Հունիսի 10-ին Դիլիջանի կենտրոնական դպրոցում տեղի ունեցավ «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնած «Վերափոխենք Հայաստանը կրթությամբ» ուսուցչական հանդիպումը, որն իր շուրջ համախմբել էր Տավուշի մարզի մոտ 60 ուսուցիչների։
Միջոցառման մեկնարկին «Այբ» կրթական հիմնադրամի նախագծերի ղեկավար Խաչիկ Աբաջյանը ներկայացրեց միջոցառման նպատակն ու օրակարգը: Ներկաներին ողջունեց «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահե Գաբրիելյանը: Նա առանձնահատուկ ընդգծեց ուսուցիչների հետ անընդմեջ ու հետևողական աշխատանքի կարևորությունը՝ նշելով, որ իրական և համապարփակ փոփոխությունները կրթական համակարգում պետք է սկիզբ առնեն հենց մարզերից:
Մասնակիցներին ողջունեց նաև Դիլիջանի կենտրոնական դպրոցի գործադիր տնօրեն Արամ Մեհրաբյանը՝ արժևորելով նման ձևաչափով հանդիպումների դերը մանկավարժների մասնագիտական զարգացման և կրթական նորարարությունների ներդրման գործում:
Հիմնական ելույթով հանդես եկավ «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը՝ ներկայացնելով «Ինչպես ձևավորել արժեքահեն միջավայր դպրոցում» թեման: Նա անդրադարձավ դպրոցի՝ ոչ միայն որպես գիտելիք փոխանցող օղակի, այլև ազգային ու համամարդկային արժեքներ կրող, մտածող և պատասխանատու քաղաքացի կերտող միջավայրի կարևորությանը:
Հանդիպման երկրորդ հատվածում ուսուցիչները բաժանվեցին փոքր խմբերի և մասնակցեցին հետևյալ թեմատիկ աշխատանքային քննարկումներին։
Այս ձևաչափը ուսուցիչներին հնարավորություն ընձեռեց ոչ միայն ձեռք բերելու նոր հմտություններ, այլև ծավալելու ակտիվ քննարկումներ, կիսելու սեփական փորձը և միասին դիտարկելու դպրոցներում առկա մարտահրավերների հաղթահարման ուղիները:
Միջոցառումն ամփոփեց «Այբ» կրթական հիմնադրամի «Այբ» ակադեմիայի տնօրեն Շարիստան Մելքոնյանը: Նա գոհունակություն հայտնեց ներկաներին՝ բարձր ներգրավվածության և ակտիվ մասնակցության համար, ամփոփեց օրվա արդյունքները և վերահաստատեց կրթության որակի բարձրացման շուրջ մանկավարժական համայնքի հետ ակտիվ երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը: