Վերադառնալ

«Այբ» կրթական ավանում մեկնարկել է Սրբոց Թարգմանչաց եկեղեցու շինարարությունը

 

Հոկտեմբերի 10-ին` Սրբոց Թարգմանչաց տոնին, «Այբ» կրթական ավանում տեղի ունեցավ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու շինարարության մեկնարկին նվիրված հանդիսավոր արարողությունը: Այս իրադարձությունը նշանակալի է «Այբ»-ի պատմության մեջ՝ խորհրդանշելով կրթության, հավատի, բարոյական արժեքների և ազգային ինքնության փոխկապակցվածությունը:

Հայ ժողովրդի պատմության մեջ սբ Մեսրոպ Մաշտոցի, սբ Սահակ Պարթևի և նրանց աշակերտների լուսավորչական առաքելությունը վճռորոշ նշանակություն է ունեցել հայ գրի, դպրության և ազգային ինքնության ձևավորման ու պահպանման գործում: Հինգերորդ դարում սկզբնավորված Թարգմանչաց շարժումը և նրա ստեղծած կրթական ու հոգևոր ժառանգությունը շարունակում են մնալ հայ ժողովրդի ինքնության կարևոր հիմնասյուներից և սերունդների համար ոգեշնչման աղբյուր:

Այս ժառանգությունն է ընկած նաև «Այբ» կրթական համայնքի առաքելության հիմքում: Դարեր շարունակ Հայ Եկեղեցին և Հայ Դպրոցը միասին նպաստել են հայ ժողովրդի հոգևոր և ազգային միասնականության պահպանմանը: «Այբ» կրթական ավանում եկեղեցու կառուցումը կոչված է շարունակելու այդ ավանդույթը՝ ստեղծելով մի միջավայր, որտեղ գիտելիքն ու ճանաչողությունը ներդաշնակվում են հոգևոր և բարոյական արժեքների հետ, իսկ ազգային ժառանգությունը դառնում է ապագան կերտելու ներշնչման աղբյուր:

Արարողության ընթացքում «Այբ» դպրոցի համահիմնադիր Տեր Մեսրոպ քահանա Արամյանն ընդգծեց Թարգմանչաց շարժման և թարգմանության գաղափարի կարևորությունը հայ ժողովրդի պատմության մեջ: Թարգմանիչներին սրբացնելով և նրանց նվիրված տոն սահմանելով՝ հայ ժողովուրդը նվիրականացրել է թարգմանությունը՝ որպես ազգային ինքնության, լեզվի և մշակույթի պահպանման ու շարունակականության կարևոր երաշխիք:

Ճարտարապետ Էրիկ Օհանյանի նախագծած Սրբոց Թարգմանչաց եկեղեցին նախատեսվում է ավարտին հասցնել 2029 թվականին: Այն դառնալու է «Այբ» կրթական ավանի կարևոր բաղադրիչներից մեկը՝ լրացնելով կրթական միջավայրը հոգևոր կյանքի, աղոթքի և մտորումների տարածքով:

Հանդիսավոր արարողության ընթացքում եկեղեցուն նվիրաբերվեց Արարատ լեռան վրա օրհնված սկիհը՝ որպես ապագա տաճարի հոգևոր ճանապարհի խորհրդանշական սկիզբ: Եկեղեցուն կից նախատեսվող գրադարանի առաջին գիրքը դարձավ 19-րդ դարում Հ. Արսեն Բագրատունու հրատարակած գրաբար Աստվածաշունչը՝ խորհրդանշելով գիտելիքի, հավատի և իմաստության անքակտելի կապը:

Սրբոց Թարգմանչաց եկեղեցու կառուցման մեկնարկը պարզապես շինարարական ծրագրի սկիզբ չէ: Այն «Այբ»-ի կրթական առաքելության շարունակությունն է՝ միտված գիտելիքի, հոգևոր արժեքների և ազգային ժառանգության փոխանցմանը հաջորդ սերունդներին: Եկեղեցին կոչված է դառնալու մի վայր, որտեղ պատմական ժառանգությունը կենդանի ներկայություն է, իսկ կրթությունն ու հոգևոր կյանքը համատեղ նպաստում են պատասխանատու, արժեքահեն և ազգային ինքնագիտակցություն ունեցող սերունդների ձևավորմանը:

Մեկնարկը տրված է․ առջևում Սրբոց Թարգմանչաց եկեղեցու կառուցման ճանապարհն է՝ հանուն կրթության, հավատի և հայ ինքնության շարունակականության:

20.10.2026
Գլխավոր Նորություններ

Վերափոխենք Հայաստանը կրթությամբ. ուսուցիչների հետ հանդիպում Տավուշում

ԴԿԴ-ում տեղի ունեցավ «Վերափոխենք Հայաստանը կրթությամբ» խորագրով միջոցառումը։
15.07.2026

«405» կրթական դաշինքը «Այբ»-ում

Հունիսի 9-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալել էր «405» կրթական դաշինքի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին։
10.06.2026

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին նվիրված գալա ընթրիքը

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին նվիրված գալա ընթրիքը համախմբեց կրթության փոխակերպող ուժին հավատացող համայնքին։
09.05.2026
Վերջին Նորություններ

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ «Այբ» կրթական հիմնադրամում

Ապրիլի 28-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալեց աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին:
30.04.2026

Ամփոփվել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրի հերթական փուլը

Ամփոփվել է յոթամսյա վերապատրաստման ծրագրի հերթական փուլը։
29.04.2026

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդես

Տեղի ունեցավ «Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդեսը։
08.04.2026
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված