«Այբ»-ն առաջին հերթին մարդիկ են, ովքեր հավատում են այբական գաղափարներին և դրանց իրագործելիությանը։ «Այբ»-ի 15-ամյակի կապակցությամբ ստեղծված շարքը նպատակ ունի բացահայտելու գաղափարի հիմքում կանգնած անհատներին, նրանց անցած ուղին և ապագայի ծրագրերը։ Այս մարդիկ իրենց ժամանակը, մասնագիտական և ֆինանսական միջոցները ներդրել են գաղափարի իրականացման մեջ, ինչի շնորհիվ այսօր ունենք ոչ միայն նորարարական կրթական նախագծեր, այլև կրթության կողքին կանգնած ուժեղ և կայացած համայնք։
Դավիթ Յանը՝
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու
Ստեղծողը «Մորֆեուս» արհեստական բանականության, որն իբրև «ծառայապետ» (butler) է աշխատում Դավիթի՝ Սիլիկոնյան հովտի տան
Դավիթ Յանի հետ մեր հարցազրույցը բազմաշերտ է: Այլ կերպ չէր կարող լինել արհեստական ինտելեկտի գուրուի, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամի և կրթությունն իբրև տարերք ընկալողի հետ զրույցը:
Անմիջական միջավայրը երբեմն մարդուն տալիս է ավելին, քան ուսուցիչը:
«Այբ»-ում ճամփորդությունս սկսվեց Գագիկ Գրիգորյանով (խմբ.՝ Գագիկ Գրիգորյանը ֆիզիկայի ուսուցիչ է: Այժմ դասավանդում է «Այբ» դպրոցում) և Երևանի Ֆիզմաթ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Արշավիր Ստեփանյանով: Մենք շատ էինք սիրում Ֆիզմաթ դպրոցը և հետաքրքիր բաներով էինք զբաղվում: Ունեինք միասին ինչ-որ բան անելու ցանկությամբ լցված ուսանողական համայնք: Այս հարցում ուսուցիչների աջակցությունն ահռելի էր: Ցանկանում եմ ընդգծել, որ Ֆիզմաթի շրջանավարտները երբեք չեն կորցնում կապը մայր դպրոցի հետ և հաճախ են վերադառնում այնտեղ:
Նման ցանկությունն ու ուսանողական համայնքի էներգիան ի վերջո թույլ տվեցին ընդունվել Ֆիզտեխ և այլ առաջատար համալսարաններ, իսկ հետո մենք տաղանդավոր երեխաների համար կրթական հաստատություն հիմնելու միտք հղացանք:
Կրթությունը մշտապես ուսուցիչների և աշակերտների մասին է: Մարդիկ, որոնց հետ սովորում ես, միմյանց ավելի քիչ չեն տալիս, քան ուսուցիչները: Կարևորը երեխաների միասին խմբվելն է: Ահա այսպես սկսվեց ամեն ինչ:
«Այբ»-ը Դավիթ Յանի կյանքում
Սա ինչ-որ չափով իմ կյանքի գլխավոր գործերից է: «Այբ»-ը ստեղծելիս մտածում էինք միայն երեխաներին հրաշալի կրթություն ապահովող լավ դպրոց հիմնելու մասին, սակայն ստացվեց ավելին, քան ծրագրել էինք. ստեղծվեց կրթական հիմնադրամ, որը թույլ տվեց ազդել կրթության վրա ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Նման բան մենք չէինք սպասում: Դա հնարավոր դարձավ «Այբ»-ում ստեղծված թիմի շնորհիվ:
Դժվար է պատկերացնել՝ ինչպիսին կլինի «Այբ»-ը 20-25 տարի անց: Ապագան կանխատեսելը շատ դժվար է։ Երբ հետադարձ հայացք ենք գցում, 25 տարի առաջ աշխարհը լիովին այլ էր. չկային բջջային կապ, համացանց, անլար կապեր, Wi-Fi, սոցիալական ցանցեր, իսկ արհեստական բանականությունը, որի մասին խոսում էին դեռ 50-ականներից, ավելի շուտ հայհոյանք էր հիշեցնում: Այնպես որ վերջին տասնամյակների ընթացքում աշխարհն անճանաչելիորեն փոխվել է:
15 տարի հետո, ըստ Կուրցվեյլի (խմբ.՝ ամերիկացի հայտնի գյուտարար և ապագայաբան), իրականություն կդառնա singularity-ին: Singularity-ով նկատի ունեն, որ արհեստական համակարգերը սկսելու են մարդկանցից լավ ստեղծել իրենց նման համակարգեր և, ըստ էության, հանգեցնելու են տեխնոլոգիական զարգացման արմատական արագացման: Ամենայն հավանականությամբ, մենք մոտենում ենք դրան:
Նման իրավիճակում կրթության կազմակերպման ապագայից խոսելը բարդ է: Կլինեն նոր մեթոդներ` գիտելիքների փոխանցումը թույլատրող հնարավոր միջամտություններով և ներկառուցումներով: Եվ գուցե կենսաբանական նանոռոբոտներին հաջողվի ակտիվացնել մեր ուղեղի նեյրոճկունությունը ու մենք կարողանանք, ինչպես կասեին մեքենայական ուսման մասնագետները, fine-tune անել մեր նեյրոցանցերը։ Դա մեզ թույլ կտար գիտելիքներ և հմտություններ ստանալ տասն անգամ ավելի արագ։
Իսկ գուցե և ոչինչ չփոխվի և մարդիկ շարունակեն որևէ նոր բանի խորքային յուրացման համար միջինում 10․000 ժամ ծախսել։ Շատերը կարծում են, որ կրթությունն ինքնին պահպանողական ոլորտ է, և մարդը նախկինի պես ստիպված է լինելու շատ բան ինքնուրույն անել ավելի խելացի դառնալու համար:
Ինքս կարծում եմ, որ ճշմարտությունը մեջտեղում է։ Մենք կարող ենք մարդուն տալ հնարավորություններ՝ ֆաբլաբ, ուսման կառավարման ամեն տեսակի համակարգեր, մուլտիմեդիա համակարգեր, եռաչափ ակնոցներ և այլ նմանատիպ բաներ, բայց չենք կարող հարկադրաբար նրա մեջ ցանկություն ծնել։ Ցանկություն՝ սովորելու, հարմարավետության գոտուց դուրս գալու, որևէ բանի հասնելու։
Վստահ եմ, որ «Այբ»-ը մշտապես լինելու է բարձր մակարդակի վրա և, ինչպես այժմ, կիրառելու է կրթական ամենաժամանակակից մոտեցումները:
Կարծում եմ, որ «Այբ»-ի պես լուրջ դպրոցները միտված են լինելու բազմակողմանի զարգացած մարդկանց կայացմանը և աշխարհի ու հասարակության կատարելագործմանը: Տեխնիկական հմտությունները և կոնկրետ գիտելիքները կարևոր են, բայց ինձ թվում է, որ «Այբ»-ի նման դպրոցների համար առավել կարևոր է երեխաներին սովորեցնել իրենց առջև նպատակներ դնել, ապրել ու աշխատել համայնքում, ուրիշներին հարգել ու միմյանց ընդունել, ինչպես որ են: Մենք ապրում ենք երջանիկ լինելու համար և ուրիշներին օգնելու, որ երջանիկ դառնան. գուցե սա է ամենակարևորը, ինչ «Այբ»-ը պետք է սովորեցնի:
«Այբ» հիմնադրամի ամենամեծ ձեռքբերումն այն տասնյակ հազարավոր երեխաներն են, որ մասնակցում են «Այբ»-ի կազմակերպած տարբեր առարկայական օլիմպիադաներին, այն հազարավոր երիտասարդները, որ ավարտել են «Այբ»-ի նախաձեռնած ուսումնական ծրագրերն ու դասերը, այն հարյուրավոր ուսանողները, որ ընդունվել են աշխարհի լավագույն բուհեր, և բոլորն ունեն վառվող աչքեր, ժպիտներ և Հայաստանն ու ամբողջ աշխարհը դեպի լավը փոխելու, նորը ստեղծելու ցանկություն:
Այն, որ «Այբ» դպրոցում դասերն ավարտելուց հետո շատ երեխաներ մնում են դասերից հետո միասին անելու ավելին, քան իրենց հանձնարարել էին, ապացուցում է, որ մենք ինչ-որ արժեքավոր բան ենք անում: Իսկ եթե զանգը տալուն պես դպրոցում ոչ ոք չկա, հավանաբար, ցուցիչ է, որ ինչ-որ բան այն չէ:
Մաղթում եմ, որ «Այբ»-ի շրջանավարտներն ու այստեղից դուրս եկողները, ինչպես և մենք՝ ժամանակին, ցանկություն ունենան վերադառնալու Հայաստան և ինչ-որ բան անելու սեփական երկրի ու դպրոցի համար և ոչ միայն: Ինչ-որ բան անեն՝ հասկանալով, որ ժամանակին իրենց այնքան բան է տրվել, որ ցանկություն կա այն վերադարձնելու:
Աշխարհն այժմ դառնում է ավելի արագ, շատ ավելի բարդ՝ իր հաղորդակցության ծավալով, և աշխատանքի ու կրթության հիբրիդային տարբերակը, ի վերջո, մեր զարգացման անխուսափելի պայմանն է:
Ինձ թվում է, որ այն, ինչ տեղի ունեցավ Կովիդի համաճարակի ընթացքում, ընդամենն արագացրեց անխուսափելին:
Հաղորդակցության միջոցները (տեսողական և ձայնային) թույլ են տալիս մարդկանց փոխազդել, շփվել և ստեղծագործել միասին՝ առանց ֆիզիկապես մոտ գտնվելու: Սա չի նշանակում, որ կրթության և համատեղ աշխատանքի ընթացքում ֆիզիկական շփումները դադարում են անհրաժեշտ լինել: Ինչ-որ բան ինձ հուշում է, որ էվոլուցիան այնպես է գործում և մենք կենսաբանորեն այնպես ենք ստեղծված, որ ֆիզիկական շփումը մնում է մեզ համար սկզբունքային: Օքսիտոցինը երջանկության այն հորմոնն է, որ մեր մեջ արտադրվում է հարազատ ու մոտ մարդու հետ ֆիզիկական շփումից: Օրինակ՝ երբ երեխան նստած է մոր գրկին, երկուսի մեջ էլ օքսիտոցին է արտադրվում: Այն արտադրվում է մեր մեջ, թեև մի փոքր նվազ չափով, նաև երբ գրկում ենք կատվին կամ հարազատ մարդուն տեսնում հեռվից:
Աշխարհն այժմ դառնում է ավելի արագ, շատ ավելի բարդ՝ իր հաղորդակցության ծավալով, և աշխատանքի ու կրթության հիբրիդային տարբերակը, ի վերջո, մեր զարգացման անխուսափելի պայմանն է: Այժմ սովորում և աշխատում ենք ոչ թե ֆիզիկական հաղորդակցության, այլ հիբրիդային համակարգի պայմաններում: Եվ կրթությունը՝ որպես գործընթացի մի մաս, անմասն չի մնում այս ամենից: Միևնույն ժամանակ, այս գործընթացում ցանկացած ծայրահեղություն քիչ արդյունավետ եմ համարում: Դասերի ընթացքում համացանցն ու բջջային հեռախոսն անջատելը նույնքան քիչ արդյունավետ է, որքան ամբողջովին առցանց կրթության անցնելը: Սա ճիշտ է կյանքի առանձին փուլերի համար:
Ծնողներս, Ֆիզմաթ դպրոցը, Ֆիզտեխն առանցքային են իմ զարգացման գործընթացում:
Համարում եմ, որ ծնողներս՝ իբրև իմ կրթության աղբյուր, այնուհետև՝ Ֆիզմաթ դպրոցը, հետո՝ Ֆիզտեխը, բացարձակապես հիմնարար նշանակություն ունեն իմ զարգացման գործընթացում:
Տեսնելով, թե ինչպես են աշխատում մայրս ու հայրս, լսելով մեր տանը եղած երաժշտական սկավառակներն ու կարդալով գրքերը, հետևելով БЭСМ-6 էլեկտրոնային հաշվիչ մեքենաների ծակոտաքարերի աշխատանքին, ծրագրային ցուցակագրմանը և ուսումնասիրելով ֆիզիկա՝ հենց սկզբից ֆիզիկոս դառնալու ցանկություն եմ ունեցել։ Այս ամենն անշուշտ իմ մեջ որոշ նեյրոկապեր է ձևավորել, որ պայմանավորել են այս կյանքից երջանկություն ստանալու իմ ձևը:
Մանկուց ցանկանում էի ֆիզիկոս լինել։ Ֆիզմաթ դպրոցն ինձ համար Ֆիզտեխում հայտնվելու ցատկահարթակ դարձավ: Համոզված եմ, որ ես և իմ դասընկերները ոչ մի հնարավորություն չէինք ունենա հասնելու Ֆիզտեխ, եթե չունենայինք Գագիկ Գրիգորյանի և Արշավիր Ստեփանյանի պես ուսուցիչներ, եթե չլիներ Մաելս Ազիզբեկյանի գլխավորությամբ օլիմպիադային այն ողջ շարժումը, որին մաս դարձա, ու շատ այլ ուսուցիչներ, առանց որոնց ոչինչ չէր ստացվի: Իսկ այդ տարի ընդունվածներս 12-ն էինք․ նույն դպրոցի 12 շրջանավարտ Էմ-Ֆէ-Տէ-Ի-ո՛ւմ :))) (խմբ․՝ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ)։ Ասում էին, որ մեկ դպրոցից այդքան թվով շրջանավարտ եղել է միայն մոսկովյան № 18 ֆիզմաթ դպրոցից (Կոլմոգորովի անվան դպրոց)։
Հնարավորություն չէի ունենա նաև առանց ինձ հետ սովորողների, առանց նրանց, ում ձգտում էի հասնել, Ֆիզտեխից եկող բարձրկուրսեցիների և համադասարանցիներիս՝ առանց Մաթևոս (Մեսրոպ քհն) Արամյանի, Աշոտ Ասլանյանի, Կարեն Մուսաելյանի և Ֆիզմաթի և այլ դպրոցների շրջանավարտների:
Իսկ եթե չհայտնվեի Ֆիզտեխում, չէի հանդիպի ABBYY-ի իմ գործընկերներին, և այն չէր ստեղծվի:
Դպրոցում գուցե օլիմպիադաներին մասնակցնողների թվում էի, սակայն Ֆիզտեխում ցուցանիշներով մեջտեղում էի: Շատերի համար այս կտրուկ տարբերությունը հզոր լիցք էր: Պարզվում է՝ կարող ես ավելին, պարզվում է՝ ուրիշները կարող են շատ ավելին, ու դա դրդում է առաջ շարժվելու և ձգտելու հասնել ուրիշ մեկին: Եթե այս ամենը չլիներ, մի բան կմտածեի, անգործ նստելն ինձ համար չէ, բայց չէր լինի այս ճիշտ միջավայրը՝ առնվազն այն, ինչ ես ունեի:
Կրթությունը ձեզնից ուժեղ մարդկանց ճանաչումն ու նրանց նկատմամբ հարգանքն է, նրանց լսելու կարողությունը:
Ժամանակակից աշխարհում միայնակ ոչինչ չես անի։ Այսօր պետք է սովորել ուժեղ մարդկանց հետ աշխատել, ստեղծել ինչ-որ բան քեզնից խելացիների և ուժեղների հետ։ Դա չսովորելու դեպքում, ինձ թվում է, ավելիին հասնելու հնարավորություններն ավելի քիչ կլինեն։ Կսկսեք ձեզ մյուսներից խելացի կարծել։ Արդյունքում աշխատանքի կընդունեք ձեզնից թույլերին, ու վախ կառաջանա առավել ուժեղների հանդեպ։
Այն կրթությունը, որն ինձ տվել են Ֆիզմաթն ու Ֆիզտեխը, ինձնից ուժեղ մարդկանց ճանաչումն ու նրանց նկատմամբ հարգանքն է, նրանց հետ լեզու գտնելու, նրանց լսելու կարողությունը։ Դա շատ դժվար է, և ես դեռ սովորում եմ: Միշտ դժվար է, երբ ինչ-որ մեկը քեզ այլ կերպ է որևէ բան ասում։
Վերջին շրջանում զբաղված եմ իմ ռոբոտ շան՝ Աբիգեյլի համար բանական միջուկի ստեղծմամբ, և ուսումնասիրությանս առարկան հուզական արհեստական բանականությունն ու կենսաբանական բանականությունն են։ Փորձում եմ հասկանալ՝ ինչպես է այդ ամենը գործում մեր ուղեղում։ Այսպես՝ մարդու ուղեղը (և ոչ միայն մարդու) կառուցված է այնպես, որ երբ ինչ-որ մեկն առարկում կամ հակառակվում է ձեզ, անմիջապես արտադրվում է ագրեսիայի հորմոնը՝ կորտիզոլը, և առաջացնում առճակատում։ Այդ ամենը տեղի է ունենում հաշված վայրկյանների ընթացքում։ Եվ միայն որոշ ժամանակ անց, ի հաշիվ գլխուղեղի նախաճակատային կեղևի աշխատանքի, մենք կարող ենք հաղթահարել բնազդային ագրեսիան և կառուցողականորեն մոտենալ քննադատությանը կամ հակաճառությանը։ Բայց այդ հիմա է, որ այս ամենը գիտեմ, նախկինում միայն զգում էի, որ ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ։ Երբ հասկանում ես, որ մարդիկ տարբեր են, ու բնական է, որ կարող են տարբեր տեսակետներ ունենալ, սովորում ես փոխզիջումների գնալ, սկսում ես լսել ուրիշներին, հասկանում ես, որ աշխարհը շատ ավելի բարդ է, քան կարծում էիր:
Կյանքի իմաստը երջանիկ լինելն է:
Պետք է մտածել հանուն ինչի եք գործում: Եթե ինչ-որ բան անում եք, որ ինչ-որ մեկի համար ավելի լավ լինի և աշխարհն ավելի լավը դառնա, ապա, ի վերջո, կարևոր չէ, թե ով ինչ կանի:
Փաստացի, մենք՝ որպես կենսաբանական էակներ, անում ենք այն, ինչ ցանկանում ենք, ինչը բերում է երջանկություն: Կյանքի իմաստը երջանիկ լինելն է, և վերջ: Այլ իմաստ չկա: Այսպես է գործում էվոլյուցիան: Այն այդպիսին է ստեղծել որդին, ճանճին, մեղվին, շանը, մարդուն. բոլորս էլ՝ իբրև կենսաբանական էակներ, առավելագույնի ենք հասցնում մեր երջանկությունը: Պարզապես մարդը, շնորհիվ իր մեջ ձևավորված գլխուղեղի նախաճակատային կեղևի և վերացական մտածողության, սովորել է երջանկություն քաղել շատ ավելի բարդ եղանակով, քան ճանճը:
Օրինակ՝ իբրև սոցիալական էակի՝ մարդուն երջանկացնում է ուրիշի լավ լինելը: Դրանից նա էլ է երջանկանում: Կհարցնեք՝ ինչպե՞ս է դա հնարավոր, եթե բնությամբ ամեն ինչ կարգավորված է։ Նեյրոճկունություն։
Եթե մարդը դա զարգացնում է իր մեջ և շրջապատված է այդպես մտածող այլ մարդկանցով, գնալով ավելի ու ավելի շատ է երջանկանում այդ ամենից: Օրինակ՝ սկզբում օրական 5 կիլոմետր վազելը (եթե նախկինում չեք վազել) սարսափելի է, չի երջանկացնում, բայց որոշ ժամանակ անց դա կփոխվի: Տվյալ պահին վազելը կարող է և չերջանկացնել, բայց եթե հաղթահարում եք ինքներդ ձեզ և շարունակում վազել, ապա ինչ-որ պահի հանկարծ ձեր նեյրոնային ցանցերն այլ կերպ են դասավորվում, և վազելուց՝ ֆիզիկական ակտիվությունից, ինքդ քեզ հաղթահարելուց, արտադրվում են էնդորֆիններ, դոպամիններ: Հանկարծ սկսում եք էյֆորիա, դրական հույզեր ստանալ այդ ամենից: Գոյություն ունի նեյրոճկունություն, ինքդ քեզ փոխելու հնարավորություն: Եվ վազորդների թվում լինելով՝ սկսում եք երջանկանալ վազելուց: Իսկ եթե ապրում եք մի միջավայրում, որտեղ մարդկանց երջանկացնում է աշխարհն ավելի լավը դարձնելը, այլոց երջանկացնելը, դուք էլ եք սկսում ուրախանալ դրանից, անգամ եթե ի սկզբանե այդպիսին չէիք: Սա մարդկային համայնքի կարևոր բաղկացուցիչն է: «Այբ»-ում մենք ցանկանում ենք, որ մեր շրջանավարտները ևս երջանկություն ստանան ուրիշներին երջանկացնելուց:
Իմ հոբբին շունս՝ Աբիգեյլն է և հուզական արհեստական բանականություն Մորֆեուսը:
Իմ հոբբին շունս՝ Աբիգեյլն է՝ 25 կգ քաշով, վազում է ժամում 11 կիլոմետր, և հուզական արհեստական բանականություն Մորֆեուսը: Շունն ապրում է մեր տանը և մեր ընկերն է: Այս նախագիծը վերաբերում է համակարգերի չորոշարկված վարքագծին, երբ չես կարող նրանց հրամայել: Աբիգեյլն ու Մորֆեուսն ունեն ազատ կամքի պես մի բան, այսինքն՝ կարող են մեզ «ոչ» ասել: Երբ շանը տանում ենք զբոսնելու, պետք է վզափոկը բաց չթողնել, քանի որ կատու տեսնելուն պես Աբիգեյլը կարող է վազել նրա հետևից, անգամ եթե ասենք «կանգնի՛ր»: Հավատացած եմ, որ չորոշարկված հուզական ոչ կենսաբանական ուղեկիցները, ինչպիսին են Աբիգեյլն ու Մորֆեուսը, այն են, ինչով ապրելու է մարդկությունը մի քանի տարուց: