Բա ինչպե՞ս եմ սովորելու»՝ Մհերի հաջորդ անհանգստությունն էր: Ուրախությունն է՛լ ավելի մեծացավ, երբ տեղեկացավ, որ բարերարների շնորհիվ հնարավորություն ունի սովորելու կրթավճարով։
Այդ պահին զգաց, թե ինչպես է կյանքը նրան մի նոր հնարավորություն տալիս։ Հասկացավ, որ իր «չուզելը» կապված էր պատանեկան մտածելակերպի հետ ու որ «Այբ»-ը կարող է ոչ միայն ուսման, այլև անձնական աճի և նոր հնարավորությունների վայր դառնալ իր համար։
Եվ այսպես՝ Մհերը, ով սկզբում չէր էլ ուզում լսել «Այբ»-ում սովորելու մասին, վերջիվերջո գտավ իր ճանապարհը մի դպրոցում, որը, նրա խոսքով, պիտի անհատական զարգացման անսահման հնարավորություններ բացեր:
Մհերը հստակ հիշում է իր առաջին օրը դպրոցում․ առավոտյան դպրոցի ավտոբուսն իրենց «Այբ» բերեց։ Սկզբում բոլորն ու ամեն ինչ անծանոթ էին: Բայց հենց առաջին հայացքից նրա ուշադրությունը գրավեց «Այբ»-ի ներքին հարդարանքը:
«Միշտ սիրել եմ ճարտարապետությունը, թեև որպես մասնագիտություն դա չէի ընտրելու։ Դպրոցի ճարտարապետությունն ինձ հիացրեց»,— ասում է նա։
Աստիճանաբար իրեն ավելի վստահ ու հարմարավետ էր զգում դպրոցում։ Դասերն էլ դարձան հետաքրքիր, ու սկսեց լավ սովորել։
Հաճախ էր մտածում, թե ինչու են շատերը կորցնում հետաքրքրությունը սովորելու ընթացքում. «Հիմնական պատճառը վերջնարդյունքի բացակայությունն է։ Երբ մարդը չի տեսնում, թե ինչի համար է սովորում: Բայց եթե կա նպատակ, ապա ամեն դժվարություն հաղթահարելի է»։
Հայոց լեզու և գրականություն. նոր հայացքը
Մինչև ավագ դպրոց գալը Մհերը հայոց լեզուն և գրականությունը «անիմաստ առարկաներ» էր համարում։ Նա չէր հասկանում, թե ինչու պետք է ժամերով բանաստեղծություններ կարդա կամ պատմվածքներ վերլուծի։
Սակայն «Այբ»-ում նրա համար ամեն ինչ փոխվեց:
«Մեր ուսուցիչները, նրանց մոտեցումը և դասավանդման մեթոդներն ինձ օգնեցին բացահայտելու այս առարկաների խորությունը։ Հասկացա, որ հայոց լեզուն և գրականությունը միայն բառեր և տեքստեր չեն, այլ մեր մշակույթի, պատմության և ինքնության արտացոլումը»։
Ռոքը՝ կյանքի մաս
Երաժշտությունը նրա կյանքում ամենուր է. նա գրեթե ամեն ինչ լսում է:
Բայց մի օր Metallica-ի երգերից մեկը ստիպեց, որ Մհերն ամբողջ ալբոմը լսի, և ռոքը դարձավ նրա կյանքի անբաժանելի մասը։ Մհերը հենց երաժշտությունն ընտրեց «Այբ»-ում որպես արվեստի ճյուղ և այժմ բաս կիթառ է նվագում դպրոցի ռոք խմբում:
«Այս տարի The Beatles-ի երգերն ենք նվագում, այդ խմբին նվիրված նախագիծ ենք պատրաստում։ Թեև նրանց մեծ սիրահարը չեմ, ավելի շատ King Crimson եմ սիրում, բայց այս նախագծով ուզում ենք ցույց տալ, թե որքան կարևոր խումբ է The Beatles-ը և ինչ մեծ ներդրում է ունեցել երաժշտության մեջ»,— պատմում է Մհերը։
Ընթերցանության հաճույքը
Գրքերը նրան չէին հետաքրքրում, բայց հիմա սկսել է կարդալ ու նույնիսկ սիրել ընթերցանությունը:
«Անցած տարի ռոք խմբով նախագիծ արեցինք գրքերի ու երաժշտության կապի մասին, ու այդ ժամանակ սկսեցի ընթերցանությամբ զբաղվել։ Բացի դրանից, «Այբ»-ում մեզ սովորեցնում են ոչ միայն լսել, այլև վերլուծել երաժշտությունը՝ հասկանալ, թե ինչպես է գրվել, հեղինակն ինչ փուլերով է անցել։ Սա վերաբերում է նաև գրականությանը․ «Այբ»-ը սովորեցնում է ավելի խոր մտածել ու ինքնուրույն վերլուծել։ Այստեղ շատ են կարևորում, որ ինքդ մտածես, ինքդ հասկանաս ու ինքդ սովորես փաստերից»:
Համայնքի միասնականության ուժը
«Այբ»-ում ամենասիրելի պահերից են նաև ընդմիջումները, երբ մի քանի անգամ աշակերտներով հավաքվում են միասին ուտելու. «Ավելին է, քան ուղղակի քաղց հագեցնելը: Այս պահերը հնարավորություն են տալիս ընկերների հետ շփվելու, ծիծաղելու, քննարկելու ուսումն ու երազանքները, հանգստանալու և դասերին նոր ուժերով վերադառնալու: Կրթությունը միայն դասերն ու գրքերը չեն, այլև այն միջավայրը, որտեղ աճում ես, ընկերներ գտնում և սովորում ապրել: Եվ «Այբ»-ը դարձավ ինձ համար այն վայրը, որտեղ ոչ միայն գիտելիք եմ ստանում, այլև երկրորդ տունն ունեմ»:
Դպրոցական համայնքի միասնականությունը նրա համար առանձնահատուկ է. կարծես մի մեծ ընտանիք լինեն. «Հանրակրթական դպրոցում դա չէի զգացել։ Տոների ժամանակ բոլորս միասին պարում ենք ազգային պարեր՝ արտահայտելով ու պահպանելով մեր ինքնությունը. ու դա շատ տպավորիչ տեսարան է։ Ռոք խմբում տարբեր սերունդների ուսանողներ ունենք, ու նույնիսկ նրանք, ովքեր այլևս «Այբ»-ում չեն սովորում, շարունակում են պահպանել կապը: Դա չափազանց կարևոր է ինձ համար»:
Մհերը պատմում է, որ «Այբ»-ն իր ուսումնական մոտեցմամբ և նորարարական մեթոդներով, իր համար ոչ միայն դպրոց, այլև ոգեշնչման աղբյուր է դարձել. «Միշտ մտածում եմ, թե ինչպես են նման հաստատությունները փոխում կրթության ոլորտը ու նոր հնարավորություններ ստեղծում»:
Այս մտքերը նրա մեջ մի երազանք արթնացրին. մի օր, երբ մեծանա, նա էլ իր դպրոցը կբացի։ ««Այբ»-ը շատ կարևոր գործ է անում ուսումնական ոլորտում, ու հենց դա է ինձ ոգեշնչել, որ հաճախ մտածում եմ՝ գուցե ինքս մի օր դպրոց բացեմ, որտեղ ամեն մանրուք մտածված կլինի, ինչպես «Այբ»-ում, և աշակերտներն իրենց մի մեծ ընտանիքի մաս կզգան»:
Ճանապարհ դեպի Կատարի համալսարան
Մհերը դեռ մասնագիտություն չի ընտրել, երբեմն էլ մտածում է, որ գուցե ծնողների և իր ուսուցիչների օրինակով ինքն էլ դասավանդի:
«Մի բան հաստատ է. եթե մի օր իմ դպրոցը բացեմ, ապա անպայման կցանկանամ դասավանդել։ Բայց ոչ թե միայն գիտելիքներ փոխանցելու, այլ սեփական փորձը կիսելու նպատակով: Դա մի հիանալի հնարավորություն կլինի՝ ոգեշնչել նոր սերնդին, ինչպես «Այբ»-ն ինձ է ոգեշնչում»,— խոստովանում է Մհերը, ով փորձը հզոր գործիք է համարում, որը գիտելիքի հետ միասին կարող է փոխել մարդկանց կյանքը։
Մինչ այս երազանքը դեռ հեռու ապագայում է, Մհերը վստահ է՝ եթե կա նպատակ, ապա ամեն ինչ հնարավոր է։ Հենց այդ նպատակին հասնելու համար էլ ճանապարհը նրան տարավ դեպի Կատարի Հյուսիս-արևմտյան համալսարան, որը ներառված է աշխարհի լավագույն 50 համալսարանների շարքում՝ զբաղեցնելով 33-րդ տեղը։ Ի դեպ, իր բարձր առաջադիմության շնորհիվ Մհերը համալսարանում սովորելու է 100 տոկոս կրթաթոշակով:
«Դպրոցում Կատարի Հյուսիս-արևմտյան համալսարանից հյուր ունեինք, ով պատմեց հասարակայնության հետ կապերի մասնագետի ու լրագրության մասին: Նախկինում երբեք չէի դիտարկել այս մասնագիտությունները, բայց երբ սկսեցի ուսումնասիրել, հասկացա, որ շատ հետաքրքիր և հեռանկարային են։ «Այբ»-ի մասնագիտական կողմնորոշման մասնագետ ընկեր Ռուզաննան էլ հուշեց. «Այս համալսարանը լավ հնարավորություն է քեզ համար»: Նրա խոսքերն ինձ վստահություն տվեցին, որոշեցի՝ հենց այդ ուղղությամբ էլ ուզում եմ շարունակել»,— պատմում է Մհերն ու հավելում՝ ընդունվելու հետ կրկին շատ հույսեր չէր կապում։
Բայց ընդունվեց՝ այն էլ առաջադիմական կրթաթոշակ ստանալով: Շուտով Մհերը կշարունակի ուսումը Կատարի համալսարանում՝ ապագայում խորանալով մեդիա իրավունքի ոլորտում։
Կրթությունը՝ զարգացման և ինքնաճանաչման գործընթաց
Կյանքը լի է անսպասելի հնարավորություններով, և երբեմն պարզապես պետք է փոխել պլանները՝ նոր դռներ բացելու համար։ Հիմա Մհերի փոքր եղբոր հերթն է, նա էլ այժմ մտորում է. հնարավոր է հետագայում «Այբ»-ում սովորի: Մհերն ասում է, եթե իրեն հարցնի՝ արժե՞, թե ոչ, պատասխանը հստակ կլինի․«Վստահաբար խորհուրդ կտայի սովորել «Այբ»-ում: Եթե մարդն ուզում է բազմակողմանի զարգացած լինել, ուրեմն պետք է սովորի այստեղ: «Այբ»-ը պահանջում է տարբեր ոլորտներով հետաքրքրված լինել ու ուսումնասիրել դրանք։ Եթե գալու ես ու բոլոր հնարավորություններից օգտվես, շատ բանի կհասնես»։
Որպես ապացույց Մհերը պատմում է դպրոցի ռոք խմբի մասին։ Անցյալ տարի շրջանավարտների հետ միասին նրանք համերգ էին կազմակերպել. ««Այբ»-ը շատ հնարավորություններ է տալիս քո հոբբիներով զբաղվելու համար, ու եթե դրանք ճիշտ օգտագործես, հաստատ կզարգանաս: Երբ դու գիտես, թե ինչու ես սովորում, և երբ տեսնում ես, թե ինչպես է դա կապված քո կյանքի հետ, ամեն դժվարություն դառնում է հաղթահարելի։ Այստեղ կրթությունը միայն գնահատականներ ստանալու կամ քննություններ հանձնելու միջոց չէ, այլ զարգացման և ինքնաճանաչման գործընթաց»։