Վերադառնալ

Մանկավարժության ուժը. Հայարփի Սաղաթելյանի պատմությունը

 

Ժամանակակից կրթական համակարգում դպրոցի և ուսուցչի դերը հաճախ սահմանափակվում է միայն գիտելիք փոխանցելու գործառույթով։ Սակայն «Այբ» կրտսեր դպրոցի դասվարական խմբի ղեկավար Հայարփի Սաղաթելյանի համար ուսուցչի առաքելությունն ավելին է, քան պարզապես դասավանդելը։ Մի ճանապարհ է, որտեղ մանկավարժն ու աշակերտը միասին են աճում՝ ստեղծելով ազատության և ինքնաճանաչման միջավայր։ Նրա կարծիքով՝ «Այբ»-ի հիմքում ընկած է հենց այս մոտեցումը, որը թույլ է տալիս երեխաներին ոչ միայն սովորել, այլև ճանաչել իրենց շրջապատող աշխարհը և դառնալ սեփական հաջողության հեղինակները։


«Այբ» կրտսեր դպրոցի ձևավորման ուղին

Հայափի Սաղաթելյանը կրտսեր դպրոցի հիմնադրման առաջին օրից եղել է դրա ձևավորման ճանապարհի մասնակիցը։ Այն ժամանակ, երբ «Այբ»-ն արդեն ուներ հստակ առաքելություն և նպատակներ, նորաբաց տարրական դպրոցը (այսպես էր կոչվում կրտսեր դպրոցը մինչև 2025 թ.) միացավ «Այբ»-ի մեծ գաղափարին՝ քայլելով նույն ուղով։ «Այբ» կրթական հիմնադրամի ծրագրերը, տեսլականն ու նպատակները դարձան նաև տարրական դպրոցի գործելու հիմքը։

Տարիների ընթացքում ստեղծվեց ծրագիր, տարվեց մեծ աշխատանք, և արդյունքում ձևավորվեց այն միջավայրը, որն այսօր արդեն կարելի է հպարտությամբ ներկայացնել։

«Այսօր ունենք խաղընկեր, հոգատար ուսուցիչներ և արթուն, հետաքրքրասեր երեխաներ, ովքեր աշխարհը ճանաչելու մեծ ցանկություն ունեն»,— նշում է Հայարփին։


Երեխային ճանաչելը՝ ամենօրյա հետազոտություն

Հայարփիի համար մանկավարժական աշխատանքը գիտական հետազոտության նման է։ Նա համարում է, որ ուսուցչի ամենակարևոր առաքելություններից է երեխային ճանաչելը։ Եվ դա շարունակական ընթացք է։

«Երեխային ճանաչելը մանկավարժի ամենօրյա հետազոտությունն է։ Երբ դասվարն առաջին անգամ մտնում է դասարան, նա սկսում է հետազոտական աշխատանք։ Ամեն օր վերլուծում է՝ ինչպես է երեխան արձագանքում, ինչ է նրան հետաքրքրում, երբ է ընկալում։ Այդ վերլուծության հիման վրա էլ կառուցվում են դասերը»։

Այս մոտեցումն է, որ թույլ է տալիս յուրաքանչյուր երեխայի դիտարկել որպես ինքնուրույն սովորողի։ Այդ դեպքում երեխան դառնում է սեփական զարգացման հեղինակը և վստահ քայլում առաջ։ Հայարփին բացատրում է․

«Երբ երեխան սկսում է տեսնել ու վայելել իր աճը, դա դառնում է ամենաուժեղ մոտիվացիան։ Մեր նպատակը հենց դա է՝ ստեղծել պայմաններ, որ երեխան ինքնուրույն աճի, իսկ մենք լինենք նրա կողքին ու ուրախանանք նրա հաջողություններով»։

Ուսուցչի համար մանկավարժ լինելը նշանակում է ապրել ոչ միայն սեփական, այլև հարյուրավոր երեխաների կյանքով։

«Դու մտքում հյուսում ես նրանց պատմությունները, մտածում ես՝ ապագայում ուր կհասնեն այն սերմերը, որոնք այսօր ես տնկում։ Դա անսահման մեծ պատասխանատվություն է, բայց նաև անսահման երջանկություն»։


Ազատություն և խաղ՝ որպես ուսուցման հիմք

Կրտսեր դպրոցի միջավայրում ազատությունն ամենակարևոր արժեքներից է։ Ազատություն մանկավարժի համար՝ փորձարկելու, ստեղծելու, և ազատություն երեխայի համար՝ հարցնելու, փորձելու, սխալվելու ու նորից փորձելու։

Սաղաթելյանը համոզված է․

«Ազատությունն է ինձ ոգեշնչում։ Այստեղ ինձ ոչ ոք չի սահմանափակում, չի թելադրում ինչպես դասավանդել։ Ես ունեմ ազատություն ստեղծագործելու, իսկ նույն ազատությունն էլ փոխանցվում է երեխաներին։ Նրանք զգում են, որ կարող են ինքնուրույն մտածել ու քայլել»։

Խաղը ևս կրթության ընթացքի անբաժան մասն է։

«Պետք է պարտադիր խաղի միջոցով սովորեցնել։ Երեխան դեռ խաղի աշխարհում է ապրում։ Խաղը միակ լեզուն է, որով կարող ես նրան փոխանցել և՛ գիտելիք, և՛ արժեքներ։ Խաղը դարձնում է դասը հետաքրքիր, և երեխան սկսում է վստահել ուսուցչին»,— բացատրում է նա։


Տեխնոլոգիաները և փորձառության ուժը

Այսօր շատերը կարծում են, թե լավ դպրոցն այն է, որտեղ շատ ՏՀՏ գործիքներ կան։ Բայց Հայարփին իր մոտեցումն ունի.

«Հաջող ուսուցիչը նա չէ, ով շատ հավելվածներ գիտի, այլ նա, ով հասկանում է՝ երբ է երեխան սովորում, երբ է ընկալում։ ՏՀՏ գործիքները կարող են աջակցել, բայց տարրականում ամենակարևորը զննական պարագաներն են։ Երեխան պետք է տեսնի, շոշափի, ուսումնասիրի»։

Նա հիշում է դասապատրաստման ընթացքից այն դրվագ․ը, երբ երեխաներն առաջին անգամ ձեռքով շոշափեցին հարյուրյակը։

«Էկրանով, իհարկե, կարող ես ցույց տալ, որ հարյուր հատիկ կա։ Բայց երբ երեխան ձեռք է տալիս ու զգում է՝ ինչպես են հատիկները տեղաշարժվում, այդ փորձառությունը տպավորվում ու իր համար անմոռանալի է դառնում»։


Ժամանակի հետ փոխվող երեխաներ

Վերջին տասնամյակում երեխաների սովորելու ձևերը փոխվել են։ Նրանք համբերատար չեն, սիրում են կարճ տեքստեր և արագ արդյունքներ։

«Երեխաներն այսօր ցանկանում են արագ տեղեկատվություն ստանալ։ Բայց մենք մեր ծրագրով ձգտում ենք հակառակն անել՝ սովորեցնել կենտրոնանալ, համբերել ու քայլ առ քայլ հասնել նպատակին»,— պատմում է Հայարփին:

«Այբ»-ում պարբերաբար վերանայվում են ծրագրերը՝ կարևորելով ոչ միայն վերջնարդյունքը, այլև դասավանդման ընթացքը.

«Մեզ համար նույնքան կարևոր է, թե ինչպես ենք հասնում արդյունքին։ Ամեն տարի վերանայում ենք մեր ծրագիրը, վերլուծում ենք և փոփոխում՝ երեխաների իրական պահանջներին համապատասխան»,— ասում է նա։


Ակադեմիականից դուրս՝ հոգեբանական պատրաստություն

«Այբ»-ում կրթությունը միայն գիտելիք չէ։ Այն նաև հոգեբանական պատրաստություն է՝ ինքնակառավարում, պատասխանատվություն, սեփական աճի գիտակցում։

«Երեխան պետք է կարողանա տեսնել իր քայլերի հետևանքները։ Պետք է սովորի կառավարել իրեն։ Մենք ոչ միայն գիտելիք ենք փոխանցում, այլև ձևավորում ենք կարողություններ, որոնք նրան պետք կգան ամբողջ կյանքում»,— ասում է Հայարփին:

Խրախուսանքը նույնպես առանցքային է․

«Կարևոր է, որ երեխան չհամեմատվի մյուսների հետ։ Նա պետք է խրախուսվի իր սեփական առաջընթացի համար։ Դա է նրան ուժ տալիս»,— ընդգծում է նա։

02.10.2025
Գլխավոր Պատմություններ

Դիլիջանի կենտրոնական դպրոցը․ երկու ընկերների կրթական ուղին

Այս տարվա սեպտեմբերից Դիլիջանի կենտրոնական դպրոցում գործում է նաև ավագ բաղադրիչը։ Այստեղ աշակերտները հնարավորություն կունենան սովորելու «Արարատյան բակալավրիատ» ծրագրով՝ ստանալով համաշխարհային մակարդակով մրցունակ կրթություն հենց իրենց քաղաքում։
01.09.2025

Երազանքների ճանապարհով․ երեք արցախցի աշակերտների պատմությունները «Այբ»-ում

Այսօր պատմելու ենք աշակերտներից երեքի՝ Արամի, Դիանայի և Արսենի ուղու մասին․ բարդ իրականությունից դեպի նոր, երբեմն անծանոթ, բայց միանգամից ընդունող և հնարավորություններով լի դպրոցական կյանք։ Երեքն էլ տարբեր փորձառությամբ, տարբեր երազանքներով, բայց միևնույն հավատով են եկել «Այբ»՝ կրթություն ստանալու, հասունանալու ու սեփական ճանապարհը կառուցելու նպատակով:
17.07.2025

Առաջնորդներ չեն ծնվում, ձևավորվում են

Արմեն Հարությունյանի և Թամարա Սիմոնյանի վերապատրաստման ուղին «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրի շրջանակում «Այբ»-ի տեսլականը երբեք չի սահմանափակվել միայն աշակերտակենտրոն կրթությամբ։ Կրթական համակարգում ամենաուժեղ փոփոխությունը սկսվում է այն ժամանակ, երբ վերանայվում է ուսուցչի ու տնօրենի դերը։ Այդ պատճառով էլ ուսուցիչների ու տնօրենների վերապատրաստումն ու կարողությունների զարգացումն «Այբ»-ի կրթական առաքելության հիմնական շերտերից մեկն են։ Վերապատրաստումը դառնում է վերապրելի փորձառու
04.06.2025
Վերջին Պատմություններ

Լիլիթ Մինասյան. ճակատագրական հանդիպումից դեպի «Այբ»

Պատմական գիտությունների թեկնածու Լիլիթ Մինասյանն «Այբ» դպրոցի հասարակագիտական առարկայախմբի ղեկավարն է, որն արդեն 13 տարի է, ինչ աշխատում է այստեղ և դասավանդում համաշխարհային պատմություն։
20.05.2025

«Այբ»-ից Օքսֆորդ. սխալներից մինչև հաջողություն

Այսօր արդեն մասնագիտությամբ կենսաինֆորմատիկ Տաթևիկը վերջերս է ավարտել Օքսֆորդի համալսարանի մագիստրատուրան ու վերադարձել Հայաստան: Նրա հետ զրուցել ենք, թե ինչպես է «Այբ»-ի կրթավճարային համակարգն օգնել իրականացնելու նրա նպատակները, իսկ դպրոցը, նույնիսկ տարիներ անց, մնացել նրա կյանքի անբաժանելի մասը:
14.04.2025

Երաժշտությունից գիտություն. երբ ուսումը սահմաններ չի ճանաչում

Նախագծային ուսումնառությունը, որն ուսումնական ծրագրի կարևոր մաս է, 2015 թվականից օգնում է աշակերտներին ձեռք բերելու նոր հմտություններ, բացահայտելու իրենց հետաքրքրությունները և նույնիսկ կողմնորոշվելու ապագա մասնագիտության հարցում։
17.03.2025
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված