Վերադառնալ

«Այբ»-ի շնորհիվ քիմիան դարձավ սիրելի առարկաս

 

Դեռ դպրոցական տարիներից բնական գիտությունների, մասնավորապես՝ մաթեմատիկայի հանդեպ սերն ու հետաքրքրությունը Հարությունին ուղղորդեցին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոց, որտեղ այժմ սովորում է առաջին կուրսում։ Նոր հմտություններ ձեռք բերելու, բնագիտամաթեմատիկական առարկաներում խորանալու և միջազգայնորեն ճանաչված հավաստագիր ստանալու համար Հարությունը որոշեց դիմել «Այբ» հիբրիդային կրթության հայաստանյան փուլին։ Ընդունելության շեմը հաղթահարելուց հետո Հարությունը դարձավ Հայաստանի գրեթե բոլոր մարզերի և մայրաքաղաք Երևանի 66 պատանիներից մեկը, ով հնարավորություն ստացավ սովորելու այբական նորարարական հիբրիդային մոդելով։


Հարությո՛ւն, կներկայացնե՞ս՝ ինչ նախագծի իրականացման վրա եք հիմա թիմով աշխատում։ 

Ձևավորել ենք Riotic թիմը և նախագծավարի ղեկավարությամբ աշխատում ենք դեղերի նույնականացման վրա։ Ծանոթացել ենք միջուկային մագնիսական ռեսոնանսի հետ և կատարել իոնական հեղուկների սինթեզ։ Նախքան գործնական աշխատանքներին անցնելը թիմով կատարել ենք դեղերի նույնականացման դաշտի ուսումնասիրություն և դուրս ենք բերել մեր տարեկիցների շրջանում ամենաշատ օգտագործվող դեղերի եռյակը։ Գիտական փորձերով ստուգել ենք դեղերի բաղադրությունը և մաքրության աստիճանը, փորձել դուրս բերել հիմնական ազդող նյութի տոկոսային հարաբերակցությունը։


Ինչո՞ւ ընտրեցիր հենց այդ նախագիծը և սիրելի մաթեմատիկան փոխարինեցիր քիմիայով։

Ես երբեք չէի մտածի, որ իմ սիրելի առարկան՝ մաթեմատիկան, կփոխարինեմ քիմիայով։ Ավելին՝ կներգրավվեմ մի նախագծի իրականացման աշխատանքներում, որն ամբողջապես կառուցված է քիմիայի շուրջ։ Վստահ էի, որ նախագծային աշխատանքս մաթեմատիկա կամ ֆիզիկա առարակաների շրջանակում եմ անելու։ Ամեն բան սկսվեց նախագծերի ներկայացումից, երբ նախագծավարները սկսեցին պատմել  իրենց առարկայի շրջանում իրականացվելիք նախագծերի մասին։ Մենք՝ մասնակիցներս, մեր հերթին պետք է ընտրեինք այն առարկան, հետևաբար՝ նախագիծը, որն ավելի հոգեհարազատ էր և, թիմ կազմելով, անցնեինք նախագծի իրականացմանը։ Նախագծավարի ոգևորությունն ու կատարվելիք աշխատանքի կարևորությունը իմ որոշման կայացման վրա, ինչպես տեսնում եք, մեծ ազդեցություն ունեցան։


Փոխվե՞լ է գիտության քո ընկալումը։

Գիտությունը մինչ այս ինձ համար իրականությունից կտրված մի աշխարհ էր՝ տեսական բարդ տեքստերով, որոնք հասկանալի են միայն ալեհեր հեղինակին և իր համախոհներին։ Այժմ ընկալումս ամբողջապես այլ է։ Նախագծի իրականացման ընթացքում թիմով հասցրինք հանդիպել երիտասարդ հայ գիտնականների հետ, նախագծավարի հետ միասին քննարկել թեմային վերաբերող գիտական բազմաթիվ հոդվածներ, աշխատել լաբորատորիաներում և Օրգանական քիմիայի ինստիտուտում։ Հիմա հասկանում եմ, որ գիտությունն ամենուր է և գիտությունն է ստեղծում նոր գիտելիք, որը կասկածի տակ է դնում փաստերը և հանդես գալիս նորամուծությամբ՝ ստեղծում նորը։ Ուրախ եմ նաև, որ թիմով՝ նախագծավարի ղեկավարությամբ, հնարավորություն ունենք աշխատելու նոր հոդվածի վրա, որը կլինի մեր թեմայի մասին հայերեն հոդվածներից մեկը: Նշեմ նաև, որ իոնական հեղուկների մասին հայերեն հոդվածներ գրեթե չկան։


Ինչպե՞ս եղավ, որ որոշեցիր մասնակցել «Այբ» հիբրիդային կրթության հայաստանյան փուլին։

«Այբ» հիբրիդային կրթության հայաստանյան փուլի մեկնարկի մասին իմացա սոցիալական ցանցերից։ Որոշմանս կայացման վրա մեծ ազդեցություն ունեցավ այն, որ ծրագիրը հիմնված էր Արարատյան բակալավրիատի վրա և ես կարող էի քննություն հանձնելուց հետո որևէ բնագիտամաթեմատիկական առարկայից հավաստագիր ստանալ, որը արտասահմանյան մի ամենահեղինակավոր համալսարանների կողմից մեծ ճանաչում ունի։ Կարծում եմ՝ նման հնարավորություն ունենալն ու չօգտագործելը մեծ սխալ կլիներ։

Բացի դրանից, հիմա հստակ կարող եմ ասել, որ սովորելը հեշտ է, երբ միաժամանակ իրականացնում ես կոնկրետ ու պետքական նախագիծ, այսպես ասած՝ «սովորել իրագործելով» սկզբունքով։ Ինչպես «Այբ»-ում են ասում՝ «նախագծային ուսումնառությունը ապագայի կրթությունն է», իսկ մենք այդ ապագան կրողներն ու կերտողներն ենք։ 


Ծրագիրը հնարավորություն է տալիս սովորելու՝ իրագործելով։ Արդյունքում խորապես տիրապետում եք որևէ առարկայի և սովորում եք թիմով իրականացնել որևէ ծրագիր։ Այս ամենից զատ՝ ի՞նչ ես հասցրել ձեռք բերել ծրագրի շրջանակում։

Ամառս դատարկ կլիներ առանց հիբրիդային կրթության։ Նախագիծն իրականացնելուն զուգահեռ մասնակցել եմ ամենատարբեր հանդիպում-քննարկումների՝ երիտասարդ հայ գիտնականների և, ընդհանուր առմամբ, հաջողակ մարդկանց հետ։ Իսկ ծրագրի շրջանակում անցկացվող «Ինքնություն և արժեքներ» դասախոսությունների շարքը ամբողջությամբ բացահայտում էր ինձ համար։  Մինչ այս երբևէ չէի մասնակցել նման քննարկումների, որոնք օգնում են ճանաչել ինքներս մեզ, հավատարիմ մնալ մեր արժեքներին և հստակ տարբերակել ռացիոնալն ու իռացիոնալը։

Ամենահիշարժան փորձառությունս «Այբ» աշխատանքի տոնավաճառին մասնակցելն էր։ Տոնավաճառի ընթացքում հասցրի ծանոթանալ տարբեր ընկերությունների գործունեությանն ու աշխատանքի  հնարավորություններին։ Արդյունքում որպես կամավոր ներգրավվեցի հենց «Այբ» կրթական հիմնադրամում և Newmag-ի հրատարակչականում, ինչպես նաև մասնակցեցի Seven Smarts ընկերության կողմից կազմակերպվող մեքենայական ուսուցման պրակտիկային։ Ամառվա սկզբին մտքովս էլ չէր անցնի, որ ավարտին այսքան հարուստ ինքնակենսագրական եմ ունենալու։ 


Ո՞ր ուղղությամբ ես շարունակելու ուսումդ և որտե՞ղ ես քեզ պատկերացնում 5 տարի հետո։

Դժվարանում եմ մեկ ուղղություն նշել, որովհետև հասկացել եմ, որ մի քանի ուղղություն համատեղելն այնքան էլ վատ չի ստացվում։ Կարծում եմ՝ քիմիա ընտրելով ինքս ինձ հենց այդ ապացուցեցի։ Բայց որոշակիորեն հստակ է որ լինելու եմ տեղեկատվական տեխոնոլոգիաների ոլորտում։ Աշխատելու եմ գիտելիքահեն արտադրանքի վրա, քանի որ նման արտադրանքի օգուտն ավելի հեռանկարային է և արդյունքը՝ կրկնակի մեծ։ Հավելեմ նաև, որ ստացածս փորձն ու գիտելիքները ցանկանում եմ ներդնել մեր երկրի համար առաջնային կարևորություն ունեցող ռազմաինժեներաշինության ոլորտում։


Ի՞նչ խորհուրդ կտաս հասակակիցներիդ։

Ներգրավել կրթական տարբեր ծրագրերում, ամրապնդել մինչ այդ սովորածը, նորը սովորել․․․ Այս տարվա ամառը տարբերվում էր իմ կյանքի անցած ամառներից։ Շատ կուզենայի, որ իմ բոլոր հասակակիցներն ունենային նման ամառներ ունենալու հնարավորություն։

08.10.2022
Վերջին Պատմություններ

«Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ բոլոր կազմերի անդամները 

Ծանոթացեք «Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ բոլոր կազմերի անդամներին ըստ գործունեության տարիների
27.11.2023

10 միլիոնից ավելի միավոր «Քան» ակադեմիայում

Մասնակցելով «Քան» ակադեմիայի անվճար աշխատարանների շարքին՝ երկու մարզերի ուսուցիչներն ու դպրոցականները սովորել են արդյունավետ օգտվել համաշխարհային կարգի որակյալ ռեսուրսներով հագեցած, աշխարհում խոշորագույն առցանց կրթական հարթակից։
24.11.2022

«Քան»-ը ինքնակրթության հարթակ է նաև ծնողի համար

«Քան» ակադեմիան կարևոր օժանդակող գործիք է ոչ միայն ուսուցիչների, այլև ծնողների համար։ Իսկ թե ինչ կարող է հարթակը տալ ծնողին և ինչպես այն օգտագործել, պատմել է Գյումրու «Ֆոտոն» վարժարանի ուսուցչուհի, «Քան» ակադեմիայի դեսպան ուսուցիչ Նոնա Դադայանը, որը որպես ծնող ունի հաջողության իր պատմությունը։
21.10.2022

«Կենգուրու»-ի գուրուն․ Արեն Մխիթարյան

«Այբ» կրթական հիմնադրամում օրերս հյուրընկալել էինք «Կենգուրու» մրցույթի հաղթող Արեն Մխիթարյանին, որն այժմ ուսանում է Եվրոպայում։ Արենը եկել էր հիմնադրամ իր մրցանակի հետևից, և մենք առիթը բաց չթողեցինք՝ նրա հետ զրուցելու արտասահմանում ուսանելու, նրա ապագա ծրագրերի և «Կենգուրու» մրցույթի՝ նրա կյանքում ունեցած դերի մասին։
18.10.2022

Ինչպես «Այբ»-ի հիմնադիրներին միավորեց ուսուցիչը

Հանգամանքների բերումով դարձա ուսուցիչ, աշակերտներս էլ՝ Դավիթ Յան, Արամ Փախչանյան, Տեր Մեսրոպ քհն. Արամյան:
20.09.2022

Գիտելիքի օրն աշակերտի աչքերով

Տիգրան Մանուկյանը սովորում է Վաղարշապատի թիվ 12 հիմնական դպրոցի 9-րդ դասարանում։ Վերջերս դարձել է Արմավիրի մարզում «Քան» ակադեմիայի դեսպան-աշակերտներից մեկը։ Լինելով հարթակի ակտիվ օգտատեր՝ Տիգրանն աջակցելու է այլ սովորողների՝ «Քան» ակադեմիայի հայալեզու հարթակի հնարավորությունները նրանց համար բացահայտելով։ Գիտելիքի և դպրության օրվան ընդառաջ նա պատմել է կրթության ասպարեզում իր նպատակներից և ընկալումներից։
01.09.2022
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված