««Այբ»-ը միայն կրթական հաստատություն չէ. այն գաղափար է, համայնք, ճանապարհ, որը բացում է նոր հորիզոններ». այսպես է նկարագրում իր դպրոցական տարիները Տաթևիկ Ջալաթյանը՝ դպրոցի 2018 թվականի շրջանավարտը։ Նրա համար «Այբ»-ը պարզապես դպրոց չէր, այլ միջավայր, որտեղ ձևավորվեցին նրա աշխարհայացքն ու հետաքրքրությունը գիտության հանդեպ և սկիզբ առավ ճանապարհը դեպի Օքսֆորդի համալսարան։
Այսօր արդեն մասնագիտությամբ կենսաինֆորմատիկ Տաթևիկը վերջերս է ավարտել Օքսֆորդի համալսարանի մագիստրատուրան ու վերադարձել Հայաստան: Նրա հետ զրուցել ենք, թե ինչպես է «Այբ»-ի կրթավճարային համակարգն օգնել իրականացնելու նրա նպատակները, իսկ դպրոցը, նույնիսկ տարիներ անց, մնացել նրա կյանքի անբաժանելի մասը:
Ճանապարհը դեպի «Այբ»
Տաթևիկի՝ «Այբ» հաճախելու ուղին կարծես կանխորոշված էր. ընտանիքում երեք քույրերն էլ սովորել են այստեղ: «Երբ մեծ քույրս ընդունվեց, դպրոցն արդեն մեր ընտանիքի մի մասն էր դարձել։ Մենք հաճախ էինք մասնակցում նրա միջոցառումներին, լսում դպրոցի մասին: Երբ իմ, հետո էլ փոքր քրոջս դպրոց ընտրելու ժամանակը եկավ, այլևս քննարկման կարիք չկար. արդեն գիտեինք՝ որտեղ ենք սովորելու»,- հիշում է նա։
Նոր սկիզբ
Տաթևիկի հիշողություններում ուսման առաջին պահերը վառ ու հուզիչ էին։ Ամենաառաջինն աչքի առաջ է գալիս ընդունելության հարցազրույցը՝ այն խառը զգացողությունը, երբ ոգևորվածությունն ու լարվածությունը միախառնվում են։
«Դա մեծ փորձություն էր, պատասխանատվության նոր փուլ, բայց միևնույն ժամանակ՝ շատ կարևոր և հիշարժան պահ։ Հոգաբարձուների հետ հարցազրույցն իսկական մարտահրավեր էր, որը հաղթահարելուց հետո զգացի, որ մի մեծ քայլ եմ արել դեպի ապագաս»,- պատմում է նա։
Բայց ամենահուզիչը, թերևս, առաջին սեպտեմբերի 1-ն էր, հետո՝ երդմնակալության արարողությունը. «Այդ օրերը շատ խորհրդանշական էին։ Մուտք ես գործում մի աշխարհ, որը նոր հնարավորություններ է բացում քո առջև, որտեղ դու այլևս պարզապես աշակերտ չես, այլ համայնքի լիիրավ անդամ։ Աննկարագրելի զգացողություն է, երբ գիտակցում ես, որ վերջապես այս ամենի մի մասնիկն ես դարձել»։
«Կրթությունը պետք է բոլորի համար հասանելի լինի»
Տաթևիկը խոստովանում է՝ պատանեկության ամենապայծառ հիշողությունները կապված են «Այբ»-ի հետ։ Այդ տարիները ոչ միայն ուսումնական, այլև արժեքային համակարգի ձևավորման մեծ նշանակություն են ունեցել նրա համար։
«Երեք քույրերով էլ կրթավճարով ենք սովորել։ Դպրոցն ինձ համար պարզապես կրթություն ստանալու վայր չէր. այն ձևավորեց ինձ որպես անհատ, որպես ապագա մասնագետ, որպես համայնքի անդամ։ Եվ այդ ճանապարհը հնարավոր դարձավ կրթավճարի շնորհիվ»։
Կրթավճարի կարևորությունը
Տաթևիկի համոզմամբ՝ ֆինանսական աջակցության ծրագիրն ավելին է, քան պարզապես նյութական աջակցություն․ դա միջոց է, որ յուրաքանչյուր աշակերտ ունենա որակյալ կրթություն ստանալու հնարավորություն՝ անկախ ֆինանսական հնարավորություններից ու բնակության վայրից։
Շրջանավարտը հիշում է իր անցած ուղին՝ նշելով, որ կրթավճարային համակարգի առկայությունը հավասարության իրական դրսևորում է, երբ յուրաքանչյուր աշակերտ կարող է զարգանալ, սովորել և իր ապագան ստեղծել՝ առանց սահմանափակումների։
«Երբ նոր էի ընդունվել, արդեն գիտակցում էի այս աջակցության կարևորությունը, և այսօր էլ նույն կերպ եմ մտածում։ Եթե այդ հնարավորությունը չունենայի, վստահ չեմ, որ իմ կյանքը նույն ուղղությամբ կընթանար։ Եթե չսովորեի այստեղ, գուցե չլինեի այն կետում, որտեղ հիմա եմ, կամ ավելի դժվարությամբ կհասնեի այն ամենին, ինչին հասել եմ: Կարևորն այն է, որ բոլորն ունենան նույն՝ 0-ական մեկնարկային կետից սկսելու հնարավորություն։ Եվ հենց այդ հավասարությունն է, որ կրթության իրական արժեքը դարձնում է բոլորին հասանելի»,- ասում է նա։
Ամեն ինչ սկսվեց «Այբ»-ում
Կենսաինֆորմատիկ Տաթևիկը նշում է՝ մասնագիտական ուղին սկսվել է «Այբ»-ում՝ այն պահից, երբ սիրեց կենսաբանությունը, քիմիան ու մաթեմատիկան։
«Դպրոցում ոչ միայն սովորում էինք այս առարկաները, այլև խորապես ուսումնասիրում ու ամրապնդում իրական փորձերով, լաբորատոր աշխատանքներով։ Հիշում եմ, երբ կենսաբանության լաբորատորիայում ելակից ԴՆԹ էինք անջատում։ Այդ պահն ինձ համար բեկումնային էր. այն մի աննկարագրելի հետաքրքրություն արթնացրեց, որն ինձ հետագա տարիներին առաջնորդեց դեպի կենսաինֆորմատիկա»,- հիշում է Տաթևիկը:
Այդ հետաքրքրվածությունն ավելի էր խորանում, երբ Տաթևիկը սկսեց հասկանալ, թե ինչպես կարող են մաթեմատիկական մեթոդները կիրառվել կենսաբանական տվյալների վերլուծության համար։
«Այն, ինչ այսօր իմ մասնագիտության հիմքում է՝ կենսաբանական տվյալների ուսումնասիրությունը, ԴՆԹ-ի հետազոտությունը, ինֆորմատիկայի կիրառումը կենսագիտության մեջ, այդ ամենը սկսվեց հենց «Այբ»-ում։ Եթե այդ հետաքրքրությունները այստեղ չառաջանային, գուցե իմ ուղին լրիվ այլ լիներ»։
Հետո նա շարունակեց ուսումը Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ տվյալագիտություն և կենսաինֆորմատիկա մասնագիտությամբ, այնուհետև ընդունվեց Օքսֆորդի համալսարան՝ մագիստրատուրա՝ գենոմային բժշկության ոլորտում մասնագիտանալու համար։
««Այբ»-ում ձևավորվեցին իմ առաջնային հետաքրքրությունները, այստեղ ես հասկացա, թե ինչ ուղղությամբ եմ ուզում խորանալ։ Եվ հիմա, հետադարձ հայացք նետելով, գիտեմ, որ իմ մասնագիտական ուղին սկիզբ է առել հենց այստեղ՝ մի փոքրիկ լաբորատորիայում, որտեղ առաջին անգամ ԴՆԹ անջատեցի»,- ասում է նա։
Հետազոտություններից մինչև ապագա տեսլական
Օքսֆորդում ուսումն ավարտելուց հետո Տաթևիկը վերադարձել է Հայաստան և նոր հնարավորությունների ու որոշումների շեմին է:
«Մի քանի շաբաթ է, ինչ վերադարձել եմ, ու ուզում եմ ուղիս շարունակել գիտական և հետազոտական ոլորտներում»։
«Անգամ եթե երբևէ նորից մեկնեմ ուսումս շարունակելու, երկարաժամկետ առումով ինձ միայն Հայաստանում եմ պատկերացնում՝ այստեղ ապրելով, աշխատելով ու ներդրում ունենալով»։
Տաթևիկը վստահ է՝ իր գիտելիքները լավագույնս կարող է ծառայեցնել հենց Հայաստանում՝ զարգացնելով գիտությունն ու առաջ մղելով հետազոտական նոր ուղղությունները։
«Գիտալաբ». գիտությունը՝ կենդանի ու շոշափելի
Տաթևիկի համար դպրոցական տարիներին կարևոր դեր խաղաց «Գիտալաբ» ակումբը՝ դպրոցի ՆՈՒ ակումբներից մեկը, որը գիտությունը ներկայացնում է ոչ թե որպես պարզապես դասագրքային թեմա, այլ կենդանի, շոշափելի փորձառություն։
««Գիտալաբում» մենք ֆիզիկայի ու քիմիայի տարբեր փորձեր էինք անում, ուսումնասիրում գիտության կիրառական կողմը, միջոցառումներ կազմակերպում։ Բայց ամենահիշարժան պահերից էր այն օրը, երբ հատուկ միջոցառում ունեցանք «Լոֆթ» ակումբում»,- պատմում է նա։
Ընկերներ՝ ողջ կյանքի համար
«Այբ»-ն ավելին է, քան ուսումնական հաստատություն. հենց այստեղ է Տաթևիկը գտել ամենամտերիմ ընկերներից մի քանիսին. «Այստեղ ձեռք բերած ընկերներս առ այսօր ամենամոտ մարդիկ են ինձ համար։ Միասին ենք մեծացել, միասին հաղթահարել փորձությունները, և մեր կապը տարիների ընթացքում միայն ամրապնդվել է»։
Հետաքրքիրն այն է, որ նույնը վերաբերում է նաև նրա քույրիկներին. «Մեր ընտանիքում կարծես մի չգրված օրենք լինի. մեր կյանքի ամենամոտ մարդիկ հենց «Այբ»-ից են։ Քույրերս էլ են իրենց ամենամտերիմ ընկերներին այստեղ գտել։ Այստեղ մի յուրահատուկ համայնք է ձևավորվում, որտեղ ոչ միայն սովորում ես, այլև գտնում այն մարդկանց, ովքեր դառնում են քո կյանքի անբաժանելի մասը»։
««Այբ»-ը միշտ եղել է իմ կյանքի լուսավոր կետը»
Այբական համայնքի մաս լինելը նրա համար միայն դպրոցում անցկացրած տարիները չեն։ Ավարտելուց 7 տարի անց էլ Տաթևիկը դպրոցական տարիները յուրահատուկ ջերմությամբ է հիշում. «Դպրոցը միշտ եղել է իմ կյանքի լուսավոր կետը: Շրջանավարտների հանդիպում, միջոցառում՝ ինչ էլ լինի, եթե այն կապված է «Այբ»-ի հետ, ձգտում եմ մասնակցել։ Դա ոչ միայն հիշողությունների մի մաս է, այլև համայնքի հոգին պահպանելու հնարավորություն: Այժմ էլ, երբ երկրում եմ լինում, մասնակցում եմ դպրոցի տարբեր նախաձեռնություններին։ Հաճախ այնտեղ հանդիպում եմ ոչ միայն նախկին, այլև ներկայիս աշակերտներին: Հատկապես սիրում եմ «Ինքնություն և արժեքներ» հաղորդաշարը, որը վարում է տեր Մեսրոպը՝ զրուցելով տարբեր ոլորտների մասնագետների հետ»:
Երբեք կանգ չառնես
Տաթևիկը խոստովանում է՝ դպրոցում փոխվել է սխալների նկատմամբ ունեցած իր վերաբերմունքը. ««Այբ»-ում ինձ սովորեցրել են, որ սխալվելը քո ճանապարհի մի մասն է։ Ամեն սխալ նոր փորձ է, նոր դաս, որը ոչ թե հուսահատվելու առիթ է, այլ ընդամենը մի քայլ առաջ գնալու հնարավորություն։ Գլխավորն այն է, որ երբեք չկանգնես, այլ շարունակես շարժվել առաջ»։