Վերադառնալ

Առաջնորդներ չեն ծնվում, ձևավորվում են

 

Արմեն Հարությունյանի և Թամարա Սիմոնյանի վերապատրաստման ուղին «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրի շրջանակում

«Այբ»-ի տեսլականը երբեք չի սահմանափակվել միայն աշակերտակենտրոն կրթությամբ։ Կրթական համակարգում ամենաուժեղ փոփոխությունը սկսվում է այն ժամանակ, երբ վերանայվում է ուսուցչի ու տնօրենի դերը։ Այդ պատճառով էլ ուսուցիչների ու տնօրենների վերապատրաստումն ու կարողությունների զարգացումն «Այբ»-ի կրթական առաքելության հիմնական շերտերից մեկն են։ Վերապատրաստումը դառնում է վերապրելի փորձառություն. փոխվում է վերապատրաստվողի ոչ միայն մասնագիտական որակը, այլ նաև մտածողությունը։


«Սկզբում ամեն ինչ մշուշոտ էր»

Երբ հայտարարվեց հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների վերապատրաստման մրցույթի մասին, Արմեն Հարությունյանը՝ Երևանի թիվ 187 միջնակարգ դպրոցի այժմյան տնօրենը, դեռ այդ պաշտոնը չէր զբաղեցնում։ «Այդ ժամանակ տնօրենի պաշտոնակատար էի։ Ու որոշեցի փորձել ուժերս՝ մասնակցել մրցույթին»,– պատմում է նա։

Նմանատիպ հետաքրքրություն էր արթնացել նաև Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Թամարա Սիմոնյանի մեջ։

Երկուսն էլ որոշում են կայացնում փորձել ուժերը։ Թամարան ու Արմենը հաղթահարում են մրցութային փուլերը՝ առանց իրական պատկերացման, թե ինչ ուղի է իրենց սպասում։ 

«Ճիշտն ասած՝ սկզբում աղոտ պատկերացում ունեինք, թե ինչ օգուտ կարող է տալ ծրագիրը»,– խոստովանում է Արմենը։ Բայց ամեն հանդիպումից հետո պատկերը փոխվում էր։ Պարզ դարձավ, որ մեծ ծավալի գիտելիք ստացանք՝ հմտություններ, կիրառելի փորձ, միջազգային փորձի վերլուծություն։ Ամենակարևորն այն էր, որ այդ փորձը տեղայնացվում էր մեր դպրոցների իրականության համար»,– ասում է նա։

Թամարան իր հերթին հիշում է. «Փորձեցի ուժերս, մասնակցեցի, ու հաջողվեց հաղթահարել երկու փուլն էլ։ Սկզբում անգամ չէի պատկերացնում, թե ինչպիսի ճանապարհ եմ անցնելու»:

Արմենը վերապատրաստումը համեմատում է մագիստրատուրայի հետ.

«Երկու տարում մագիստրոսական ծրագիր անցնելու պես մի բան էր, որ ստացանք յոթ ամսում։ Ու ոչ միայն տեսական, այլև գործնական մակարդակով»։

Վերապատրաստման դասընթացներն ուղեկցվում էին դպրոցում մասնագետների ընթացիկ աշխատանքով, ինչն ավելի հասանելի ու կիրառելի էր դարձնում ստացած գիտելիքը։

«Սա ուղղակի վերապատրաստում չէ, այլ գործնականում կիրառելի գիտելիք։ Խոսքն, օրինակ, մարդկային ռեսուրսների կառավարման մասին է՝ մի երևույթ, որ ամբողջ աշխարհում տարածված է, բայց դպրոցում դա լրիվ այլ իմաստ է ստանում»,– նշում է Արմենն ու շեշտում՝ դպրոցում մարդիկ պարզապես աշխատանքի չեն գալիս. «Նրանք ստեղծում են, արարում են։ Միգուցե մտքում սա մարդկային ռեսուրս էինք անվանում, բայց բարձրաձայն երբեք այդ տերմինը չէինք օգտագործի։ Իսկ մեր գործընկերներն իրենց գործին սրտանց նվիրված մանկավարժներ են»։

Թամարան ևս փաստում է, որ յոթամսյա ծրագիրը միաժամանակ հետաքրքիր էր ու բարդ. «Այդ ճանապարհը լի էր փորձություններով։ Բայց մենք անցանք այն պատվով՝ ընկերներիս ու գործընկերներիս հետ միասին, հասանք մինչև վերջնափուլ»։

Միջազգային փորձի ուսումնասիրությունն առանձին դեր և մեծ ազդեցություն ունեցավ։ «Տեսնում ենք, որ մենք մի փոքր հետ ենք, իներցիայով միջազգային մոտեցումները մեզ ավելի ուշ են հասնում։ Բայց հենց դա էլ դարձավ մոտիվացիա։ Երբ տեսնում ենք՝ ուրիշներն ինչպես են լուծումներ գտել, ինչ մեթոդներ են օգտագործել, դա մեզ օգնում է մարտահրավերներն այլ դիտանկյունից տեսնել ու հաղթահարել»,– պատմում է Արմենը:   

Երբ ուսուցիչը դառնում է սովորող, ըստ Թամարայի, սկսում է վերագնահատել ոչ միայն իր մասնագիտական կարողությունները, այլ նաև իր առաքելության ամբողջ էությունը։ 


Մրցակցությո՞ւն, թե համագործակցություն. վերաիմաստավորման յոթ ամիսը

Վերապատրաստման յոթ ամիսներն ուսուցիչների համար պարզապես դասընթացների շարք չէին, այլ վերանայելու, կասկածի տակ առնելու և, վերջիվերջո, փոխակերպվելու ճանապարհ։

Արմեն Հարությունյանի համար այս ամիսները վերածվեցին ղեկավար լինելու էության վերաիմաստավորման։ «Միշտ մտածել եմ, որ ցանկացած աճի համար մրցակցություն է պետք։ Սկզբում դասընթացավարների հետ էլ ինչ-որ տարակարծություններ էինք ունենում այդ հարցում»,– հիշում է նա։

Սակայն փորձը ցույց տվեց՝ համագործակցությունը կարող է շատ ավելի մեծ ուժ տալ թիմին։ «Եկանք մի կետի, որ հասկացա՝ երբ բոլորն ունեն ընդհանուր նպատակ, աճն էլ դառնում է ավելի խորքային, մարդկային ու կայուն։ Հիմա ինձ համար համագործակցությունն է ամեն ինչի շարժիչ ուժը»,– ընդգծում է նա։

Նույնքան խորքային փոփոխություն տեղի ունեցավ նաև Թամարայի համար: Այս յոթ ամիսը դարձավ անձնական ու մասնագիտական վերաճի ժամանակահատված։ «Ուսուցիչը չի կարող դադարել զարգանալ։ Այսօրվա գերհզոր թվային դարում, երբ ամեն ինչ հասանելի է մեկ կոճակի հպումով, ուսուցիչն ուղղակի պարտավոր է աճել, եթե ուզում է իրական ազդեցություն ունենալ»,– ասում է Թամարան:

Թե՛ Արմենի, թե՛ Թամարայի համար վերապատրաստումն անակնկալներ էր պատրաստել։ Թամարան վերապատրաստման մեկնարկին մտածում էր, թե ամեն ինչ կենտրոնանալու է միայն դպրոցի զարգացման ծրագիր ստեղծելու շուրջ: «Բայց պարզվեց՝ սա միայն սկիզբն էր։ Այս ծրագրի շրջանակում մենք ստացանք ամբողջական բազմավեկտոր վերապատրաստում՝ կառավարման մոդելներից մինչև մարդկային ռեսուրսների կառավարում, ռազմավարական մտածողությունից մինչև գիտելիքը ճիշտ ներկայացնելու արվեստ»,– պատմում է նա։

Արմենն այս ընթացքում սկսել էր վերանայել կառավարման մոդելների մասին իր պատկերացումները։ «Տարիներ շարունակ կարծիք կար, որ ուղղահայաց կառավարման դեպքում արդյունքի ավելի արագ ես հասնում։ Բայց կրթական համակարգում ստեղծագործ լինելն ամենակարևորն է։ Իսկ դա հրամանով չի լինում։ Այստեղ առաջնորդությունն է, որ ոգեշնչում է, մարդկանց ներսից շարժելու ուժ տալիս»,– ասում է նա։

Երկուսն էլ խոստովանում են՝ վերապատրաստումը վերածվեց ոչ միայն մասնագիտական առաջընթացի, այլև ինքնաճանաչման ճանապարհի։ Թամարայի համար «սա պարզապես վերապատրաստում չէր։ Սա մի միջավայր էր, որտեղ սկսում ես ավելի լավ հասկանալ՝ ով ես դու՝ որպես ուսուցիչ, գործընկեր, առաջնորդ»։


Երբ վերապատրաստումը դառնում է մտածելակերպի փոփոխություն

Վերապատրաստման ամենամեծ արժեքը երբեմն այն չէ, ինչ ստանում ես ծրագրից, այլ այն, ինչ մնում է քո մեջ։ Արմենի կարծիքով՝ կրթական համակարգում գործող մարդիկ՝ աշակերտներից մինչև տնօրեններ, մշտապես վերապատրաստման կարիք ունեն. այն պետք է դիտարկել ո՛չ որպես պարտադիր արարողակարգ կամ փաստաթուղթ ձեռք բերելու միջոց, այլ որպես մտածողության մշտական զարգացում։

«Մեզ մոտ կարծես թե կա արմատացած մոտեցում՝ եթե ունենք դիպլոմ, պետությունը տվել է մեզ որակի վկայագիր, ուրեմն այն պետք է ամբողջ կյանքում գործի։ Բայց այսօրվա արագընթաց աշխարհում, հատկապես կրթության մեջ, այդ մտածելակերպն այլևս չի աշխատում»,– ասում է Արմենը: 

Նա նաև առանձնացնում է վերապատրաստման իսկական արժեքը՝ իր կարծիքով. «Բովանդակային վերապատրաստումը շատ ավելի կարևոր է, քան պարզապես հին գիտելիքների թարմացումը։ Խոսքը նոր բան իմանալու կամ արդեն իմացածը նոր ձևով կիրառելու մասին է։ Իսկ երբ մարդիկ սկսում են հաճույք ստանալ այդ գիտելիքներից ու կիրառելի հմտություններից, վերապատրաստումը դառնում է ներքին համոզմունք, ոչ թե արտաքին պահանջ»։

Թամարա Սիմոնյանը միանգամայն կիսում է այս մոտեցումը։ Նրա համար վերապատրաստման յոթ ամիսներն արժեքավոր էին հենց մտածելակերպի փոփոխությամբ։ «Այս վերապատրաստումը ոչ միայն որոշակի գիտելիքներ ու հմտություններ տվեց, այլև փոխեց իմ մոտեցումները՝ ինչպես եմ նայում ուսուցչի դերին, նպատակին ու իմ աշխատանքին»,– ասում է նա։

Նրա հիշողություններում վերապատրաստման ամենակարևոր պահերն այն հանդիպումներն էին, երբ տեսական մասից անմիջապես հետո սկսվում էր գործնականը։ «Դրանք իրավիճակային գործնական աշխատանքներ էին։ Օրինակ՝ երբ հենց դու պիտի կանգնեիր բոլորի առջև ու ներկայացնեիր դպրոցի զարգացման ծրագիրը, կամ ուղղակի՝ ինքդ քեզ, քո նպատակը։ Այդպիսի փորձառությունն ահռելի ազդեցություն ունեցավ ինձ վրա»,– պատմում է նա։

Սակայն այդ ազդեցությունը շարունակվեց նաև վերապատրաստումից հետո: Թամարան նշում է, որ ամեն մի հանդիպումից հետո վերապատրաստման մասնակիցները փորձում էին անմիջապես կիրառել իրենց տեսածն ու զգացածը դասարանում։ «Ամեն ինչ, որ սովորում էի, անմիջապես տեղափոխում էի իմ դասարան։ Ոչ միայն բուն նյութը, այլև հենց վերապատրաստողի մոտեցումը, մոտիվացիան: Միգուցե ամենաշատը կիրառել եմ սովորողներին մոտիվացնելու մեթոդները։ Ու կուզենայի, որ այդ մոտիվացիան տարածվեր նաև ամբողջ ոլորտում, որ վերապատրաստումը դիտվեր ո՛չ որպես պարտադիր փուլ, այլ որպես մշակույթի մի մաս։ Մի բան, որ ամեն մասնագետ հասկանում է՝ եթե ուզում ես առաջ գնալ, պիտի շարունակես սովորել»,– ասում է Թամարան։


Երբ վերապատրաստումը դառնում է համատեղ տեսլական

Վերապատրաստման ընթացքում ամենահետաքրքիր բացահայտումներից մեկն այն էր, թե ինչպես էր ձևավորվում իրական մասնագիտական համայնք՝ գաղափարների, փորձի ու մոտեցումների շուրջ։ Արմենի համար հաճելի անակնկալ էր հանդիպել մասնագետների, որոնց նախկինում նույնիսկ չէր ճանաչել։ «Հետագայում փնտրեցի համացանցում ու հասկացա՝ ինչ մակարդակի, ինչ որակի մարդիկ են նրանք։ Լսարան պահելու, բարդ թեմաները պարզ ներկայացնելու հմտություն ունեին. մենք շատ խորքային փորձառություն ենք ստացել»,– պատմում է նա։

Թամարա Սիմոնյանի համար վերապատրաստումը մի ամբողջ մտածողություն փոխեց։ «Սկզբում կարծում էինք՝ պետք է նպատակ դնել ու ամեն գնով հասնել դրան։ Բայց ամիս առ ամիս մեր մեջ սերմանվեց նոր գաղափար՝ նպատակը պիտի լինի թիմային։ Դպրոցի առաքելությունն ու տեսլականը պետք է ձևավորվի ամբողջ թիմով, ու դրան հասնելը ևս պիտի լինի համատեղ ճանապարհ»,– պատմում է նա։

Այս փոփոխությունը Թամարայի մեջ ոչ միայն նոր մասնագիտական դիտանկյուն առաջացրեց, այլ նաև ձևավորեց նրա ապագայի հստակ պատկերացումը։ «Մասնակցել եմ բազմաթիվ վերապատրաստումների, ինքս էլ վերապատրաստող եմ եղել։ Բայց սա միակն էր, որտեղ տեսականը, գործնականը և իրավիճակայինը լրացնում էին միմյանց։ Այս վերապատրաստումը հաստատ օգնելու է, որ կարողանամ մի օր իրագործել իմ երազանքների դպրոցը, որը կծառայի որպես օրինակ»,– ասում է նա։

Ե՛վ Արմենը, և՛ Թամարան հաստատում են՝ վերապատրաստումը վերածվում է մտածողության ձևափոխման, տեսլականի ձևավորման և համայնքի ստեղծման գործընթացի. այն դառնում է ոչ թե հերթական փուլ, այլ կյանքի ընթացք փոխող փորձառություն։


«Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման դասընթացն իրականացնում են «Այբ» կրթական հիմնադրամը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը ԿԳՄՍ (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն) նախարարության հետ համատեղ և ԵՄ ֆինանսական աջակցությամբ:

04.06.2025
Գլխավոր Պատմություններ

Լիլիթ Մինասյան. ճակատագրական հանդիպումից դեպի «Այբ»

Լիլիթ Մինասյանը՝ «Այբ» դպրոցի հասարակագիտական առարկայախմբի ղեկավարը, արդեն 13 տարի է, ինչ աշխատում է այստեղ և դասավանդում համաշխարհային պատմություն։
20.05.2025

«Այբ»-ից Օքսֆորդ. սխալներից մինչև հաջողություն

Այսօր արդեն մասնագիտությամբ կենսաինֆորմատիկ Տաթևիկը վերջերս է ավարտել Օքսֆորդի համալսարանի մագիստրատուրան ու վերադարձել Հայաստան: Նրա հետ զրուցել ենք, թե ինչպես է «Այբ»-ի կրթավճարային համակարգն օգնել իրականացնելու նրա նպատակները, իսկ դպրոցը, նույնիսկ տարիներ անց, մնացել նրա կյանքի անբաժանելի մասը:
14.04.2025

Երաժշտությունից գիտություն. երբ ուսումը սահմաններ չի ճանաչում

Նախագծային ուսումնառությունը, որն ուսումնական ծրագրի կարևոր մաս է, 2015 թվականից օգնում է աշակերտներին ձեռք բերելու նոր հմտություններ, բացահայտելու իրենց հետաքրքրությունները և նույնիսկ կողմնորոշվելու ապագա մասնագիտության հարցում։
17.03.2025
Վերջին Պատմություններ

Մհեր Ենգիբարյան. երբ մի որոշումը փոխում Է կյանքդ

17-ամյա Մհեր Ենգիբարյանն արդեն երրորդ տարին է, ինչ սովորում է «Այբ» ավագ դպրոցում՝ մի վայրում, որը տարիներ առաջ ինչ-որ անհասանելի երազանք էր թվում նրան։ Մհերը հիշում է, թե ինչպես էր հանձնել քննությունները և ընդունվել «Այբ», որը, նրա խոսքով, ապագայում մեծ դեր էր ունենալու նրա կյանքում։ Սակայն այդ ճանապարհը հեշտ չէր։
10.02.2025

«Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ բոլոր կազմերի անդամները 

Ծանոթացեք «Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ բոլոր կազմերի անդամներին ըստ գործունեության տարիների
27.11.2023

10 միլիոնից ավելի միավոր «Քան» ակադեմիայում

Մասնակցելով «Քան» ակադեմիայի անվճար աշխատարանների շարքին՝ երկու մարզերի ուսուցիչներն ու դպրոցականները սովորել են արդյունավետ օգտվել համաշխարհային կարգի որակյալ ռեսուրսներով հագեցած, աշխարհում խոշորագույն առցանց կրթական հարթակից։
24.11.2022
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված