«Քան» ակադեմիան կարևոր օժանդակող գործիք է ոչ միայն ուսուցիչների, այլև ծնողների համար։ Իսկ թե ինչ կարող է հարթակը տալ ծնողին և ինչպես այն օգտագործել, պատմել է Գյումրու «Ֆոտոն» վարժարանի ուսուցչուհի, «Քան» ակադեմիայի դեսպան ուսուցիչ Նոնա Դադայանը, որը որպես ծնող ունի հաջողության իր պատմությունը։
Այս տարի Լոռու, Շիրակի և Կոտայքի մարզերում «Քան» ակադեմիայի աշխատարանների ծրագրի շրջանակում 5-12-րդ դասարանցիների համար կազմակերպված մրցույթում լավագույն արդյունքներից մեկը ցույց է տվել Նոնայի որդին՝ Աշոտ Փանոսյանը։ Վերջինս «Քան» ակադեմիայի հարթակում հավաքել է 6 275 042 միավոր՝ գրանցելով երկրորդ լավագույն արդյունքը Շիրակի մարզում։
Ինչպե՞ս կարող է ծնողը նպաստել երեխայի ուսումնառությանը, և ինչպե՞ս է «Քան» ակադեմիան՝ որպես գործիք, խթանում համատեղ և անհատական պարապմունքները։
«Քան» ակադեմիան նպաստում է և՛ անհատական, և’ համատեղ ուսումնառությանը, սովորողների մեջ ձևավորում ուսման նկատմամբ հետաքրքրություն և սովորածը կիրառելու գիտակցում։ Հարթակը նյութի մատուցման ժամանակակից մեթոդների և երեխաների այդքան սիրելի նորագույն կրթական տեխնոլոգիաների արտահայտումն է։ Յուրաքանչյուր երեխա հանգստի և ժամանցի, իր տարիքին համապատասխան խաղերին, միջոցառումներին և մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու իրավունք ունի, ուստի որպես ծնող՝ կարծում եմ` պետք չէ կրթությունը զատել այս ամենից։ Հարթակի խաղային տարրերի, հեշտ և ամենուրեք հասանելի գործիքների օգնությամբ կարելի է երեխաներին դարձնել իրենց իրավունքների ամենօրյա կրողը։ Այս կերպ ուսման գործընթացն ուղղվում է ցանկալի արդյունքների ձեռքբերմանը։
«Քան» ակադեմիայի հարթակն ունի ծնողների համար առանձնացված բաժին և ծնողներին հատուկ դեր է հատկացնում երեխաների սովորելու գործընթացում։ Ինչպե՞ս բնորոշել այդ դերը։ Ինչպիսի՞ն պետք է լինի ծնողի ներգրավվածությունը։
«Քան» ակադեմիայում ծնողը դիտորդի դերում է, քանի որ հարթակն ապահովում է երեխաների ինքնուրույնությունը, ինքնարտահայտումը և ստեղծագործ մտքի ձևավորումը։ Կրթությունն անընդհատ վերափոխվում է, կատարելագործվում՝ քայլ առ քայլ մոտենալով տեխնիկական և տեխնոլոգիական հեղափոխության ներկայիս ձեռքբերումներին։ Դրանից անմասն չի կարող մնալ նաև ծնողը։ Մի կողմից «Քան» ակադեմիան ներդաշնակեցնում է երեխա-ծնող կապը, մյուս կողմից այն ինքնակրթության հարթակ է նաև ծնողի համար։
Աշոտն այս տարի Շիրակի մարզում «Քան» ակադեմիայի աշակերտական մրցույթի լավագույն արդյունքը ցույց տված երեխաներից մեկն է։ Ի՞նչ էր նկատելի ծնողական՝ կողքից հայացքով։
Երբ COVID-19 համավարակի պատճառով դպրոցներն անցան հեռավար ուսուցման, պատահականորեն բացահայտեցինք «Քան» ակադեմիայի հարթակը՝ երեխաների համար արդար և հավասար հնարավորություններով, աշակերտակենտրոն մոտեցմամբ։ Դրա շնորհիվ պահպանվում էր կրթության նկատմամբ երեխայի հետաքրքրությունը: Թեմաները, լրացնելով մեկը մյուսին, նման էին շինարարական աղյուսիկների, որոնք տղայիս համար հիմք դարձան ինքնակրթվելու և մրցույթում լավագույն արդյունք ունենալու համար։
Տարբերվո՞ւմ են արդյոք առցանց ուսումնառության ձեր մոտեցումները տանը և դպրոցում։
Այսօր, բացի գիտելիքների որոշ պաշար ունենալուց, մարդը պետք է կարողանա կիրառել դրանք և պարբերաբար վերանայել՝ համապատասխանեցնելով ժամանակակից կրթական պահանջներին։ «Քան» ակադեմիայի նյութերը հրաշալի հնարավորություն են խաղի միջոցով զարգացնելու ճկուն մտածելու և վերլուծելու ունակություններ, ակադեմիական կրթություն ստանալու հմտություններ՝ ավանդական և առցանց ուսուցման համադրությամբ։ Առցանց ռեսուրսներն աջակցող կրթական միջավայր են ապահովում և՛ տանը, և՛ դպրոցում։
Ի՞նչ նպատակներ եք դրել իբրև «Քան» ակադեմիայի դեսպան ուսուցիչ։ Ինչի՞ կուզենայիք հասնել։
Գործընկերներիս հետ համատեղ աշխատում ենք բարձրացնել հարթակի մասին հանրության իրազեկվածությունը, որպեսզի միասին կրթությունը երեխաների համար ավելի հասանելի և հետաքրքիր դարձնենք, ավելի երեխայակենտրոն։ «Քան» ակադեմիայի հարթակի նյութերում սովորողն ըստ իր ցանկությունների է ընտրում վարժությունների տեսակը։ Յուրաքանչյուր աշխատանքի վերջում սովորողը քաջալերվում է։ Արդյունքում էկրանից այս կողմ «ջերմություն» ես զգում։
Հարթակի ձևաչափը նախատեսված է տարբեր տարիքի սովորողների համար, ինչի շնորհիվ այն դառնում է ավելի կիրառելի և՛ երեխաների, և՛ ծնողների, և՛ ուսուցիչների, և՛ ինքնակրթվելու ցանկություն ունեցող յուրաքանչյուրի համար։
Հրաշալի է, երբ կրթությունը հասանելի է ամենուրեք և բոլորի համար։ Այսպես հնարավորություն է ընձեռվում ԱՆՎՃԱՐ ձեռք բերելու 21-րդ դարի հմտություններ, ուսում և ոչ միայն։