Այսօր «Այբ» գաղափարը վերածվել է կրթական մեծ շարժման, որին միացել են մեծաթիվ մարդիկ։ Այն յուրատեսակ շարունակությունն է սրբոց Թարգմանչաց շարժման: Միավորելով կրթությամբ կայացած և կրթության մեջ ներդրում կատարելու պատրաստակամ մարդկանց` մենք համախմբում ենք նոր որակներ, գիտակցված արժեքներ և ապրված իրողություններ: «Այբ» շարժման գաղափարը մարդկային կյանքը և մեր երկրի ապագան կրթությամբ վերափոխելն է:
Կարևոր փաստեր
«Այբ»-ի հիմնադիրները
Աշոտ Ասլանյան («Աերոսիբ» ընկերության հիմնադիր)
Արամ Փախչանյան (ABBYY ընկերության փոխնախագահ)
Արթուր Բերդ (General Quantitative-ի հիﬓադիր-տնօրեն)
Դավիթ Յան (ABBYY, Newo Inc., Morfeus.ai ընկերությունների հիմնադիր)
Դավիթ Փախչանյան («Աերոսիբ» ընկերության գործադիր տնօրեն)
Կարեն Մուսայելյան (Duality Group ընկերության հիﬓադիր-նախագահ)
Կարո Սարգսյան (գործարար, «Սպեցտորգ» ընկերության հիմնադիր)
Տ. Մեսրոպ քհն. Արամյան (աստվածաբան, «Վեմ» կրթամշակութային հիմնադրամի տնօրեն)
«Այբ»-ը ստեղծել է միջազգայնորեն ճանաչելի առաջին հայալեզու կրթական ծրագիրը
Արարատյան բակալավրիատը համապատասխանում է բրիտանական GCE A մակարդակին և ամերիկյան AP որակավորմանը և ճանաչելի ու ընդունելի է աշխարհի հեղինակավոր 158 համալսարանների, այդ թվում՝ Քեմբրիջի, Լոնդոնի համալսարանական քոլեջի, Սորբոնի և Մյունխենի տեխնոլոգիական համալսարանների կողմից։ Ծրագրի միջազգային գործընկերներն են Քեմբրիջի համալսարանի Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնը և Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտը։
«Այբ»-ը ներդրել է ժամանակակից առարկայական լաբորատորիաների սեփական մոդելը
Հայաստանի տարբեր դպրոցներում «Այբ»-ը ստեղծել է 11 «ԱյբԼաբ»՝ ներդնելով ժամանակակից առարկայական լաբորատորիաների նախատիպային և օրինակելի մոդել Երևանում, Քաջարանում, Բերդում և Վաղարշապատում։
Ներկայացրել ենք միջազգային հեղինակավոր մրցույթներ և կրթական հարթակներ, լաբորատորիաներ
Հավատարիմ լինելով «բոլորին և ամենուրեք համաշխարհային մակարդակի որակյալ կրթությունն անվճար հասանելի դարձնելու» պարզ առաքելությանը՝ «Այբ»-ը 2017-ից հայերենով տեղայնացրել է «Քան» ակադեմիայի կրթական շտեմարանը ուսուցիչների, աշակերտների, ծնողների և ինքնակրթությամբ բոլոր զբաղվողների համար։
ՀՀ և Արցախի աշակերտների շրջանում դպրոցական առարկաների հանդեպ սեր և հետաքրքրություն սերմանելու, մասնագիտական կողմնորոշմանն աջակցելու և երեխաներին տեղական ու միջազգային հարթակներում ներկայանալու հնարավորություն ընձեռելու համար կազմակերպել ենք Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան, «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթը, «Ռուսական արջուկ»-ը։
ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցությամբ ստեղծել ենք նորարար ու բարձր տեխնոլոգիական լուծումներով ու գործիքներով երկու ֆաբլաբ (digital fabrication laboratory` թվանշային արտադրության լաբորատորիա)։
«Այբ»-ն ունի առանցքային 5 արժեք
Կատարելություն – լավագույն որակ և կատարյալ արդյունք ապահովելու մշտական ձգտում, արդյունավետություն և ամբողջականություն, ինքնակատարելագործում և շարունակական զարգացում
Վստահություն – հանրության վստահություն հիմնադրամի գործունեության նկատմամբ, թիմի վստահություն սեփական առաքելության ու նպատակների հանդեպ, թիմակիցների միջև փոխադարձ վստահության մշակույթ
Ստեղծարարություն – նորը ստեղծելու և իրականությունը վերափոխելու անընդհատ ձգտում, նորարարության մշակույթի ձևավորում
Համարձակություն – նախաձեռնողականություն և ճկունություն, ժամանակին որոշումներ կայացնելու կարողություն, պատրաստակամություն՝ սահմանելու և հասնելու նոր նշաձողերի
Պատասխանատվություն – հարգանք և հոգատարություն երկրի, մարդկանց ու սեփական աշխատանքի հանդեպ, կարգապահություն և հետևողականություն, հաշվետվողականություն և թափանցիկություն
Արժեքահեն կրթություն․ սա է «Այբ»-ի գործունեության հիմքը։ Մեզ համար հիմնարար արժեք է համայնքի գաղափարը, և մենք ստեղծում ենք այնպիսի միջավայր, որտեղ կերտվում է կուռ արժեհամակարգով, առաջադեմ հայացքներով, ստեղծարար մտքով նոր սերունդ, որ պատրաստ է ծառայելու իր երկրին։ Այս նպատակին է ուղղված «Ինքնություն և արժեքներ» քննարկումների շարքը, որին կարող եք հետևել Արմենիա հեռուստաընկերությունում և Վէմ ռադիոյում։
«Այբ» հիմնադրամ - «Այբ»-ի երեք կառույցների հիմնադիրն է։ Այս ամբողջական համակարգն իրականություն է դարձնում կրթության համակարգային զարգացմանն ուղղված բազմաթիվ մեծ ու հավակնոտ ծրագրեր։
«Այբ» դպրոց – 2011 թ. բացված համայնքային դպրոց՝ սոցիալական խոշոր բաղադրիչով: Այն սովորելու նոր միջավայր է, ուր ազգային հիմքի վրա մշակվում են եզակի կրթական տեխնոլոգիաներ:
Դիլիջանի կենտրոնական դպրոց – մարզային դպրոց, որ ստեղծվել է Կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ և այսօր հանդես է գալիս որպես կրթական տարբեր նախաձեռնությունների կենտրոն ոչ միայն Դիլիջան քաղաքում, այլև ամբողջ Տավուշի մարզում։
Ազգային երգ ու պարի ակադեմիա – հիմնադրամ, որը բացվել է ազգային երգն ու պարը կենցաղ վերադարձնելու և ազգային ինքնագիտակցության զարգացումը խթանելու նպատակով և այժմ հասանելի է դարձնում ազգային մշակույթը բոլորին։