2023 թվականը բեկումնային տարի դարձավ հազարավոր արցախցիների համար։ Նրանք ստիպված եղան թողնել իրենց տունն ու տեղափոխվել Հայաստան։ Հարյուրավոր երեխաներ զրկվեցին իրենց տներից, ծանոթ միջավայրից, դպրոցից, ընկերներից ու մանկության հարազատ վայրերից։
Մենք չէինք կարող անտարբեր մնալ այս ամենի հանդեպ։
Այդ օրերին, երբ ամեն ինչ թվում էր խառնված ու անորոշ, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ «Այբ» դպրոցն իր դռները բացեց արցախցի 41 աշակերտի առջև՝ առաջարկելով կրթության, արժեքային համակարգի և սիրո նոր աղբյուր։
41 արցախցի աշակերտ՝ յուրաքանչյուրն իր պատմությամբ, վախով ու հույսով, դարձավ «Այբ» համայնքի լիիրավ անդամ։ Դպրոցի բարերարները ևս իրենց ներդրումն ունեցան այս պատմության մեջ՝ պատրաստակամություն հայտնելով հոգալ հատուկ ընդունելության ծախսերի մի մասը։ Արդյունքում՝ աշակերտների ուսումնառության պայմանագրերը կնքվեցին խորհրդանշական 1000 դրամով։
Այսօր պատմելու ենք աշակերտներից երեքի՝ Արամի, Դիանայի և Արսենի ուղու մասին․ բարդ իրականությունից դեպի նոր, երբեմն անծանոթ, բայց միանգամից ընդունող և հնարավորություններով լի դպրոցական կյանք։ Երեքն էլ տարբեր փորձառությամբ, տարբեր երազանքներով, բայց միևնույն հավատով են եկել «Այբ»՝ կրթություն ստանալու, հասունանալու ու սեփական ճանապարհը կառուցելու նպատակով։
Դիանայի՝ լրագրող դառնալու երազանքը
Դիանա Մանգասարյանը «Այբ» դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի է։ Արցախից եկել է 2023 թվականի սեպտեմբերին։ Երբ սկսվեց ընդունելության գործընթացը, Դիանան խանդավառությամբ մասնակցեց․ «Հարցազրույցի փուլը շատ հետաքրքիր էր, բայց իմ ակնկալիքներին շատ մոտ, նույնիսկ ավելի լավ, քան պատկերացնում էի»։
Այսօր Դիանան վստահ ասում է՝ «Այբ»-ում գտել է թե՛ որակյալ կրթություն, թե՛ հիանալի շրջապատ։ Թեև նոր միջավայրին հարմարվելու շրջանը սկզբում հեշտ չէր, այսօր նա իրեն զգում է ուժեղացած և ոգեշնչված։
Սիրելի առարկաները և մասնագիտական կողմնորոշումը
Դիանան առանձնակի հաճույքով է հաճախում հայոց պատմության, համաշխարհային պատմության և գրականության դասերին։ Հենց այստեղ էլ հասկացավ՝ իրեն ձգում է լրագրությունը։
«Շատ եմ սիրում հարցեր տալ, մարդկանց հետ խոսել, տարբեր թեմաներ ուսումնասիրել։ Գրականությունն էլ սիրում եմ, լեզուների հետ կապված՝ ամեն ինչ»։
Այժմ Դիանան ուսումնասիրում է լեզուներ։ Նրա կարծիքով՝ լավ լրագրող դառնալու համար անպայման պետք է տարբեր լեզուներ իմանալ, նաև՝ պատմություն․ «Լրագրողը պետք է ճիշտ խոսի։ Իսկ պատմությունն օգնում է, որ ճիշտ հասկանաս աշխարհի ու քո երկրի ընթացքը»։
Կրթավճարի կարևորությունը
Դիանան սովորում է կրթավճարով, ինչը, իր խոսքերով, հնարավորություն է տվել ստանալու որակյալ կրթություն։
«Կրթավճարով սովորելը շատ կարևոր է ինձ համար։ Այստեղ ստանում եմ ոչ միայն լավ կրթություն, այլև շրջապատ, ընկերներ, հետաքրքիր դասեր։ Այն ամենը, ինչ ինձ պետք է իմ երազանքին հասնելու համար»։
Արամը՝ ապագա բժիշկը
Արամ Հարությունյանը սովորում է «Այբ» դպրոցի 9-րդ դասարանում։ «Այբ»-ին միացել է 2023 թվականի հոկտեմբերին, և արդեն երկու տարի է՝ շարունակում է իր ուսումն այստեղ։
«Ամենամոտ միջավայրը, որ երբևէ ունեցել եմ»
Արամի խոսքով՝ «Այբ»-ն իր կյանքում բացառիկ տեղ ունի։
«Համեմատած այն բոլոր դպրոցների հետ, որտեղ սովորել եմ, «Այբ»-ի միջավայրը ամենամտերիմն ու ամենալավն է։ Այստեղ ինքդ քեզ մենակ չես զգում։ Մարդիկ հասկանում են, աջակցում, իսկ դա արդեն մեծ արժեք է»։
Նրա համար դպրոցը միայն դասերն ու գնահատականները չեն։ Արամը նշում է՝ դպրոցը միջավայր է, որտեղ ձևավորվում ես որպես անհատ։
«Այբ»-ում ստացած կրթությունը՝ ապագայի հիմնասյուն
Արամն ընդգծում է, որ «Այբ»-ում ստացած կրթությունը համարում է իր ապագայի հիմքը։
«Այստեղ սովորելը շատ կարևոր է ինձ համար, որովհետև ապագայի համար մեծ նպատակներ ունեմ։ Ուզում եմ բժիշկ դառնալ, իսկ դրա համար պետք է լուրջ կրթություն։ Այստեղ ստացած գիտելիքներն ու մտածողությունը հաստատ ինձ կօգնեն հասնել այդ երազանքին»։
Կրթավճար՝ ապագան կառուցելու հնարավորություն
Արամը ևս սովորում է կրթավճարով և նշում է, որ շատ է գնահատում այս հնարավորությունը․ «Եթե չլիներ կրթավճարը, միգուցե այսօր այստեղ չսովորեի։ Իսկ հիմա կարողանում եմ սովորել լավ դպրոցում, լավ մարդկանց հետ, լավ կրթությամբ։ Դա մեծ բան է։ Ես ուրախ եմ ու շնորհակալ, որ այդ հնարավորությունն ունեմ»։
Նրա խոսքով՝ կրթավճարը միայն աջակցություն չէ։ Դա հնարավորություն է՝ կառուցել ապագան, հետևել երազանքին։
Արսեն․ վստահություն, փորձ և մաթեմատիկայի հանդեպ սեր
Արսեն Ղուկասյանը սովորում է «Այբ» դպրոցի 9-րդ դասարանում։ Նա ևս Երևան է տեղափոխվել 2023 թվականին՝ պատերազմից հետո։ «Այբ»-ի մասին Արսենն իմացել է իր ավագ քրոջից, ով նույնպես դպրոցի աշակերտներից է։ «Քույրս ինձ շատ էր պատմում ոչ միայն դասերի, այլև տարբեր միջոցառումների մասին։ Ինձ հենց դա էր հետաքրքրում, թե ինչպիսին է դպրոցական կյանքը, ինչ կա դասագրքերից այն կողմ։ Որ այստեղ իսկական համայնք է»։
Սեր ֆիզիկայի և մաթեմատիկայի հանդեպ
Արսենը առանց կասկածի նշում է․ «Ամենաշատը սիրում եմ մաթեմատիկա և ֆիզիկա առարկաները։ Դրանք են ինձ ոգեշնչում թե՛ տրամաբանությամբ, թե՛ կիրառական մտածողությամբ»։
Բացի առարկաներից, նրան դուր է գալիս ուսուցման ընթացքը․ «Այստեղ դասերը սովորական չեն։ Տարբեր ձևերով ենք սովորում՝ նախագծերի միջոցով, փորձերով, համատեղ քննարկումներով։ Դասերը բացատրվում են օրինակներով՝ այնպես, որ դառնում են հետաքրքիր, ոչ պարտադրանք»։
Կրթավճարը՝ որպես աճի հնարավորություն
Արսենը կրթավճարով սովորելը վճռորոշ է համարում․ «Առանց կրթավճարի, անկեղծ ասած, դժվար թե սովորեի այստեղ։ Իսկ հիմա այն ինձ օգնում է սովորել այնպիսի բաներ, որոնք հետագայում պետք են լինելու բուհ ընդունվելիս, կարիերա ընտրելիս»։ Նրա համար կրթությունն ինքնանպատակ չէ։ Դա ճանապարհ է դեպի երազանքներ։
««Այբ»-ում սովորելը ինձ ոչ միայն գիտելիք է տալիս, այլ նաև հնարավորություն՝ կայանալու։ Սրանք իմ առաջին քայլերն են դեպի երազանքներս»։
Լինել լավագույնը
Թեև Արսենն ասում է, որ հստակ երազանք դեռ չունի, մասնագիտական ուղղության մասին որոշ պատկերացումներ արդեն կան։
«Փոքր ժամանակվանից միշտ ցանկացել եմ լինել լավագույնը։ Թե ո՛ր ոլորտում, դեռ հստակ չեմ որոշել, բայց մտածում եմ տնտեսագիտական ուղղությամբ շարունակել։ Համոզված եմ՝ կստացվի»։
«Այբ»-ն ինձ սովորեցրեց վստահ լինել
Ամփոփելով իր պատմությունը՝ Արսենը հանգում է մի պարզ եզրույթի․ ««Այբ»-ն ինձ տվել է մեծ փորձ ու սովորեցրել է լինել վստահ։ Տվել է բազմաթիվ հնարավորություններ՝ փորձելու ինձ տարբեր բնագավառներում, հասկանալու՝ ինչն է ինձ դուր գալիս։ Հիմա գիտեմ՝ կան շատ բաներ, որոնցով կարող եմ զբաղվել ու դրանց մեջ լինել լավագույնը»։