Վերադառնալ

Երկու նախագիծ՝ GenU-ի միջազգային փուլում

 

Հայաստանում ամփոփվեց imaGen երիտասարդական համաշխարհային նախաձեռնության շրջանակում անցկացվող «Սերունդ առանց սահմանների» մրցույթի ինկուբացիոն փուլը, որի արդյունքում հետաքրքիր նախագծերի գաղափարներ ներկայացրած հայ երիտասարդների 7 թիմերից երկուսն անցան հաջորդ՝ միջազգային փուլ, որում մրցելու են աշխարհի տարբեր երկրների թիմերի հետ։ Սա հնարավորություն է մեր երիտասարդների համար զարգացնելու նորարական միտքը, այն վերածելու կենսունակ նախագծի և դրանով լուծելու արդիական ու հանրօգուտ որևէ խնդիր։

«Սերունդ առանց սահմանների» մրցույթը Հայաստանում իրականացվում է արդեն երկրորդ անգամ: Այս տարի մրցույթը մեկնարկեց մարտին՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և «Այբ» կրթական հիմնադրամի համագործակցությամբ։ Մրցույթի գործընկերներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, «Սիներջի» ընկերության հայաստանյան գրասենյակը, «Ստարտափ Արմենիա» հիմնադրամն ու «Բոդի շոփ» բրենդի հայաստանյան մասնաճյուղը։

Մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է 109 հայտ Հայաստանի վեց մարզերի և քաղաքամայր Երևանի 14-24 տարեկան երիտասարդների կողմից։ Ընդհանուր ընտրական հանձնաժողովը ներկայացված հայտերից որպես առավել խոստումնալից առանձնացրել է 12-ը, որոնք ներկայացնող թիմերը մրցել են մայիսի 28-29-ին Դիլիջանում անցկացված վարժանքի ընթացքում։ Արդյունքում հայ երիտասարդների 7 թիմ, նախաֆինանսավորում ստանալով (1000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ), անցել է ինկուբացիոն փուլ և սկսել նախագծերի իրականացումը։

Ինկուբացիոն փուլի ընթացքում այս 7 թիմերը, աշխատելով համապատասխան ոլորտների փորձագետների հետ, միջազգային փուլին ընդառաջ ձեռք են բերել նոր հմտություններ և իրականացրել իրենց առաջարկած գաղափարները։

Ըստ «Սերունդ առանց սահմանների» մրցույթի կանոնների՝ միջազգային փուլին կարող է մասնակցել յուրաքանչյուր երկրից երկու թիմ․ գաղափարների ներկայացման ավարտին ժյուրիի քվեարկության արդյունքում պարզ դարձավ, որ միջազգային փուլին մասնակցելու են MeDialog-ի և Landslide Rulers-ի գաղափարները։

MeDialog թիմը Հայաստանում մեդիագրագետ հասարակություն ձևավորելու նպատակով սեղանի խաղ է ստեղծել և պլանավորում է դեռահասների համար այս թեմայով դասընթացներ կազմակերպել։ Իսկ Landslide Rulers-ի գաղափարն առնչվում է կլիմայական փոփոխությունների հետևանքով առաջացած խնդիրներից մեկի՝ սողանքների կանխարգելմանը։ Սողանքների կանխարգելման համար թիմը կառուցում է հատուկ կենսաճաղավանդակներ։

Թիմերը վստահ են, որ մրցույթի ընթացքում իրենց ձեռք բերած գիտելիքներն ու հմտություններն օգնելու են իրենց ոչ միայն լավագույնս ներկայանալու միջազգային փուլում, այլև օգտակար լուծումներ բերելու մեր երկիր։

Միջազգային փուլի հաղթողները հայտնի կդառնան այս տարվա հոկտեմբերին։

«Սերունդ առանց սահմանների» մրցույթը հանրային ու մասնավոր հատվածների և երիտասարդության միջև գործընկերության միջազգային ձևաչափ է, որի նպատակը երիտասարդներին օգնելն է դառնալու հանրօգուտ և նվիրված քաղաքացիներ։ Մրցույթի շրջանակում փորձ է արվում կապելու միջնակարգ կրթությունն ու վերապատրաստումը զբաղվածությանն ու ձեռնարկատիրությանը՝ մեծացնելով աշխատաշուկայում յուրաքանչյուր երիտասարդի հաջողելու հնարավորությունը։

Մրցույթին մասնակցում են երիտասարդ նորարարներ Հայաստանից և 53 այլ երկրներից՝  կրթության բարելավման, աշխատատեղերի ստեղծման, քաղաքացիական մասնակցության խթանման համար, ինչպես նաև կլիմայական փոփոխությունների դիմագրավման, մեդիագրագիտության, հոգեկան առողջության և այլ ոլորտներում երկարաժամկետ զարգացման խնդիրների լուծումներ մշակելու նպատակով։ Այսօր այս միջազգային նախաձեռնությունը գործում է 54 երկրում՝ ներգրավելով մոտ 200 կազմակերպություն և ավելի քան 15 մլն երիտասարդի, որոնց կարողություններին զարկ տալով՝ նրանց ներուժը լիարժեք իրագործելու լայն հնարավորություններ են ստեղծվում։

29.08.2022
Գլխավոր Նորություններ

Ուսուցչական համաժողովը համախմբեց Հայաստանի մանկավարժական համայնքին և աշխարհի առաջատար փորձագետներին

«Այբ» կրթական հիմնադրամը հոկտեմբերի 25-26-ին կազմակերպեց «Արժեքահեն կրթություն» ուսուցչական համաժողովը:
27.10.2025

Մեկնարկել է հոգաբարձուների խորհրդի ձևավորման գործընթացը

Մեկնարկել է «Այբ» կրթական հիմնադրամի և «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհուրդների ձևավորման գործընթացը։
21.10.2025

Թարգմանչաց տոնն Օշականում

«Այբ»-ը Թարգմանչաց շարժման յուրատեսակ շարունակությունն է և առաջնորդվում է Հայաստանում կրթության բարձր նշաձող սահմանելու նույն գաղափարով։
15.10.2025

60 տնօրեններ և տնօրենի հավակնորդներ մասնակցում են վերապատրաստման ծրագրի

Մեկնարկեց «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագրի նոր փուլը։
09.10.2025
Վերջին Նորություններ

«Այբ» կրթական հիմնադրամի ուղերձն Ուսուցչի օրվա կապակցությամբ

«Այբ» համայնքի անունից շնորհավորում ենք ուսուցիչներին և երախտագիտություն հայտնում սերունդներ կրթելու առաքելությանը նվիրվելու համար:
05.10.2025

«Կրթության կառավարում և առաջնորդություն» դասընթացի նոր փուլը

Ծրագրին մասնակցում են «Մեկ ձայն» ասոցիացիայի և որոշ հանրակրթական ուսումնական հաստատությունների անդամներ։
25.09.2025

Դիլիջանի ավագ դպրոցում մեկնարկեց «Այբպրո» նախագծային ուսումնառության ծրագիրը

Ծրագիրը կյանքի է կոչվում «Կերոն» զարգացման հիմնադրամի և «Այբ» կրթական հիմնադրամի համագործակցությամբ։
22.09.2025
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված