Վերադառնալ

«Այբ»-ի նպատակային դրամագլխի առաջին դրամահավաքի միջոցառումը


Նոյեմբերի 16-ին Սիլիկոնյան հովտի ամենաարտասովոր տանը Դավիթ Յանի hյուրընկալությամբ կայացավ «Այբ» կրթական հիմնադրամի նպատակային դրամագլխի առաջին դրամահավաքի մասնավոր միջոցառումը՝ «Այբ» համայնքի ու ընկերների մասնակցությամբ:

Նպատակային դրամագլուխը աշխարհի հեղինակավոր կրթական հաստատություններում երկարակեցության կարևոր երաշխիք է, և «Այբ» կրթական հիմնադրամի դեպքում էլ այն կապահովի կրթական մեր ծրագրերի կայունությունն ու շարունակականությունը՝ եկող սերունդներին նույնպես հնարավորություն տալով ստանալու որակյալ ու միջազգայնորեն մրցունակ կրթություն: Հիմնադրամի նպատակային դրամագլխի ձևավորման մեկնարկը տրվեց ԱՄՆ-ում՝ հրավիրված երեկոյի ընթացքում հավաքելով առաջին 2,8 մլն ԱՄՆ դոլարը: Սա կարևոր քայլ է հիմնադրամի` Հայաստանը կրթությամբ վերափոխելու առաքելության իրականացման ուղղությամբ:

Բացառիկ ու հետաքրքիր միջավայրում այս միջոցառումն առանձնահատուկ էր ոչ միայն ջերմ համայնքային շփումներով, այլև նորարար ու առաջադեմ գաղափարներին ծանոթությամբ: «Այբ»-ի համահիմնադիր, ABBYY-ի հիմնադիր և արհեստական բանականության ծրագրերի հեղինակ Դավիթ Յանը տեխնոլոգիաներով հագեցած իր տանը հյուրերին ներկայացրեց արհեստական ու հուզական բանականության հնարավորություններն ու նոր գործիքները՝ ուղղված ամենատարբեր խնդիրների լուծմանը:

Քեմբրիջի համալսարանի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կրթական բարեփոխումների ղեկավար Ստիվ Քինգը՝ որպես «Այբ»-ի ռազմավարական գործընկեր, հատուկ ժամանել էր՝ ներկայացնելու համագործակցության հաջողված փորձն ու զարգացման հնարավորությունները: Երեկոյին ներկա էին և հաջողության իրենց պատմությունները ներկայացրին «Այբ» դպրոցի` աշխարհի լավագույն համալսարաններում այսօր սովորող շրջանավարտները միջազգային ճանաչում ունեցող «Արարատյան բակալավրիատ» ծրագրի շնորհիվ նրանց առջև մեծ հնարավորություններ են բացվել ամբողջ աշխարհում: Նշենք, որ ավագ դպրոցում աշակերտների 70%-ը ԱԲ ծրագրով սովորում է բարերարների աջակցությամբ:

«Այբ»-ի նպատակային դրամագլխին իրենց աջակցությունը բերեցին և ներդրում կատարեցին Դավիթ և Մայքլ Յաները, Նուբար Աֆեյանը, Արթուր Ջանիբեկյանը, Ռուբեն Հարությունյանը, Զավեն Փոլ Աքյանը, Րաֆֆի Ֆըստըգճյանը, Արսեն Գալստյանը, Տիգրան Հարությունյանը, Արտավազդ Մինասյանը, Էդգար Ավետիսյանը, Էդուարդ Կիրակոսյանը և այլ նվիրյալ հայորդիներ:

Այս յուրահատուկ միջոցառումը ոչ միայն խորհրդանշում է «Այբ»-ի երկարաժամկետ տեսլականն ու առաքելությունը, այլև ապագայի նկատմամբ պատասխանատվություն ստանձնելու, արժեքների շուրջ համախմբվելու և կրթությանը ծառայելու կարևոր ուղերձ է՝ ուղղված մեր հասարակությանը:

22.11.2024
Գլխավոր Նորություններ

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ «Այբ» կրթական հիմնադրամում

Ապրիլի 28-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալեց աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին:
30.04.2026

Ամփոփվել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրի հերթական փուլը

Ամփոփվել է յոթամսյա վերապատրաստման ծրագրի հերթական փուլը։
29.04.2026

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդես

Տեղի ունեցավ «Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդեսը։
08.04.2026

Քեմբրիջի միջազգային GCE A Level-ի որակավորում՝ «Այբ» դպրոցում

«Այբ» դպրոցն ԱԲ-ն ընդլայնում է նոր որակավորմամբ և առաջարկում է նաև Քեմբրիջի միջազգային GCE А Level։
20.02.2026
Վերջին Նորություններ

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը

Ներհամայնքային ընտրությամբ ձևավորվել է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը։
29.12.2025

Մասնագիտական կարողությունների զարգացման վերապատրաստումներ

Այս անգամ հիմնադրամն անցկացրեց Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրի ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացման վերապատրաստումներ։
08.12.2025

Շարունակվում է «Կրթության կառավարում և առաջնորդություն» դասընթացը

«Մեկ ձայն» ասոցիացիայի անդամների և որոշ հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համար։
28.11.2025
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված