Պատմական գիտությունների թեկնածու Լիլիթ Մինասյանն «Այբ» դպրոցի հասարակագիտական առարկայախմբի ղեկավարն է, որն արդեն 13 տարի է, ինչ աշխատում է այստեղ և դասավանդում համաշխարհային պատմություն։
Նա հիշում է՝ «Այբ»-ում հայտնվելը պատահականություն էր. այն ժամանակ աշխատում էր Երևանի պետական համալսարանում՝ համաշխարհային պատմության ամբիոնում։ «Արդեն 10 տարի ԵՊՀ-ում էի աշխատում։ Մի օր ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ստեփանյանը տեր Մեսրոպի հետ հանդիպման էր հրավիրված։ Ասաց՝ արի միասին գնանք։ Ես էլ մտածեցի՝ ինչո՞ւ ոչ, կգամ։ Չգիտեի՝ ինչ դպրոց է, անունն էլ չէի լսել, չգիտեի՝ ինչ հանդիպում է»,– ժպիտով պատմում է Լիլիթը։
Ու հենց այդ հանդիպումը, ինչպես ինքն է նշում, դարձավ ճակատագրական։
«Երբ տեր Մեսրոպը սկսեց խոսել Թարգմանչաց շարժման իմաստի, «Այբ»-ի գաղափարի և առաքելության հետ դրա կապի մասին, զգացի՝ սա շատ մոտ է այն մտքերին, որոնց շուրջ այդ ժամանակ ես ևս մտորում էի։ Որպես պատմագետի՝ իմ գիտական հետաքրքրությունների առանցքում ներհասարակական ճգնաժամերն են, մասնավորապես, թե ինչպես են քաղաքակրթությունները կարողանում դուրս գալ այդ ճգնաժամերից: Իմ գիտական հետազոտությունն ուղղված էր Հռոմեական հանրապետության մ. թ. ա. II-I դարերի ճգնաժամի ուսումնասիրությանը։ Գրերի գյուտը և Թարգմանչաց շարժումը ևս ճգնաժամի հաղթահարման, ազգային ինքնության պահպանման և զորացման նորարար ծրագիր էր, որի ազդեցությունը մենք զգում ենք առ այսօր»,– պատմում է նա։
Թարգմանչաց շարժման պատմական նշանակությունն ու դպրոցի գաղափարը այնքան համահունչ էին Լիլիթի ներքին համոզմունքներին, որ զրույցը շատ արագ անցավ արդեն աշխատանքային պարտականությունների քննարկման։
«Չգիտեմ ինչպես եղավ այդ անցումը, բայց այդ օրվանից ես «Այբ»-ում եմ։ Եվ այդ օրը դարձավ նոր սկիզբ իմ կյանքում»,– անկեղծանում է Լիլիթը։
Մեծ գաղափարի մաս լինելը՝ պարտավորություն` փոխելու համակարգը
Եվ հենց այդ առաջին օրվանից՝ «Այբ»-ում դասավանդելը ոգևորության ու պատասխանատվության նոր աղբյուր դարձավ Լիլիթի համար:
«Հետ նայելով այս տարիներին, «Այբ»-ի հետ անցած իմ ճանապարհին,– ասում է նա,– ես կառանձնացնեի իմ գործունեության երեք հիմնական ուղղություն, որոնք սերտորեն կապված են «Այբ»-ի առաքելության հետ»։
Առաջինը պատմության դասավանդման մոտեցումը փոխելու համարձակ փորձն էր։
«Երբ առաջին անգամ մտա դասարան, անմիջապես հասկացա՝ եղած մեթոդները չեն աշխատում։ Եվ չէին էլ կարող աշխատել։ «Այբ»-ը այն եզակի հաստատությունն էր, որտեղ ունեիր և՛ ազատություն, և՛ համարձակություն՝ փորձելու մի բան, որը տասնամյակներով անփոփոխ էր մնացել մեր կրթական համակարգում»,– հիշում է նա։
«Յուրաքանչյուր աշակերտ մի օր հարց է տալիս՝ «Իսկ ինչո՞ւ ես պետք է սովորեմ այս կամ այն առարկան։ Ինչո՞ւ ես պետք է պատմություն սովորեմ, ո՞րն է դրա իմաստն իմ կյանքում»։
Յուրաքանչյուր դասի նպատակն է պատասխանել այդ հարցին՝ ցույց տալով պատմության ուսումնառության կարևորությունը և իմաստը սովորողի համար՝ թե՛ համաշխարհային, թե՛ ազգային պատմության»,– ընդգծում է Լիլիթ Մինասյանը։
«Այդ տարիներն ինձ դրդեցին ուսումնասիրելու պատմության դասավանդման տեսական և գործնական արդի մոտեցումները տարբեր երկրներում։ Դա նոր ինտելեկտուալ տարվածություն էր՝ ծանոթանալ միջազգային փորձին և հասկանալ, թե ինչպես կարող է պատմությունն աշակերտների համար դառնալ կենդանի և իմաստալից։ Այս գիտելիքները օգնեցին ինձ ներդնել պատմության դասավանդման նորարար մոտեցումներ «Այբ»-ում»։
Լիլիթն ընդգծում է, որ «Այբ»-ում կար հնարավորություն ոչ միայն փորձելու, այլ նաև ձևավորելու նոր մոտեցումներ։ «Դու պատկերացնում էիր՝ ինչ ես ուզում անել, և անում էիր»,– ասում է նա։
Այսօր Լիլիթը հպարտությամբ նշում է. «Այբ»-ում պատմությունը դարձել է ամենասիրելի առարկաներից մեկը։ Ծրագրի փոփոխությունը նոր կառուցվածք տվեց դասընթացին՝ խորքային վերլուծությամբ, քննադատական մտածողությամբ, հետազոտական և առաջնային ու երկրորդային աղբյուրների հետ աշխատանքի հմտություններով։
«Մենք պատմությունը պարզապես չենք սերտում կամ անգիր անում։ Մեր պատմության դասերը մի իրական լաբորատորիա են հիշեցնում, որտեղ երեխաները փորձարկում են՝ ինչպես է աշխատում պատմագետը»,- բացատրում է Լիլիթը։
Հայոց պատմության պարագայում էլ «Այբ»-ում կարևորեցին վերլուծական մոտեցումը՝ չվախենալով հարցեր տալ։ «Ազգային պատմության պարագայում կարևորվում են ոչ միայն սովորողի վերլուծական-քննադատական հմտությունները, այլև զգայական կապը և ապրումակցումը։ Պատմական մտածողության ձևավորումը ենթադրում է ոչ միայն փաստերի յուրացում, այլև դրանց պատճառահետևանքային կապերի, կարևորության, նշանակության վերլուծություն: Աղբյուրների բազմակողմանի կիրառումը հնարավորություն է տալիս հասկանալ պատմական իրողությունների բարդությունն ու բազմաշերտությունը՝ ձևավորելով և՛ զգայական կապ, և՛ գիտական մոտեցում»։
Այս ամենը, ըստ Լիլիթի, դարձել է «Այբ»-ում իր առաջին ձեռքբերումներից մեկը.
«Հպարտորեն կարող եմ ասել, որ սա իմ, իմ թիմի և «Այբ»-ի նվաճումներից մեկն էր»։
Մասնագիտական ինքնության ձևավորումը
Լիլիթի համար «Այբ»-ում անցած ճանապարհը միայն դասավանդման նոր մոտեցումներ ստեղծելու փորձ չէր։ Դա նաև նրա անձի կամ, ինչպես ինքն է նշում, մասնագիտական ինքնության ձևավորման պատմությունն էր։
Երկրորդ ուղղությունը, ինչպես ինքն է ձևակերպում, եղել է իր կայացումը որպես ուսուցիչ։
«Ես «Այբ» եկա ո՛չ որպես ուսուցիչ։ Դասախոս էի՝ համալսարանական միջավայրից։ Մանկավարժությունը ինձ այնքանով էր ծանոթ, որքանով մեր ընտանիքում դասավանդման փորձն ու սերն էին փոխանցվել սերնդեսերունդ»,– պատմում է Լիլիթը։
Բայց հենց «Այբ»-ում՝ իր աշակերտների հետ ամենօրյա շփումներում, Լիլիթը ձևավորվեց որպես ուսուցիչ։ Սա դրդեց նրան խորությամբ ուսումնասիրելու մանկավարժությունը՝ բացահայտելով դրա տեսական և գործնական նրբությունները։
«Ես ուսուցիչ դարձա «Այբ»-ում: Եվ դարձա իմ աշակերտների օգնությամբ ու նրանց շնորհիվ։ Հիմա, երբ հետ եմ նայում անցած ճանապարհին, ասում եմ՝ ոչինչ պատահական չի լինում։ Երևի հենց մանկավարժությունը համապատասխանեց իմ էությանը։ Ներկայումս, համատեղելով դասավանդումը Հայաստանի ամերիկյան համալսարանում և «Այբ» դպրոցում, ես դիտարկում եմ այս երկու դերերի սիներգետիկ փոխազդեցությունը»,-ասում է նա։
Լիլիթի համար ուսուցիչ լինելը դարձավ ոչ միայն մասնագիտություն, այլև անձնական առաքելություն՝ ձևավորել, զարգացնել, ոգեշնչել։
«Ուսուցչի աշխատանքը պահանջում է նվիրում և հավատ, որ ամեն մի հանդիպում աշակերտի հետ կարող է փոխել նրա ապագան»,– վստահեցնում է Լիլիթ Մինասյանը։
«Մեզանում ուսուցչի մասնագիտությունը յուրահատուկ նշանակություն ունի։ Այն մեզ կապում է առաջին ուսուցչի՝ Մաշտոցի հետ, և այդ գիտակցումը յուրաքանչյուր ուսուցիչ պետք է կրի դասարան մտնելիս։ Մեր պատմության ամենակարևոր տեքստերից մեկում՝ Խորենացու «Ողբում», Խորենացին, արտահայտելով վիշտն իր ուսուցիչների կորստի համար, միևնույն ժամանակ տալիս է նրանց նկարագիրը՝ բարյացակամ սիրտ, երկար ճանապարհներ հեշտացնող հույս, նեղությունների ժամանակ հանգստացնող, խրախուսող։ Ապա հարցնում է, թե ո՛վ այսուհետ պետք է հարգի իր աշակերտների ուսումը, ո՛վ պետք է ուրախանա նրանց առաջադիմությամբ, ո՛վ հայրական զվարճություն պետք է արտահայտի՝ մասամբ իր որդուց հաղթվելով»։ Լիլիթի համար այս նկարագիրը վերժամանակային է և արտացոլում է ուսուցչի առաքելությունը։
Գիտելիքի փոխանցումից դեպի համայնքային առաքելություն
Լիլիթի համար ուսուցչի ինքնության ձևավորումը «Այբ»-ում չավարտվեց միայն դասարանային աշխատանքով։ Այդ փորձառությունը նրան տարավ դեպի նոր՝ առավել ընդգծված առաքելություն՝ փոխանցել գիտելիքը, ոգևորությունը և փորձը նաև մյուս մասնագետներին։
«Այբ» կրթական հիմնադրամի և «Այբ» ակադեմիայի առաքելության անբաժան մասն է ուսուցիչների և կրթության առաջնորդների վերապատրաստումն ու կարողությունների շարունակական զարգացումը։ Որպես կրթության ոլորտում երկարամյա փորձ ունեցող կազմակերպություն՝ «Այբ»-ը տարիների ընթացքում առաջատար փորձը տարբեր ծրագրերով փոխանցում է ուսուցիչներին՝ հզորացնելով կրթական համայնքն ամբողջ երկրում։ Այս գործընթացի հիմքերն «Այբ»-ում դրվել են ավելի վաղ՝ Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացման ծրագրով:
Լիլիթը հիշում է՝ վերապատրաստումների աշխատանքին անցնելն իր համար եղել է միանգամայն բնական շարունակություն:
«Խումբը, որը ներգրավվեց այդ գործում, իսկական նվիրյալներից էր կազմված։ Մեզ համար անգամ ժամանակի սահմանափակում գոյություն չուներ։ Կարելի էր գիշերը 3-ին նամակ գրել ու վստահ լինել՝ կստանաս պատասխան, որովհետեւ բոլորը նստած աշխատում էին»,– պատմում է նա։
Վերապատրաստումների ընթացքը Լիլիթի համար դարձավ իր ունեցած փորձը կիսելու հնարավորություն, մի նոր ասպարեզ, որտեղ ազդեցությունը դուրս եկավ դասարաններից ու հասավ ավելի լայն կրթական միջավայր։
«Երբ աշխատում ես ուսուցիչների, կրթության առաջնորդների հետ, զգում ես, որ կարող ես քո երկրում ինչ-որ բան փոխել դեպի դրականը: Եվ դա ուժ է տալիս շարունակելու»,– ասում է Լիլիթ Մինասյանը։
Կրթական դաշտի վերափոխում
«Այբ» կրթական հիմնադրամը և «Այբ» ակադեմիան իրենց փորձագիտական խմբով ակտիվ մասնակցություն ունեցան մի շարք կարևոր նախաձեռնություններում՝ բերելով տարիների փորձը և գիտելիքն ավելի լայն համայնքին։
Առաջին խոշոր փորձը եղել է Արարատյան բակալավրիատի ուսուցիչների հետ իրականացված ծրագիրը, որտեղ ավելի քան հարյուր ուսուցիչներ մեկ տարի շարունակ աշխատեցին վերապատրաստող թիմի հետ։
«Դա ուսուցիչների համակողմանի զարգացման եզակի ծրագիր էր. այն ներառում էր մանկավարժական-մեթոդական հոդվածների ընթերցանություն, քննարկում-անդրադարձ շաբաթական հեռավար հանդիպումների միջոցով, դեմառդեմ հանդիպումներ ամբողջ տարվա ընթացքում, դասալսումներ, վերջապես գործողության հետազոտություն, որը հնարավորություն էր տալիս ուսուցիչներին ուսումնասիրել և բարելավել սեփական մանկավարժական փորձառությունը»,– պատմում է Լիլիթը։
Յուրաքանչյուր մասնագետ մոտ 15-ական ուսուցիչներից բաղկացած երկու թիմի մենտոր էր։ Նշված ծրագրին հաջորդեցին տասնյակ այլ ծրագրեր՝ տարբեր գործընկերների հետ, Հայաստանի տարբեր մարզերի ուսուցիչների ներգրավվածությամբ։ Դրանցից էր նաև Տավուշի մարզի դպրոցներում հանրակրթության նոր չափորոշիչների՝ ԲՏՃՄ առարկաներում ներդրման ծրագիրը, որն իրականացվեց «Այբ» կրթական հիմնադրամի կողմից «ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագրի շրջանակում և Համաշխարհային բանկի օժանդակությամբ։ «Մեր աշխատանքի արդյունքը հստակ տեսանելի է։ Շատ ուսուցիչներ, այդ թվում նրանք, ովքեր սկզբում դժվարությամբ էին ընդունում փոփոխությունների անհրաժեշտությունը, հիմա իրենք ենք ներգրավված տարբեր ծրագրերում որպես վերապատրաստողներ, մենտորներ, ոմանք անգամ դպրոցի տնօրեններ են դարձել»,-ասում է նա։
Վերջին շրջանում Լիլիթը որպես վերապատրաստող ներգրավված է նաև «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրում, որը միտված է դպրոցների տնօրենների, փոխտնօրենների և կրթական առաջնորդության հավակնորդների առաջնորդական հմտությունների զարգացմանը։ «Սա նոր և ոգեշնչող հնարավորություն է, որով մենք ձգտում ենք զարգացնել ապագա առաջնորդների ներուժը»,– եզրափակում է նա
Փոփոխություն, որ սկսվում է հավատից
Ուսուցիչների վերապատրաստման փորձը Լիլիթի համար միշտ եղել է ոչ միայն գիտելիքի փոխանցում, այլև ներքին փոփոխություն առաջ բերելու ճանապարհ։ Նա վստահ է՝ իսկական վերափոխումը սկսվում է ոչ թե մեթոդներից ու գործիքներից, այլ հավատից՝ սեփական առաքելության կարևորության հանդեպ։
«Եթե փորձեմ առանձնացնել ամենակարևոր կետերը, ապա ուսուցչի ներքին փոփոխությունը, իր աշխատանքի վերարժևորումը և սեփական դերի վերագնահատումը առաջնային են»,– ասում է Լիլիթը։
Ըստ նրա՝ վերապատրաստման երեք հիմնական առանձնահատկությունները հետևյալն են։
«Շատերն են ակնկալում ուղղակի աշխատող մեթոդներ ստանալ, 10 հնարք կիրառել ու սպասել հրաշքի։ Բայց իրական փոփոխությունը այդպես չի լինում։ Այն գալիս է այն պահին, երբ ուսուցիչը հավատում է, որ յուրաքանչյուր աշակերտ կարող է հաջողել»,– ընդգծում է Լիլիթը։
Այս հավատը, նրա համոզմամբ, հզոր զենք է՝ վերափոխելու ոչ միայն դասավանդումը, այլև ամբողջ կրթական միջավայրը։
Անդադար ոգեշնչման աղբյուրը
24 տարի է, ինչ Լիլիթը դասավանդում է, որից 13-ը՝ «Այբ» դպրոցում։ Եվ մինչ օրս, ինչպես ինքն է խոստովանում, ոգևորությունը երբեք չի մարել։
«Միշտ ասում եմ՝ եթե այն օրը գա, որ չզգամ այդ ոգևորությունը, էլ չեմ դասավանդի: Ուզում եմ, որ իմ առավոտները սկսվեն սպասումով՝ նույն էներգիայով, նույն անհամբերությամբ, նույն մեծ ակնկալիքներով, ինչպես հիմա է»,– անկեղծանում է Լիլիթը։
Թեև երեկոյան հոգնածությունը երբեմն իրեն զգալ է տալիս, առավոտները Լիլիթը կրկին լեցուն է նույն եռանդով ու ոգևորությամբ՝ դիմավորելու իր աշակերտներին։
«Իմ սպասումները երկարաժամկետ են։ Եվ հաճախ ինքս ինձ հարց եմ տալիս՝ ինչո՞ւ եմ մինչ օրս այստեղ։ Երևի տարիքից է գալիս ինքնավերլուծության պահանջը։ Բայց հասկացել եմ՝ մի կարևոր էներգիա իմ ու «Այբ»-ի միջև համընկել է»,– ասում է նա։
Լիլիթի համար միշտ կարևոր է եղել զգալ, որ իր ամենօրյա աշխատանքը «Այբ»-ի մեծ գաղափարի մի մասն է: Լիլիթը նշում է, այդ կապն է, որ իմաստ է տալիս ամեն ինչին։
«Չգիտեմ, գուցե սա ցանկություն է իբրև մարդ քո գոյությանը իմաստ հաղորդելու։ Բայց այդ զգացումը՝ հանուն քո երկրի՝ մեծ առաքելության մի մասնիկ լինելը, այն խայծն է, որ ինձ պահում է «Այբ»-ում այսքան տարի»,– ասում է նա:
Նա մտածում էր՝ կարելի էր մի քանի տարի պարզապես փորձել դասավանդել դպրոցում և շարունակել այլ ուղղությամբ։ «Երբ եկա «Այբ», ուսուցիչ չէի։ Բայց մշտական շարժումը՝ նորը փնտրելու, դեպի մեծ նպատակ շարժվելու ձգտումը, դա է իրական խայծը։ Եվ երեխաների հետ աշխատանքն ինձ համար պարզապես առօրյայի մաս չէ, այլ կյանքիս ճանապարհի մի կարևոր հատված»,– ասում է Լիլիթը։