Վերադառնալ

«Կենգուրու»-ի գուրուն․ Արեն Մխիթարյան

 

«Այբ» կրթական հիմնադրամում օրերս հյուրընկալել էինք «Կենգուրու» մրցույթի հաղթող Արեն Մխիթարյանին, որն այժմ ուսանում է Եվրոպայում։ Արենը եկել էր հիմնադրամ իր մրցանակի հետևից, և մենք առիթը բաց չթողեցինք՝ նրա հետ զրուցելու արտասահմանում ուսանելու, նրա ապագա ծրագրերի և «Կենգուրու» մրցույթի՝ նրա կյանքում ունեցած դերի մասին։


ՀՀ-ում ստացած գիտելիքը մրցունակ է

Հիմա սովորում եմ Schloss Krumbach միջազգային դպրոցում՝ 12-րդ դասարանում։ Դպրոցն Ավստրիայում է, գործում է 13-րդ դարի ամրոցում ու գտնվում է անտառի մեջ։ Սովորելու համար շատ տրամադրող միջավայր է, որտեղ բացի դասերից նաև ակտիվ զբաղվում եմ շախմատով, բասկետբոլով, նաև վարում եմ անիմեների մասին իմ բլոգը։ Ավստրիայում բոլոր աշակերտներով ապրում ենք կամպուսում, ու դրա լավ կողմն այն է, որ միշտ ընկերակցություն ունես ու կարող ես հասակակիցներիդ հետ մի հետաքրքիր բան նախաձեռնել։ Հաճախ իրար հետ սպորտային մրցույթներ ենք կազմակերպում, իսկ մի անգամ էլ փորձել ենք միացյալ ուժերով լուծել դպրոցն էներգիայով ապահովելու խնդիրը։
Եվրոպայում դպրոցական կրթությունը շեշտը դնում է այլ հմտությունների վրա, օրինակ՝ այնտեղ դպրոցում կարող ես յուրացնել կազմակերպչական հմտություններ, անգլերենի դասին կարող ես սովորել ճիշտ նամակագրություն ու բլոգ վարել, իսկ այստեղ կրթությունը շատ գրքային է, բայց պետք է ասեմ, որ ՀՀ-ում ստացածս գիտելիքը մրցունակ է Եվրոպայում։ Ուղղակի եթե այստեղ պետք է շատ բաներ սովորես ու մտապահես, ապա այնտեղ կրթությունն ավելի կիրառական է, իսկ մաթեմատիկական բանաձևերն, օրինակ, քեզ պատրաստի տալիս են։ Ես չէի ասի, որ կրթական համակարգի այս երկու  մոդելներից որևէ մեկն ավելի լավն է։ Կարծում եմ՝ ամենաարդյունավետն այս երկու մոդելների համադրումն է։


«Կենգուրուն» զարգացնում է արագ մտածելու ու արագ որոշումներ կայացնելու հմտությունները

«Կենգուրու» մաթեմատիկական մրցույթին մասնակցում եմ չորրորդ դասարանից ու համարյա ամեն տարի մասնակցել եմ։ Այնպես է ստացվել, որ մրցույթում իմ ակտիվության շնորհիվ տանը կենգուրուների ֆերմա ունեմ (հեղ.՝ ծիծաղում է)։ Հայաստանում սովորել եմ Ֆիզմաթ դպրոցում, ու շատ հաճելի էր, որ դասարանի կեսից ավելին մասնակցում էր «Կենգուրուին» ու մրցույթից հետո միշտ քննարկումներ ունենում խնդիրների լուծումների վերաբերյալ, նույնիսկ մրցույթից հետո մաթեմատիկայի դասերին բոլորով փորձում էինք կրկին լուծել խնդիրը ու գտնել դրա ամենակարճ լուծումը։ Այս մրցույթը շատ հետաքրքիր մարտահրավեր է. խնդիրների լուծում գտնելը հիմնված է ոչ այնքան ճշգրիտ գիտելիքների վրա, որքան տրամաբանության։ «Կենգուրուն» զարգացնում է արագ մտածելու ու արագ որոշումներ կայացնելու հմտությունները, որոնք շատ կարևոր են նաև կյանքում։ Շատ հաճախ ճիշտ որոշումներ կայացնելը գործի ամենակարևոր մասն է, որովհետև եթե անգամ չես հասցրել լուծել խնդիրը, պիտի փորձես ենթադրել, թե որ պատասխանը կարող է ճիշտ լինել։ Երևի նաև այդ հմտության շնորհիվ է, որ ես երկու անգամ դարձել եմ մրցույթի հաղթող՝ 9-րդ և 11-րդ դասարաններում. բացի դրանից, երկու անգամ էլ ստացել եմ լավագույն մրցանակ։


«Կենգուրուի» միջազգային ճամբարը Բուլղարիայում

Որպես «Կենգուրուի» հաղթող՝ այս տարի նաև մասնակցեցի մրցույթի միջազգային ճամբարին։ Սա շատ լավ փորձառություն էր ինձ համար, որովհետև մի տեղ էին հավաքվել մարդիկ, որոնց բոլորի հետաքրքրությունը մաթեմատիկան է։ Ճամբարի ամբողջ ընթացքում մենք խնդիրներ էինք լուծում, ու ամեն հաջորդ մակարդակում դրանք ավելի հետաքրքիր էին դառնում։ Մեր ճամբարը նաև մշակութային մաս ուներ. էքսկուրսիա ունեցանք Վելիկո Տառնովոյի, որը Բուլղարիայի գահանիստ քաղաքն է եղել, պատմական հատվածում, ինչը շատ տպավորիչ էր։


Ապագա մասնագիտությունն ու «Կենգուրուն»

Երկար ժամանակ չէի կողմնորոշվում մասնագիտության ընտրության հարցում, բայց ի վերջո որոշեցի արհեստական բանականություն սովորել, որովհետև ամենից արագ զարգացող ոլորտներից է։ Մտադիր եմ կրթությունս շարունակել ԱՄՆ-ում։ Ապագա մասնագիտության համար ամենակարևոր առարկայի՝ մաթեմատիկայի նկատմամբ սերս նաև «Կենգուրուին» մասնակցելու արդյունքում է ձևավորվել։


Մի քանի խորհուրդ «Կենգուրու» մրցույթին մասնակցող աշակերտներին

Խորհուրդ եմ տալիս նախ մեկ հարցի վրա շատ չկենտրոնանալ ու երկար չմտածել։ Ավելի արդյունավետ է անընդհատ առաջ անցնել, ապա վերադառնալ ու նոր մտքերով փորձել գտնել գլուխկոտրուկի պատասխանը։

Շատ կարևոր է նաև «Կենգուրուի» ժամանակ մտածել կաղապարներից դուրս ու երբեմն կենտրոնանալ խնդրի լուծման ամենաանհավանական վարկածի վրա, որովհետև այս մրցույթի խնդիրները յուրահատուկ են, ու ակադեմիական մտածելակերպով հաճախ դժվար է գտնել դրանց պատասխանները։

18.10.2022
Վերջին Պատմություններ

«Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ բոլոր կազմերի անդամները 

Ծանոթացեք «Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ բոլոր կազմերի անդամներին ըստ գործունեության տարիների
27.11.2023

10 միլիոնից ավելի միավոր «Քան» ակադեմիայում

Մասնակցելով «Քան» ակադեմիայի անվճար աշխատարանների շարքին՝ երկու մարզերի ուսուցիչներն ու դպրոցականները սովորել են արդյունավետ օգտվել համաշխարհային կարգի որակյալ ռեսուրսներով հագեցած, աշխարհում խոշորագույն առցանց կրթական հարթակից։
24.11.2022

«Քան»-ը ինքնակրթության հարթակ է նաև ծնողի համար

«Քան» ակադեմիան կարևոր օժանդակող գործիք է ոչ միայն ուսուցիչների, այլև ծնողների համար։ Իսկ թե ինչ կարող է հարթակը տալ ծնողին և ինչպես այն օգտագործել, պատմել է Գյումրու «Ֆոտոն» վարժարանի ուսուցչուհի, «Քան» ակադեմիայի դեսպան ուսուցիչ Նոնա Դադայանը, որը որպես ծնող ունի հաջողության իր պատմությունը։
21.10.2022

«Այբ»-ի շնորհիվ քիմիան դարձավ սիրելի առարկաս

Դեռ դպրոցական տարիներից բնական գիտությունների, մասնավորապես՝ մաթեմատիկայի հանդեպ սերն ու հետաքրքրությունը Հարությունին ուղղորդեցին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոց, որտեղ այժմ սովորում է առաջին կուրսում։
08.10.2022

Ինչպես «Այբ»-ի հիմնադիրներին միավորեց ուսուցիչը

Հանգամանքների բերումով դարձա ուսուցիչ, աշակերտներս էլ՝ Դավիթ Յան, Արամ Փախչանյան, Տեր Մեսրոպ քհն. Արամյան:
20.09.2022

Գիտելիքի օրն աշակերտի աչքերով

Տիգրան Մանուկյանը սովորում է Վաղարշապատի թիվ 12 հիմնական դպրոցի 9-րդ դասարանում։ Վերջերս դարձել է Արմավիրի մարզում «Քան» ակադեմիայի դեսպան-աշակերտներից մեկը։ Լինելով հարթակի ակտիվ օգտատեր՝ Տիգրանն աջակցելու է այլ սովորողների՝ «Քան» ակադեմիայի հայալեզու հարթակի հնարավորությունները նրանց համար բացահայտելով։ Գիտելիքի և դպրության օրվան ընդառաջ նա պատմել է կրթության ասպարեզում իր նպատակներից և ընկալումներից։
01.09.2022
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված