Վերադառնալ

«Այբ»-ը՝ մի լեզվով խոսող մարդկանց համայնք

 

«Այբ»-ն առաջին հերթին մարդիկ են, ովքեր հավատում են այբական գաղափարներին և դրանց իրագործելիությանը։ «Այբ»-ի 15-ամյակի կապակցությամբ ստեղծված շարքը նպատակ ունի բացահայտելու գաղափարի հիմքում կանգնած անհատներին, նրանց անցած ուղին և ապագայի ծրագրերը։ Այս մարդիկ իրենց ժամանակը, մասնագիտական և ֆինանսական միջոցները ներդրել են գաղափարի իրականացման մեջ, ինչի շնորհիվ այսօր ունենք ոչ միայն նորարարական կրթական նախագծեր, այլև կրթության կողքին կանգնած ուժեղ և կայացած համայնք։


Աշոտ Մկրտչյանը՝

«Այբ»-ին միացել է 2009 թվականից

«Վիզա Կոնկորդ Գրուպի» նախագահ, Հայաստան, ՌԴ

«Այբ»-ի մենտոր (ունի 8 սան)

Հետաքրքրություններ՝ ֆուտբոլ, թիմային խաղեր 


Երբ վաստակում ես որոշակի գումար, պիտի վաստակածիդ մի մասն ուղղես հասարակությանը․ թե ինչպես սկսվեց «Այբ»-ի հետ համագործակցությունը

«Այբ»-ի ստեղծման հիմքում կանգնած մարդիկ բոլորն էլ իմ ընկերներն են։ Ես նրանց ճանաչում եմ ուսանողական տարիներից, երբ  բոլորս սովորում էինք Մոսկվայում։ Մենք մի կազմակերպություն անդամներ էինք, որ կոչվում էր «Հայկական ուսանողական ընկերակցություն», և շատ ակտիվ շփումների մեջ էինք իրար հետ։ Հետո իմացա, որ իմ ընկերները մի ծրագիր են նախաձեռնել, որին մեծ ցանկություն ունեի մասնակցելու, բայց անընդհատ լինելով տարբեր երկրներում՝ չէր հաջողվում նստել ու քննարկել մեր գաղափարներն ու հնարավոր համագործակցությունը։ Բայց հուրախություն ինձ տեր Մեսրոպը (հեղ․՝ «Այբ»-ի համահիմնադիր և գաղափարի հեղինակ) այդ ընթացքում եկավ Կիպրոս, ու ես նրան հրավիրեցի ֆուտբոլ խաղալու։ Նա ընդունեց հրավերն ու շատ մեծ ոգևորությամբ մեզ հետ ֆուտբոլ խաղաց ու վնասեց ոտքը, ինչի արդյունքում անգամ ստիպված եղանք հիվանդանոց դիմել։ Այդ հանդիպումը շրջադարձային եղավ․ այն առիթ ծառայեց, որ ավելի խորությամբ ծանոթանամ «Այբ»-ի գաղափարին ու որոշեմ, որ անպայման ես ևս դրա մի մասն եմ դառնալու։ Համարում եմ, որ երբ վաստակում ես որոշակի գումար, պիտի վաստակածիդ մի մասն ուղղես հասարակությանը, այլապես աշխատանքդ չի իմաստավորվի, որովհետև նաև հասարակության շնորհիվ ես դու այն, ինչ ես։


«Այբ»-ի ամենամեծ ձեռքերումն այբական համայնքն է

«Այբ»-ն առաջին հերթին հետաքրքիր մարդկանց համայնք է, որը մի լեզվով  է խոսում, ու այդ համայնքում բոլորն իրար հասկանում են։ Շատ երկար է տևում այնպիսի մարդկանց գտնելու գործընթացը, որոնց հետ նույն կերպ ես մտածում։ «Այբ»-ում ես միանգամից ունեցա այդ զգացողությունը։ Մենք եկանք «Այբ»-ի գաղափարին՝ հաշվի առնելով այն, որ երեխաներին հարկավոր է լավագույն կրթությունը։ Կուզեի, որ «Այբ»-ի հաջորդ 15 տարիների ընթացքում կարողանայինք կյանքի կոչել ևս մեկ մեծ գաղափար ու ունենայինք նաև մի յուրահատուկ բարձրագույն ուսումնական հաստատություն, որն առնվազն տարածաշրջանում, համոզված եմ, կլիներ լավագույնը։ Միևնույն ժամանակ գիտակցում եմ, որ շատ դժվար է այսօր մարդկանց համոզել ներգրավվելու կրթական գործունեության և մեկենասության մեջ։ Երևի խնդիրը հոգևոր արժեքների նվազման հետ է կապված․ շատ ենք հեռացել հավատից ու հոգևոր արժեքներից։ Հավատն ավելի շատ հիմա սովորույթի է վերածվել ու կորցրել է իր առաջնային իմաստը։


Մենք պիտի կարողանանք համակարգել քաոսն ու սովորելը դարձնենք պաշտամունքին հավասար մի բան

Աշխարհում գոյություն ունեն տարբեր կրթական համակարգեր։ Ապրելով և աշխատելով մի քանի երկրներում՝ ՌԴ, Կիպրոս, Ֆինլանդիա՝ անընդհատ համոզվում եմ, որ ծնողը պետք է ունենա ազատություն՝ ընտրելու իր երեխայի կրթության ձևը։ Այս գործընթացի մեջ կարևոր է, որ լինեն տարբեր դպրոցներ ու նրանց միջև լինի առողջ մրցակցություն։ Պետական դպրոցները պետք է չլինեն պահպանողական, և պետք է նրանք ևս առաջարկեն այլընտրանքային կրթություն։ Շատ կուզեի, որ Հայաստանում լինեին տարբեր կրթական ավանդույթների հետևող դպրոցներ։ Նաև անհրաժեշտություն եմ տեսնում ստեղծելու մեր երկրում կրթության պաշտամունք։ Դրա համար պիտի համագործակցեն հասարակության բոլոր շերտերը։ Խորհրդային Հայաստանում, որտեղ ես եմ մեծացել, չկար այս համագործակցությունը՝ դպրոցում կոմունիզմ էին սովորեցնում, փողոցում անարխիա էր, և ընտանիքում էլ անգամ չէին կողմնորոշվում՝ դեպի որ կողմ ուղղորդեն դպրոցականին։ Այդ գաղափարական բազմազանության մեջ չի կարող ճիշտ քաղաքացի դաստիարակվել։ Հիմա էլ նույն քաոսային իրավիճակն է Հայաստանում։ Մենք պիտի կարողանանք համակարգել քաոսն ու սովորելը դարձնենք պաշտամունքին հավասար մի բան։ Սրան հասնելու համար պետք է նախ գնահատենք ու բարձր վարձատրենք ուսուցչին, որը մեր ապագան կերտողն է։


Կրթությունն առաջին հերթին միջավայր է, որտեղ ձևավորվում է անհատը

Համոզված եմ, որ մեծ նպատակներին առանց լավ կրթության անհնար է հասնել։ Կրթական միջավայրը առաջին հերթին գաղափարական ընկերներ ձեռք բերելու ամենակարևոր հարթակն է։ 21-րդ դարի պայմաններում հնարավոր է լավագույն կրթությունը ստանալ նաև տնից դուրս չգալով, բայց կրթական միջավայրն այն ամենակարևոր գործոնն է, որ ազդում է մարդու կայացման վրա։ Իմ առաջին բիզնես գործընկերներն ուսանողական ընկերներս էին, ովքեր նաև մեծ ազդեցություն էին ունեցել իմ աշխարհայացքի ձևավորման վրա։ Իմ բիզնեսի առաջին սպառողը ևս իմ ընկերներն են եղել։ Ես կարծում եմ, որ համալսարանը ոչ միայն այն տեղն է, ուր դու գիտելիքներ ես ձեռք բերում, այլև այն միջավայրը, որի շնորհիվ դու կայանում ես որպես մարդ ու մասնագետ։


Հիմա ժամանակը երիտասարդներինն է, նրանք ավելի լավ գիտեն, թե ինչպես է պետք երկիրը կառուցել

Մեծ կապվածություն ունեմ երիտասարդների հետ ու շատ եմ սիրում իմ սաներին, իմ հնարավորության չափով փորձում եմ օգնել նրանց։ Երբ Երևանում եմ լինում, այցելում եմ «Այբ» դպրոց, և անպայման հանդիպում ենք։ Սաներիս հետ զրույցների ժամանակ միշտ ասում եմ, որ մեր սերնդին պիտի առաջին հերթին ներեն, որովհետև մեզնից սովորելու քիչ բան ունեն իրենք, մենք նրանց այնքան էլ լավ ժառանգություն չենք թողել՝ պատերազմ, Խորհրդային Միության փլատակներ, մշակութային քաոս։ Այդ իսկ պատճառով հավատում եմ, որ հիմա ժամանակը երիտասարդներինն է, նրանք ավելի լավ գիտեն, թե ինչպես է պետք երկիրը կառուցել։ Իսկ դրա համար լավ դպրոցներ պիտի ունենանք։ Շատ եմ ուզում, որ մեր երկրում լինեն «Այբ»-ի նման տարբեր դպրոցներ և պետական դպրոցները ևս լինեն «Այբ»-ի պես:

12.09.2021
Գլխավոր Պատմություններ

«Այբ»-ից Օքսֆորդ. սխալներից մինչև հաջողություն

Այսօր արդեն մասնագիտությամբ կենսաինֆորմատիկ Տաթևիկը վերջերս է ավարտել Օքսֆորդի համալսարանի մագիստրատուրան ու վերադարձել Հայաստան: Նրա հետ զրուցել ենք, թե ինչպես է «Այբ»-ի կրթավճարային համակարգն օգնել իրականացնելու նրա նպատակները, իսկ դպրոցը, նույնիսկ տարիներ անց, մնացել նրա կյանքի անբաժանելի մասը:
14.04.2025

Երաժշտությունից գիտություն. երբ ուսումը սահմաններ չի ճանաչում

Նախագծային ուսումնառությունը, որն ուսումնական ծրագրի կարևոր մաս է, 2015 թվականից օգնում է աշակերտներին ձեռք բերելու նոր հմտություններ, բացահայտելու իրենց հետաքրքրությունները և նույնիսկ կողմնորոշվելու ապագա մասնագիտության հարցում։
17.03.2025

Մհեր Ենգիբարյան. երբ մի որոշումը փոխում Է կյանքդ

17-ամյա Մհեր Ենգիբարյանն արդեն երրորդ տարին է, ինչ սովորում է «Այբ» ավագ դպրոցում՝ մի վայրում, որը տարիներ առաջ ինչ-որ անհասանելի երազանք էր թվում նրան։ Մհերը հիշում է, թե ինչպես էր հանձնել քննությունները և ընդունվել «Այբ», որը, նրա խոսքով, ապագայում մեծ դեր էր ունենալու նրա կյանքում։ Սակայն այդ ճանապարհը հեշտ չէր։
10.02.2025
Վերջին Պատմություններ

«Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ բոլոր կազմերի անդամները 

Ծանոթացեք «Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ բոլոր կազմերի անդամներին ըստ գործունեության տարիների
27.11.2023

10 միլիոնից ավելի միավոր «Քան» ակադեմիայում

Մասնակցելով «Քան» ակադեմիայի անվճար աշխատարանների շարքին՝ երկու մարզերի ուսուցիչներն ու դպրոցականները սովորել են արդյունավետ օգտվել համաշխարհային կարգի որակյալ ռեսուրսներով հագեցած, աշխարհում խոշորագույն առցանց կրթական հարթակից։
24.11.2022

«Քան»-ը ինքնակրթության հարթակ է նաև ծնողի համար

«Քան» ակադեմիան կարևոր օժանդակող գործիք է ոչ միայն ուսուցիչների, այլև ծնողների համար։ Իսկ թե ինչ կարող է հարթակը տալ ծնողին և ինչպես այն օգտագործել, պատմել է Գյումրու «Ֆոտոն» վարժարանի ուսուցչուհի, «Քան» ակադեմիայի դեսպան ուսուցիչ Նոնա Դադայանը, որը որպես ծնող ունի հաջողության իր պատմությունը։
21.10.2022

«Կենգուրու»-ի գուրուն․ Արեն Մխիթարյան

«Այբ» կրթական հիմնադրամում օրերս հյուրընկալել էինք «Կենգուրու» մրցույթի հաղթող Արեն Մխիթարյանին, որն այժմ ուսանում է Եվրոպայում։ Արենը եկել էր հիմնադրամ իր մրցանակի հետևից, և մենք առիթը բաց չթողեցինք՝ նրա հետ զրուցելու արտասահմանում ուսանելու, նրա ապագա ծրագրերի և «Կենգուրու» մրցույթի՝ նրա կյանքում ունեցած դերի մասին։
18.10.2022
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված