Վերադառնալ

Երաժշտությունից գիտություն. երբ ուսումը սահմաններ չի ճանաչում

 

Ինչպես է «Այբ»-ում նախագծային ուսումնառությունը բացահայտում նոր հորիզոններ

Ի՞նչ կլինի, եթե դպրոցում սովորելը դուրս գա դասագրքերի սահմաններից և վերածվի ստեղծագործական արկածի։ «Այբ»-ի կրթական ծրագրում սա վաղուց արդեն իրականություն է։ Նախագծային ուսումնառությունը, որն ուսումնական ծրագրի կարևոր մաս է, 2015 թվականից օգնում է աշակերտներին ձեռք բերելու նոր հմտություններ, բացահայտելու իրենց հետաքրքրությունները և նույնիսկ կողմնորոշվելու ապագա մասնագիտության հարցում։

Այս պահին դպրոցում գործում են տասը նախագծային ակումբներ՝ «Իմերսիվ թատրոն», «Նոր ինքնություն», «Վեբմաստեր», «Կանաչ քիմիա», ինժեներական, «Կաքավագիր», «Մուլտիմեդիա», «Ռոքեստր», «Ստորիթելինգ» և «Քաղաքախաղ»։ Դրանք ոչ միայն նոր գիտելիքներ են տալիս, այլև վերածվում են միջավայրի, որտեղ 101 աշակերտներ զուգահեռաբար սովորում, փորձարկում, ստեղծում և ստեղծագործում են։

Ավելի լավ պատկերացնելու համար, թե ինչպես է նախագծային ուսումնառությունը փոխում աշակերտների փորձառությունը, զրուցել ենք երկու ակումբավարների և նրանց աշակերտների հետ՝ հասկանալու նրանց ճանապարհն ու ձեռքբերումները։


Գիտության հանդեպ սերը սկսվում է դպրոցից 

Աշխարհը լի է անսահման հարցերով, իսկ դրանց պատասխաններ գտնելը սկսվում է դպրոցական տարիքից։ Երբ երեխային հնարավորություն է տրվում ուսումնասիրելու, փորձարկելու և հայտնագործելու, գիտությունը դադարում է պարզապես դասագրքային նյութ լինելուց և վերածվում հետաքրքիր ճանապարհորդության։ Ու հենց այդ տարիքից սիրահարվելով գիտությանը՝ երեխաները ոչ միայն զարգացնում են վերլուծական մտածողություն, այլև դառնում նորարարներ, ովքեր կձևավորեն ապագան։ Ինչպես մեծագույն գիտնականները, նրանք նույնպես կարող են մեկ հարցից սկսել և հայտնվել մեծ հայտնագործությունների ճանապարհին։ 


Գիտության նկատմամբ սերը՝ ապագայի հիմնաքար

Լիլիթ Համբարձումյանը՝ «Այբ» ավագ դպրոցի քիմիայի ուսուցիչ և «Կանաչ քիմիա» նախագծի ղեկավարը, գիտությունը պատկերացնում է որպես ստեղծագործական անսպառ գործընթաց։ Նրա ղեկավարած ակումբում աշակերտները ոչ միայն ուսումնասիրում են գիտական խնդիրներ, այլև փորձում գտնել նոր, էկոլոգիապես պատասխանատու լուծումներ։

«Գիտությունը ոլորտ է, որը պահանջում է անվերջ ստեղծագործ աշխատանք։ Ինչո՞ւ անվերջ։ Քանի որ գիտության մեջ ամեն գաղափար, ամեն վարկած պետք է կամ ապացուցվի, կամ հերքվի։ Եվ այդ ճանապարհին պետք է ստեղծագործ մոտեցում ցուցաբերել, ճիշտ ուղղորդել աշխատանքը, որպեսզի այն վերածվի արժեքավոր արդյունքի և նպաստի ձեր նպատակների իրականացմանը»,– ասում է Լիլիթը։

Նա վստահ է, որ հաջողությունը կախված է ոչ միայն գիտելիքից, այլև այն ճիշտ ուղղորդելու կարողությունից։ «Կանաչ քիմիա» ակումբի ենթախմբերը՝ Metallic Combat, TerraFix և «Բիոպլաստիկներ», դրա վառ օրինակն են․ աշակերտները սովորում են, թե ինչպես գիտական հայտնագործությունները կարող են վերածվել իրական, օգտակար լուծումների, որոնք կծառայեն հասարակությանը, շրջակա միջավայրին և կստեղծեն ավելի լավ ապագա։ 

«Կանաչ քիմիա» ակումբի նախագծերը ոչ միայն նորարարական են, այլև ուղղված են իրական խնդիրների լուծմանը։ Օրինակ՝ մշակվում են նյութեր, որոնք կարող են օգնել սննդամթերքի պահպանմանը՝ նվազեցնելով պլաստիկ փաթեթավորման անհրաժեշտությունը և նվազագույնի հասցնելով դրա վնասակար ազդեցությունը։

Ակումբի ենթախմբերից յուրաքանչյուրը զբաղվում է կարևոր գիտական ուղղություններով

պլաստիկի նորարարական ձևեր – ստեղծվում են կենսաքայքայվող թաղանթներ՝ սննդի պահպանման համար.

ջրերի մաքրում և պլաստիկ թափոնների վերամշակում – ուսումնասիրվում է ածխային հիմքով սորբենտների կիրառումը ծանր մետաղների կլանման համար՝ հետագայում ջրի մաքրման կայաններում օգտագործելու նպատակով.

հողի վերականգնում – մշակվում են լուծումներ հողերի դեգրադացիայի դեմ պայքարելու համար՝ դրանց բերրիությունն ու որակը բարելավելու նպատակով։

Լիլիթը, ով 13 տարուց ավելի կրթում է «Այբ» ավագ դպրոցի աշակերտներին, վստահ է՝ գիտությունը տեսությունից ավելին է. այն կիրառելի հմտություն է, որը ձևավորում է մտածողություն ու իրական խնդիրների համար լուծումներ առաջարկում։

«Ամեն բան «Կանաչ քիմիա» ակումբում սկսվում է գաղափարներից․ աշակերտները նախ  բացահայտում են իրենց հետաքրքրությունները, ապա ձևավորում թիմեր ու ձեռնամուխ լինում նորարարական նախագծերի մշակմանը։ Ստեղծում ենք կիրառական լուծումներ՝ նպաստելով շրջակա միջավայրի բարելավմանը»,– ասում է Լիլիթը։

Այս սկզբունքն է ձևավորել ակումբի նախագծերը, որոնցից մեկը՝ պլաստիկի արտադրության նորարարական մոտեցումը, արդեն ստացել է արտոնագիր։ Երկու տարվա փորձարկումներից հետո աշակերտները ստեղծել են հատուկ սարք, որը հեղուկ հումքը վերածում է թաղանթի։ Այսօր նրանք զարգացնում են նախագիծը՝ ավելացնելով նոր հատկություններ, օրինակ՝ հակաբակտերային ազդեցություն, որի շնորհիվ այսպիսի պլաստիկը կարող է լայն կիրառում ունենալ։

«Մեր նախագծերը տարբեր փուլերում ունեն շոշափելի արդյունքներ։ Արդեն ստեղծել ենք մեր թաղանթները, կարողանում ենք հստակ շոշափել ու փորձարկել դրանք։ Այս թաղանթներով փաթեթավորում ենք մրգերը, ապա ստուգում դրանց պահպանման ժամկետը՝ համեմատելով պոլիէթիլենային փաթեթավորման հետ։ Այնպես որ այստեղ կա իրական, կիրառական արդյունք, և տեսնում ենք մեր աշխատանքի կոնկրետ ազդեցությունը»,– պատմում է ակումբավարն ու եզրափակում. «Մենք ոչ միայն նոր նյութեր ենք մշակում, այլև ստեղծում ենք իրական ազդեցություն ունեցող լուծումներ, որոնք կարող են փոխել ապագան»:


Լինել աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների հիմքում

«Այբ»-ի շրջանավարտ Մարիաննան ապագա բժիշկ է, բայց չի ցանկանում կտրվել այս միջավայրից։ Նա շարունակում է մասնակցել ակումբի աշխատանքներին՝ արդեն որպես նախագծի ղեկավարի օգնական՝ մեծ պատասխանատվությամբ աջակցելով թիմին։

«Նրա ոգևորությունն ու ձգտումը թույլ են տվել նրան շարունակել գիտությամբ զբաղվել և կիրառել գիտելիքներն ու ներուժը լավագույն ձևով»,– նշում է Լիլիթ Համբարձումյանը։

«Հաճելի է լինել աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների հիմքում ու լինել դրանց մի մասնիկը: Շատ հասարակ կլինի, եթե ասեմ, որ գիտությունը կփրկի աշխարհը, բայց այն մարդկանց կյանքն ավելի լավը կդարձնի միանշանակ»,– իր հերթին հավելում է շրջանավարտ Մարիաննան:


Քիմիայի բացահայտման ուղին

Սոֆյա Սեյրանյանն «Այբ» ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ է, ով սովորում է մասնակի կրթավճարով։ Նա «Կանաչ քիմիա» ակումբի «Metallic Combat» թիմի անդամ է և պատասխանատու է թիմի գործընթացների՝ փորձերի ու հետազոտությունների կառավարման համար։

«Ողջ կյանքիս ընթացքում շուրջս բոլորը խոսել են «Այբ»-ի մասին»,– հիշում է Սոֆյան։ «Ընկերներս, նրանց մեծ քույրիկներն ու եղբայրներն այնքան ոգևորված էին պատմում դպրոցի մասին, որ ես էլ էի ուզում դառնալ այդ միջավայրի մի մասը։ Երբ ընդունվեցի, հասկացա, որ իսկապես հայտնվել եմ իմ երազած տեղում․ ջերմ մթնոլորտ, հոգատար ուսուցիչներ, միասնականություն»։

Սոֆյայի համար «Այբ»-ի ընտրությունը միակ տարբերակն էր«Մտածում էի՝ կամ «Այբ», կամ չգիտեմ ուրիշ ինչ եմ անելու, այլ տարբերակ չէի էլ դիտարկում»։

Մինչև «Այբ» ընդունվելը նա երբեք առանձնահատուկ հետաքրքրված չէր քիմիայով և չէր պատկերացնում, թե ինչ է նշանակում աշխատել լաբորատորիայում։ «Սկզբում ընդհանրապես պատկերացում չունեի, բայց լաբորատորիայում կատարած առաջին փորձից հետո հասկացա, թե որքան մեծ աշխարհ է այս առարկան բացում իմ առջև։ Շատ նոր հնարավորություններ կան, որոնց մասին նախկինում չէի էլ մտածել։ Հիմա լաբորատորիան ինձ համար առաջին տեղում է»։

Սոֆյան արդեն որոշել է, որ ապագայում իր մասնագիտությունը հաստատ կապ կունենա քիմիայի հետ։

Սոֆյայի համար ակումբը ոչ միայն գիտական հարթակ է, այլև մեծ ընտանիք։ «Այստեղ բոլորս շատ ընկերական ենք, միասին աշխատում ենք, աջակցում միմյանց։ Սա կրթության ամենալավ ձևն է, քանի որ այստեղ մեր ստացած հույզերն ու փորձը այլ միջավայրում հնարավոր չէ ստանալ»։

Եվ եթե երեք բառով նկարագրեր «Կանաչ քիմիա» ակումբը, դրանք կլինեին՝ միասնականություն, նպատակասլացություն, հոգատարություն։


«Ռոքեստր»՝ երաժշտություն, որին պետք է նայել 

Երաժշտությունն ավելին է, քան պարզապես մեղեդի: Այն պատկեր է, որը գծվում է հնչյուններով, պատմություն է, որը լսվում է ոչ միայն ականջներով, այլև աչքերով, հոգով, զգացմունքներով։ «Ռոքեստր» ակումբն արդեն մոտ տասը տարի միավորում է նրանց, ովքեր ուզում են խորանալ որակյալ երաժշտության մեջ, հասկանալ դրա լեզուն, բացահայտել դրա պատմությունը և զգալ դրա կապը կյանքի տարբեր ոլորտների հետ։

Այս տարի ակումբի թեման ճանապարհորդությունն է դեպի տեսողական արվեստն ու ռոքի փոխազդեցությունը՝ ArtRock։ Երաժշտական ալբոմների շապիկներն ավելին են, քան պարզապես նկարներ․ նրանք պատմություն են պատմում, արտացոլում են երաժշտության ոգին ու նպաստում դրա ընկալմանը։

Ակումբի մասնակիցները ոչ միայն ուսումնասիրում են այս կապերը, այլև իրենց հետազոտությունները վերածում իրական երաժշտական փորձի՝ ավանդական դարձած տարեվերջյան ուսումնական համերգի և այլ միջոցառումների միջոցով։

Այս ակումբը հնարավորություն է սովորելու՝ զգալով, ուսումնասիրելու՝ ապրելով երաժշտությունը, այն տարածելու՝ հասկանալով, և, ամենակարևորը, վերածելու ռոքը մի ամբողջական մշակութային փորձառության։


Ռոքը որպես կենդանի մշակույթ 

«Երաժշտությունը կենդանի է այնքան ժամանակ, քանի դեռ հնչում է կենդանի կատարմամբ»,– վստահեցնում է «Ռոքեստրի» ակումբավար Վահագն Պապայանը։ 

Ակումբը կրում է հենց այս գաղափարը՝ որակյալ, բայց երբեմն մոռացվող երաժշտությունը պահպանելով և դրան նոր կյանք հաղորդելով։ Վահագնը, ով արդեն 12 տարի դասավանդում է «Այբ» դպրոցում, հիմնել է երաժշտախմբի դասընթաց, որը հետագայում վերածվել է նախագծային ակումբի: Ակումբավարը խոստովանում է՝ ակումբի հիմնադրման առաջին օրերից դեռ չէր պատկերացնում, թե այն ինչ զարգացում կունենա: Սակայն տարիների ընթացքում պարզ դարձավ՝ սա պարզապես խմբային դասընթաց չէ, այլ մշակութային շարժում, որտեղ երաժշտությունն ուսումնասիրում են խորությամբ, լսում վերլուծելով և կատարում հասկանալով։

«Երբ հիմնադրում էի բենդը, անկեղծորեն չէի պատկերացնում, թե ինչ է լինելու, բայց պարզվեց՝ սա յուրահատուկ դասընթաց է բոլոր այն երեխաների համար, որ սիրում են երաժշտությունը»,– ասում է Վահագնը:  

Երաժշտախումբը մեկնարկեց որպես ընտրովի դասընթաց՝ նրանց համար, ովքեր նվագելու կամ երգելու փորձ ունեին, սակայն շուտով վերածվեց նաև առանձին նախագծային ակումբի՝ յուրահատուկ մոտեցմամբ։ Այդպես ծնվեց «Ռոքեստր» անվանումը, որը Պապայանը «գողացել է» Փոլ Մաքքարթնիից՝ համադրելով ռոքն ու նվագախումբը, ստեղծելով մի միջավայր, որտեղ դասական երաժշտության խորությունը միախառնվում է ռոքի ազատությանն ու էներգիային։

Արդեն տասը տարի ակումբն իրականացնում է տարբեր նախագծեր՝ ամեն անգամ անդրադառնալով երաժշտության և արվեստի տարբեր հարթություններին։ Անցյալ տարի թեման գրականությունն էր. աշակերտներն ուսումնասիրեցին այն երաժշտական ստեղծագործությունները, որոնք ներշնչված են գրականությունից։ Այս տարի ուշադրության կենտրոնում է տեսողական արվեստի ու ռոքի կապը, մասնավորապես այն ստեղծագործությունները, որոնք ներշնչված են Ռեմբրանդտի, Բոսխի և այլ վարպետների կտավներից։

Բացի դրանից, ուսումնասիրության առարկա է նաև ռոք ալբոմների շապիկների ձևավորումը, որը հատկապես զարգացած է պրոգրեսիվ ռոքի ժանրում։  Ռոքեստրցիները բացահայտում են, թե ինչպես են երաժշտական ալբոմների շապիկները վերածվում  արվեստի ինքնուրույն գործերի, ինչպես են դրանք փոխանցում երաժշտության խորությունն ու տրամադրությունը։

Վահագնը պատմում է, որ այս ամենի մեջ ամենակարևորը երեխաների ոգևորությունն ու բացահայտումներն են. «Շատերը, գալով ակումբ, նույնիսկ չեն պատկերացնում, թե ինչ է ռոքը, ինչպես է այն լսվում և ընկալվում, իսկ ժամանակի ընթացքում սկսում են ոչ միայն հասկանալ, այլև կատարել, վերլուծել և կիսել սեփական ընկալումները»։

Վահագն Պապայանի գլխավոր նպատակը ոչ միայն նվագելու հմտություններ փոխանցելն է, այլև երաժշտության պատմության, լեզվի և կառուցվածքի խորքային ընկալումը, որը հնարավորություն է տալիս երաժշտությունը «մարսելու»՝ ամբողջական փորձառություն դարձնելով այն։

Այս ակումբում ամեն ինչ կենդանի է՝ երաժշտությունը, հնչյունները, զգացմունքները, գաղափարները։ Եվ հենց այս կենդանի էներգիան է, որ պահպանում է ռոքը որպես մշակութային ժառանգություն՝ թույլ չտալով, որ այն մոռացվի։ 


Երաժշտություն, որ փոխեց ամեն ինչ

«Այբ»-ի վեցերորդ սերնդի՝ 2018 թվականի շրջանավարտ Էրիկ Ալոյանը խոստովանում է՝ իր պատմությունն այն մասին է, թե ինչպես կարող է մի կրթական միջավայր ամբողջովին փոխել մարդու կյանքի ուղին: 

««Այբ»-ի երկու կարևոր մարդիկ՝ բենդի ղեկավար Վահագն Պապայանը և երգչախմբի ղեկավար Անահիտ Պապայանը, ոգեշնչեցին ինձ, որ երաժշտությունն ընտրեմ որպես մասնագիտություն. նրանց հետ շփումից ու դասերին մասնակցելուց հետո որոշեցի երաժիշտ դառնալ և ավելի խորացված սովորել: «Այբ»-ն ինձ համար դարձավ հենց այն կարևոր հարթակը, որ ինձ հնարավորություն տվեց ինձ փորձելու բոլոր հնարավոր տարբերակները՝ բնագիտությունից մինչև հասարակական գիտություններ։ Ու վերջում եկա հասա երաժշտությանը»։

Երբ ընդունվեց «Այբ», երաժշտախումբը նոր էր դառնում նախագծային ակումբ, և Էրիկն առաջին սերնդի մասնակիցներից էր ու ժպիտով հիշում է. «Առաջին տարվա նախագիծը երաժշտական տեքստուրայի մասին էր, մեր երգացանկում կային երգեր The Beatles-ից, Simon & Garfunkel-ից, Renaissance-ից.  բայց The Beatles-ը միշտ պարտադիր էր. եթե մեր նախագծում The Beatles չկար, համարում էինք, որ այն չի ստացվել»:

Այսօր Էրիկն արդեն «Ռոքեստր» նախագծային ակումբի համաղեկավարն է, սովորում է Երևանի կոնսերվատորիայում որպես երաժշտագետ, իսկ ապագայում նպատակ ունի խորանալու սիմֆոնիկ դիրիժորության մեջ:

Երաժշտությունը նրա կյանքի ամենակարևոր մասն է դարձել, իսկ «Այբ»-ի հետ կապը երբեք չի կորել. «2015 թվականից «Այբ»-ը դարձել է իմ անբաժան մասնիկը. նույնիսկ երբ բանակում էի, կապս «Ռոքեստրի» հետ չէի կորցնում»։

Երբ Նարե Մովսիսյանը սկսեց սովորել «Այբ» դպրոցում, երբեք չէր պատկերացնում, որ երաժշտությունը կարող է այսքան մեծ տեղ զբաղեցնել իր կյանքում: «Մինչև «Այբ» գալը ես երբեք չէի պատկերացրել, որ կարող եմ սիրել ռոք երաժշտությունը, առավել ևս՝ որ կարող եմ ընտրել բենդը որպես արվեստի առարկա»,–  ասում է նա՝ հիշելով իր առաջին հանդիպումը ռոքի հետ:

Այժմ «Ռոքեստր» նախագծային ակումբում նա ոչ միայն կատարելագործում է իր երաժշտական հմտությունները, այլև բացահայտում այն խոր, մտավոր և մշակութային շերտերը, որ թաքնված են երաժշտության աշխարհում: Չնայած նրան, որ իր ապագան չի պատկերացնում երաժշտության մեջ, նրա համար «Ռոքեստրը» դարձել է մի հարթակ, որտեղ սովորածը կօգնի իրեն կյանքում՝ անկախ նրանից, թե որ ուղին կընտրի: «Մենք այստեղ միայն երաժշտություն չենք սովորում. այն բոլոր հմտությունները և գիտելիքները, որ ստանում եմ այստեղ, վստահ եմ, որ ապագայում ինձ պետք կգան»,– ասում է Նարեն՝ ընդգծելով, որ ռոքը միայն երաժշտություն չէ. այն փիլիսոփայություն է, մտածողություն, ազատություն:

Էրիկ Պետրոսյանի համար երաժշտությունը միշտ կարևոր դեր է խաղացել, բայց «Ռոքեստր» նախագծային ակումբին միանալուց հետո նրա երաժշտական աշխարհը բացահայտ նոր ձևով փոխվեց: «Երկու տարի է, ինչ բենդում եմ, իսկ այս տարի առաջին անգամ մասնակցում եմ «Ռոքեստրին»»,– պատմում է նա: Միշտ սիրել է երաժշտությունը, տարբեր ժանրեր է լսել, բայց այս նախագիծը նրան ստիպեց խորանալ հենց ռոքի մեջ, հասկանալ այն որպես մի ամբողջ մտածողություն:

«Եթե առաջ երաժշտությունը պարզապես ֆոնային բան էր ինձ համար, ապա հիմա սկսել եմ մտածել, երբ լսում եմ երգերը»,– ասում է Էրիկը: Բայց «Ռոքեստրը» միայն երաժշտական ճանապարհ չէ, այն նաև զարգացման հնարավորություն է: Էրիկը նկատել է, թե ինչպես է փոխվել ինքը «Այբ»-ում սովորելու ընթացքում. «Եթե հետ նայեմ ինձ, երբ նոր էի եկել «Այբ», ու ինձ հիմա, շատ բան է փոխվել։ Դարձել եմ ավելի շփվող, ավելի նախաձեռնող, ավելի բաց՝ տարբեր փորձություններին»:

Կրթության և արվեստի ազատությունը «Այբ»-ում նրա համար մեծ նշանակություն ունի. «Այբ»-ում ամեն ինչ արվում է, որ քեզ մոտիվացնեն»,– ասում է նա՝ ընդգծելով, որ այստեղ արվեստի առարկաներն ընտրվում են նախասիրությունների հիման վրա, ինչը հնարավորություն է տալիս սովորելու և զարգանալու իրապես սիրելի ոլորտում:

Մինչ Էրիկը դեռ երկմտում է երաժշտության և քիմիայի միջև՝ որպես ապագա մասնագիտության, մի բան հստակ է. նվագելն ու երգելը նրա կյանքի անբաժան մասն են: «Նվագում եմ երեք գործիք ու նաև երգում եմ։ Եթե ընտրելու լինեմ գործիքների միջև, հավանաբար կընտրեմ ջութակը»:

13.03.2025
Գլխավոր Պատմություններ

Մհեր Ենգիբարյան. երբ մի որոշումը փոխում Է կյանքդ

17-ամյա Մհեր Ենգիբարյանն արդեն երրորդ տարին է, ինչ սովորում է «Այբ» ավագ դպրոցում՝ մի վայրում, որը տարիներ առաջ ինչ-որ անհասանելի երազանք էր թվում նրան։ Մհերը հիշում է, թե ինչպես էր հանձնել քննությունները և ընդունվել «Այբ», որը, նրա խոսքով, ապագայում մեծ դեր էր ունենալու նրա կյանքում։ Սակայն այդ ճանապարհը հեշտ չէր։
10.02.2025
Վերջին Պատմություններ

«Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ բոլոր կազմերի անդամները 

Ծանոթացեք «Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ բոլոր կազմերի անդամներին ըստ գործունեության տարիների
27.11.2023

10 միլիոնից ավելի միավոր «Քան» ակադեմիայում

Մասնակցելով «Քան» ակադեմիայի անվճար աշխատարանների շարքին՝ երկու մարզերի ուսուցիչներն ու դպրոցականները սովորել են արդյունավետ օգտվել համաշխարհային կարգի որակյալ ռեսուրսներով հագեցած, աշխարհում խոշորագույն առցանց կրթական հարթակից։
24.11.2022

«Քան»-ը ինքնակրթության հարթակ է նաև ծնողի համար

«Քան» ակադեմիան կարևոր օժանդակող գործիք է ոչ միայն ուսուցիչների, այլև ծնողների համար։ Իսկ թե ինչ կարող է հարթակը տալ ծնողին և ինչպես այն օգտագործել, պատմել է Գյումրու «Ֆոտոն» վարժարանի ուսուցչուհի, «Քան» ակադեմիայի դեսպան ուսուցիչ Նոնա Դադայանը, որը որպես ծնող ունի հաջողության իր պատմությունը։
21.10.2022

«Կենգուրու»-ի գուրուն․ Արեն Մխիթարյան

«Այբ» կրթական հիմնադրամում օրերս հյուրընկալել էինք «Կենգուրու» մրցույթի հաղթող Արեն Մխիթարյանին, որն այժմ ուսանում է Եվրոպայում։ Արենը եկել էր հիմնադրամ իր մրցանակի հետևից, և մենք առիթը բաց չթողեցինք՝ նրա հետ զրուցելու արտասահմանում ուսանելու, նրա ապագա ծրագրերի և «Կենգուրու» մրցույթի՝ նրա կյանքում ունեցած դերի մասին։
18.10.2022

«Այբ»-ի շնորհիվ քիմիան դարձավ սիրելի առարկաս

Դեռ դպրոցական տարիներից բնական գիտությունների, մասնավորապես՝ մաթեմատիկայի հանդեպ սերն ու հետաքրքրությունը Հարությունին ուղղորդեցին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոց, որտեղ այժմ սովորում է առաջին կուրսում։
08.10.2022
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված