Երգը միշտ էլ եղել է հայի հոգևոր կյանքի հիմքում։ Այն մխիթարություն է, ուրախություն, նաև ինքնության ճանաչման ուղի։ «Այբ» դպրոցի համար երգը դարձել է մի ամբողջ աշխարհ՝ հարթակ, որտեղ հանդիպում են սերունդները, որտեղ դպրոցականներն ու շրջանավարտները միասին շարունակում են ազգային երաժշտության ճանապարհը։
Այսօր «Այբ»-ում գործում է ոչ միայն աշակերտական երգչախումբ, այլև շրջանավարտների «Կամար» երգչախումբը, որն իր անվանումով խորհրդանշում է կապն ու կամուրջը շրջանավարտների սերունդների միջև։
Ավելի մանրամասն զրուցել ենք Անահիտ Պապայանի հետ, ով ղեկավարում է թե՛ աշակերտական, թե՛ շրջանավարտների երգչախմբերը, և Շուշան Դավեյանի հետ, ով որպես շրջանավարտ շարունակում է երգել երգչախմբում ու «Այբ» համայնքի ակտիվ անդամ է։
Անահիտ Պապայան․ երգի կամարը
Անահիտ Պապայանը ժամերով կարող է խոսել շրջանավարտների երգչախմբի մասին՝ սիրով ու հպարտությամբ.
«Մեր նպատակը դարձել է հայ խմբերգային արվեստի կատարումը, դրա տարածումը և ճանաչումը։ Մեզ համար կարևոր է դրա շուրջ համախմբված լինելը, դրանով ապրելը»։
Նրա խոսքով՝ երգչախումբը վաղուց արդեն կրթական ծրագրից դուրս համայնքային մի երևույթ է․ այն միավորում է «Այբ»-ի շրջանավարտների արդեն 13 սերունդ։
«Մենք մեզ «Կամար» ենք կոչել, որովհետև մեր երգը կամար է՝ կապող դպրոցի տարբեր սերունդների միջև։ Սա ոչ միայն երաժշտություն է, այլև արժեքների շարունակականություն»։
«Կամարի» երգացանկը կազմված է հայ ժողովրդական և հայ հոգևոր երգերի կոմպոզիտորական մշակումներից։ Տարիների ընթացքում երգչախումբը հասցրել է հանդես գալ բազմաթիվ համերգներով թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։
Անահիտի համար ամենահուզիչ պահերից մեկն այն է, որ շրջանավարտները երբեք չեն կտրվում երգից․
«Դպրոցն ավարտելուց հետո էլ շատերը ցանկություն են հայտնում միանալ երգչախմբին։ Դա ինձ համար մեծ ուրախություն է։ Մենք արդեն ընտանիքի պես ենք։ Դպրոցի ամենամեծ նվաճումն այն է, որ կարողացել է կերտել մարդկանց, ովքեր իրենց հոգևոր պահանջները լրացնում են բարձր արվեստի, հատկապես՝ հայ ազգային երգի միջոցով»։
Երգչախմբի ձևավորման առաջին քայլերը
Երգչախումբը հիմնադրվեց 2011 թվականին։ Տեր Մեսրոպը զանգահարեց Անահիտին, որը խորապես զբաղվում էր հայ միջնադարյան հոգևոր ու ժողովրդական երաժշտությամբ, և առաջարկեց ղեկավարել նորաստեղծ երգչախումբը։
Սկզբում կասկածներ կային․ արդյո՞ք երեխաները կհետաքրքրվեն այս արվեստով։ Բայց առաջին փորձերից հետո ամեն ինչ փոխվեց։
«Երբ առաջին անգամ ստացվեց երկձայն երգել, երեխաները հմայվեցին։ Բազմաձայնության այդ հարմոնիան ներսում ինչ-որ բան արթնացրեց։ Նույնիսկ նրանք, ովքեր նախկինում որևէ առնչություն չէին ունեցել այս երաժշտության հետ, սկսեցին սիրով մասնակցել փորձերին»,— հիշում է Պապայանը։
Դպրոցի բացման համար ընտրվեց հատուկ երգ՝ Ստեփան Լուսիկյանի «Ազատ Հայաստանը»։ Անահիտը հիշում է.
«Այն դարձավ մեր ոչ պաշտոնական հիմնը։ Յուրաքանչյուր միջոցառում ավարտում էինք այդ կատարմամբ»։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դահլիճում առաջին ելույթը
2014 թվականին երգչախումբն ունեցավ իր առաջին մենահամերգը Փարիզի Կամերային երաժշտության տանը։ Այդ համերգից հետո՝ հաջորդ տարի, նրանք հրավիրվեցին մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին Ֆրանսիայում։
Անահիտը ոգևորությամբ հիշում ու պատմում է, որ ճանապարհին՝ ավտոբուսում, երեխաները սկսեցին երգել։ Նրանց լսեց համերգի գլխավոր դիրիժորը և ասաց․
«Ուրեմն համերգը դուք կսկսեք»։
Այդպես էլ եղավ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դահլիճում նրանք ներկայացրին հայ խմբերգային արվեստից հատվածներ՝ դառնալով համերգի բացման մասնակիցները։
«Դա մեզ համար աննկարագրելի պահ էր։ Առաջին անգամ Հայաստանից դուրս, անմիջապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի բեմում։ Դա իսկապես հիշարժան մեկնարկ էր»։
Էրիկ Ալոյանի օրինակը
Անահիտը նշում է՝ «Կամար» երգչախմբի ամենամեծ ձեռքբերումներից մեկը Էրիկ Ալոյանն է։ Դեռ դպրոցական տարիներից աչքի էր ընկնում նախաձեռնողականությամբ ու պարտաճանաչությամբ։ Այսօր արդեն նա կոնսերվատորիայի շրջանավարտ է, երաժիշտ, ով դարձել է խմբի անփոխարինելի մասնակից։
«Էրիկը մեզ համար հենասյուն է։ Նրա երաժշտական գիտելիքների, ոճի ընկալման և միջնադարյան երաժշտության իմացության շնորհիվ ես կարող եմ վստահել նրան ամբողջ խմբի ղեկավարումը։ Շատ համերգների ժամանակ հենց ինքն է ղեկավարում որոշ ստեղծագործություններ»,— ասում է Պապայանը։
Շուշան Դավեյան․ երգչախումբը որպես հանգստություն ու թեթևություն
Շուշան Դավեյանը «Այբ» դպրոցի 2020 թվականի շրջանավարտ է։ Այսօր աշխատում է «Այբ» դպրոցում և «Այբ» կրթական հիմնադրամում որպես մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ և զուգահեռ սովորում է Երևանի պետական համալսարանում։
Նա դեռ դպրոցական տարիներին միացավ երգչախմբին, իսկ ավարտելուց հետո առանց երկմտելու շարունակեց երգել «Կամարում»։
«Շրջանավարտների երգչախմբին միանալն ինձ համար բնական ձևով եղավ։ Չեմ պատկերացնում, որ կարող էր այլ կերպ լինել։ Երգչախումբը դարձել է իմ՝ ծանր աշխատանքային օրերից հետո լավագույն հանգիստը։ Խմբերգային երաժշտությունը մի յուրահատուկ մոգական ազդեցություն ունի։ Փորձերն ինձ տալիս են այնպիսի թեթևություն, որը ոչ մի այլ հանգստի տարբերակ չի կարող տալ»։
Նրա համար երգչախումբը նաև արժեքների փոխանցման հարթակ է։ Շուշանն ընդգծում է, որ «Կամարն» օգնել է իրեն նոր կապեր հաստատելու և ձեռք բերելու մտերիմ ընկերներ.
«Դպրոցում ճանաչում էինք միայն մեզանից մի քանի տարի մեծ կամ փոքր աշակերտներին։ Բայց «Կամարը» հնարավորություն է տալիս հանդիպել բոլոր սերունդներին։ Դա եզակի մտերմություն է ստեղծում, որը դժվար է պատկերացնել այլ պայմաններում»։
Անցյալի, ներկայի ու ապագայի կամարը
Ըստ Անահիտ Պապայանի՝ «Կամարը» վաղուց արդեն անցել է կրթական ծրագրի սահմանները՝ դառնալով համայնքի սիրտը, որտեղ մարդիկ միավորվում են երգի շուրջ՝ ճանաչելու իրենց ինքնությունը և պահպանելու ազգային երաժշտությունը։
«Երբ մենք երգում ենք միասին, դա պարզապես երաժշտություն չէ։ Դա կամար է, որ կապում է մեզ անցյալին, ներկային ու ապագային»,— նշում է Անահիտը։
Եվ հենց այդ կամարն է, որ պահպանում է դպրոցական տարիների հիշողությունները, խորացնում սերունդների միջև կապը և ապացուցում, որ երաժշտությունը կարող է լինել ամենահզոր կամուրջ մարդկանց միջև։