Վերադառնալ

«Այբ»-ն իրականում ամբողջ աշխարհում  է

 

«Այբ»-ն առաջին հերթին մարդիկ են, ովքեր հավատում են այբական գաղափարներին և դրանց իրագործելիությանը։ «Այբ»-ի 15-ամյակի կապակցությամբ ստեղծված շարքը նպատակ ունի բացահայտելու գաղափարի հիմքում կանգնած անհատներին, նրանց անցած ուղին և ապագայի ծրագրերը։ Այս մարդիկ իրենց ժամանակը, մասնագիտական և ֆինանսական միջոցները ներդրել են գաղափարի իրականացման մեջ, ինչի շնորհիվ այսօր ունենք ոչ միայն նորարարական կրթական նախագծեր, այլև կրթության կողքին կանգնած ուժեղ և կայացած համայնք։


Արտակ Հովհաննիսյանը՝

ՏՏ ոլորտի մասնագետ է, կառավարիչ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու

«EPAM»  ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ

Հետաքրքրություններ՝ ճանապարհորդություն, գրականություն, նկարչություն

Սպորտ՝ լող, վազք, սեղանի թենիս, ֆուտբոլ, բասկետբոլ

Սիրում է գրել պատմվածքներ, սովորել է նաև գրողի վարպետություն։


Թե ինչպես Դավիթ Յանն ինձ դարձրեց այբական

2006 թվականին «Երևան» ամսագիրը հրապարակումների շարք ուներ, որոնցից մեկն էլ նվիրված էր այն հայերին, ովքեր հաջողություններ ունեն ՏՏ ոլորտում։ Այդ մարդկանց թվում էր նաև Դավիթ Յանը, որն իր խոսքում նշում էր, որ ստեղծվել է դպրոց՝ «Այբ» դպրոցը, որին ինքը աջակցում է։ Այդ ընթացքում տեղի ունեցավ մեր՝ ՏՏ ոլորտի մասնագետներիս համաժողովը Սոչիում, որտեղ ես հանդիպեցի Դավիթի հետ ու նրանից հետաքրքրվեցի դպրոցի մասին ու բացահայտեցի, որ Ֆիզմաթ դպրոցի մի քանի շրջանավարտներ, որոշելով օգնել Հայաստանին, հիմնադրել են «Այբ» դպրոցը։ Այդ ժամանակվանից միացա «Այբ»-ին, ու սկսվեց իմ այբական ուղին։


Կրթությունը միջավայր է, որում խելացի երեխաները ոչ այնքան մրցակցում են իրար հետ, որքան փոխադարձ հարստացնում իրար և ոգեշնչում։

Մի անգամ Պետերբուրգին մոտ Ցարսկոյե սելոյում էինք, և ուղեկցորդը մի շատ հետաքրքիր բան ասաց․ կայսրերն ու կայսրուհիները մի շատ խելացի բան են արել՝ նրանք տաղանդավոր երեխաներին հավաքել են նույն տեղում։ Երբ տաղանդավորներին հավաքում ես մի տեղում, նրանց ազդեցությունը ոչ թե 2-3, այլ 10 անգամ ուժգնանում է։ Այդ իմաստով մեր ժամանակվա Ֆիզմաթ դպրոցը լավագույն օրինակ է։ Դպրոցը միավորում էր բոլոր այն երեխաներին, ովքեր իրենց տեսնում էին գիտության մեջ։ Դպրոցական ընկերներով մինչև օրս շատ մոտ ենք. առաջին բանը, որ արել եմ Երևան գալուն պես, նրանց հետ հանդիպելն էր։ Ինձ համար կրթությունը միջավայր է, և «Այբ»-ի հիմքում էլ այդ միջավայրը ստեղծելու գաղափարն է եղել։ Միջավայր, որում խելացի երեխաները ոչ այնքան մրցակցում են իրար հետ, որքան փոխադարձ հարստացնում իրար և ոգեշնչում։ Բոլոր հաջողակ համալսարանները, այդ թվում Մասաչուսետսի տեխնոլոգիական ինստիտուտը, Ստանֆորդի համալսարանը, Մոսկվայի պետական համալսարանը, կենտրոններ են, որտեղ հավաքվում են տաղանդավոր մարդիկ ու ուղեղային պայթյուններ առաջացնում։

Իմ կարծիքով՝ «Այբ»-ը ևս հենց այդպիսի կենտրոն է։ Հավատում եմ, որ «Այբ»-ի շրջանավարտները փոփոխություն բերողներն են լինելու։ Եթե անգամ հանենք հարցի զգացմունքային կողմը, բրիտանացի և ամերիկացի գիտնականները վաղուց արդեն ապացուցել են, որ այնտեղ, որտեղ ստեղծվում են տեխնոլոգիական, մտավոր, անգամ հումանիտար հանգույցներ, այդտեղ տնտեսությունը թռիչքային աճ է ապրում և բնակչության կենսամակարդակն էլ բարձրանում է, իսկ մարդիկ՝ փոխվում, ամեն ինչն է փոխվում։ Այդ իմաստով, կարծում եմ, որ Հայաստանին պակասում է «Այբ» բարձրագույն կրթության մակարդակում։ Բացի դրանից, մենք պիտի բաց լինենք աշխարհի հանդեպ ու անենք այնպես, որ մեզ մոտ գան սովորելու։ Ամերիկան այսօր Ամերիկա է հենց դրա շնորհիվ, որովհետև այնտեղ գալիս են սովորելու լավագույնները աշխարհի տարբեր կողմերից։


«Այբ» համայնքն իր առջև մի հարց է դրել․ ի՞նչ կարող եմ անել պետության համար։

Կա պետության հետ հարաբերության երկու մոտեցում։ Առաջինի դեպքում մենք մտածում ենք, թե ինչ կարող է անել պետությունը մեզ համար, իսկ երկրորդի դեպքում՝ ճիշտ հակառակը՝ թե մե՛նք ինչ կարող ենք անել պետության համար։ Կարծում եմ, որ «Այբ»-ն այս երկրորդ մոտեցման սկզբունքով աշխատող միավոր է։ Մեր առջև հարց ենք դրել․ իսկ ի՞նչ ենք արել մեր երկրի համար։ Երբ ամեն անգամ Հայաստանում եմ լինում ու ճամփորդում, նկատում եմ, որ ճանապարհներն ու շքամուտքերը շատ վատ վիճակում են, իսկ երբ մտնում եմ մարդկանց տներ, ամեն ինչ անթերի է, ամեն ինչ մաքուր է ու կոկիկ։ Սա պարզ ցույց է տալիս մեր վերաբերմունքը հանրային տարածքի նկատմամբ․ այն, ինչ իմը չէ, պատասխանատու չեմ դրա համար։ Իսկ արևմուտքում այլ կերպ է, ու ոչ թե պետությունն է ընդունել համապատասխան որոշումները, այլ հասարակությունն է ստիպել պետությանը սահմանել այդ օրենքները, ըստ որոնց, օրինակ, եթե սեփական տուն ունես, ապա պարտավոր ես հոգ տանել նաև դրան շրջապատող տարածքի մասին։ Մեզ մոտ, ցավոք սրտի, դա բացակայում է։ Մենք պիտի ընդունենք, որ ունենք աղքատ պետություն, որը մեծ ռեսուրսներ չունի ու քաղաքականապես էլ մենք ոչ մեկին պետք չենք, որ մշակվեն Հայաստանի փրկության ծրագրեր․ մենք ինքներս պիտի մեզ օգնենք ու պիտի սկսենք մեր հարևանից ու նրանից, ով այդ պահին ամենից առավել դրա կարիքն ունի։


Պիտի պատրաստ լինենք սկսելու գործ, որի արդյունքները մենք չենք տեսնելու, այլ մեր սերունդները։

Հայերս, ինչպես հին այլ ազգեր, օրինակ՝ հույները, սիրում ենք հետ նայել ու ապրել անցյալով։ Մեզ համար կարևոր պիտի լինի հետ նայելու փոխարեն տեսնել, թե ինչ է լինելու, օրինակ, 50, 100 տարի հետո, այսինքն՝ անցյալով ապրելու փոխարեն պիտի նայենք դեպի ապագա ու հավատանք դրան։ Պիտի պատրաստ լինենք սկսելու գործ, որի արդյունքները մենք չենք տեսնելու, այլ մեր սերունդները։ Պիտի նաև ընդունենք, որ որտեղ էլ լինենք, Հայաստանում տեղի ունեցողը մեզ վրա անդրադառնալու է։ Դա շատ ակնառու դարձավ վերջին պատերազմի ժամանակ, ու անընդհատ մտածում էի, որ մենք ներդրում ենք արել ու ստեղծել ենք դպրոց, բայց միգուցե պիտի նաև բանակի մեջ ներդրում անեինք։ Շատ եմ մտածում, թե ինչու պարտվեցինք պատերազմում։ Պատճառները մի քանիսն են․ քաղաքականապես այնքան հասուն չէինք, որ ճիշտ հարաբերություններ կառուցեինք, այսինքն՝ մենք չունեինք լավ դիվանագետներ, ովքեր պետականամետ կլինեին: Չունեինք դրոններ և տեխնոլոգիապես զիջում էինք հակառակորդին, որովհետև դրա մասին հոգ չէին տարել ո՛չ դիվանագետները, ո՛չ էլ զինվորական վերնախավը, ու այս թերությունների հիմքում էլ ընկած է կրթությունը, իսկ Իսրայելը հասկացել էր սա ու արել էր այնպես, որ փոքր երկիրը, որը ստիպված է կռվել իրենից մի քանի անգամ մեծ երկրի բանակի դեմ, ունենա բարձր տեխնոլոգիաներով հարուստ բանակ, որում ոչ թե մարդը կկռվի, այլ տեխնիկան:

Ինչ վերաբերում է բարձր տեխնոլոգիաներին, մենք այստեղ էլ պիտի ավելի հավակնոտ լինենք ու ոչ թե մնանք սպասարկողի դերում, այլ նախագծենք տեղեկատվական անվտանգության համակարգեր, հարթակներ, որոնք պետք կգան այլ համակարգեր աշխատեցնելու համար։


Այբական սիրտը՝ կենտրոնը, Հայաստանում է, բայց «Այբ»-ն իրականում ամբողջ աշխարհում  է։

«Այբ»-ի ամենամեծ ձեռքբերումը մեր շրջանավարտներն են և ոչ միայն դպրոցի շրջանավարտները, այլև նրանք, ովքեր այբական տարբեր ծրագրերի միջով են անցել, օրինակ՝ մրցույթների՝ «Կենգուրո»ւ, «Մեղու», Ռոբոտների համաշխարհային օլիմպիադա և այլն։ «Այբ»-ը հայեցակարգ է, կրթության համակարգ, որը թույլ է տալիս տաղանդավոր երեխաներին ամբողջ աշխարհից դառնալ մասնագետներ՝ ստանալով խորքային կրթությունն ու լավ ապագայի հիմքը լավագույն դպրոցում։ Այբական սիրտը՝ կենտրոնը, Հայաստանում է, բայց «Այբ»-ն իրականում ամբողջ աշխարհում  է։ Կարող ես գալ Ստանֆորդի համալսարան ու տեսնել «Այբ»-ի պատկերանիշը, կամ նույն Փարիզում, Տոկիոյում կամ Բեյրությում կարող ենք «Այբ» ունենալ։ Մենք պիտի չսահմանափակվենք ձեռք բերածով և ի վերջո կրթություն արտահանող երկիր դառնանք, որն աշխարհին տալու շատ բան ունի։

Այստեղ կարող եք ընթերցել Արտակ Հովհաննիսյանի պատմվածքներից մեկը, իսկ ստորև կարող եք տեսնել նրա նկարած նկարներից մեկը։

18.09.2021
Վերջին Պատմություններ

«Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ բոլոր կազմերի անդամները 

Ծանոթացեք «Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ բոլոր կազմերի անդամներին ըստ գործունեության տարիների
27.11.2023

10 միլիոնից ավելի միավոր «Քան» ակադեմիայում

Մասնակցելով «Քան» ակադեմիայի անվճար աշխատարանների շարքին՝ երկու մարզերի ուսուցիչներն ու դպրոցականները սովորել են արդյունավետ օգտվել համաշխարհային կարգի որակյալ ռեսուրսներով հագեցած, աշխարհում խոշորագույն առցանց կրթական հարթակից։
24.11.2022

«Քան»-ը ինքնակրթության հարթակ է նաև ծնողի համար

«Քան» ակադեմիան կարևոր օժանդակող գործիք է ոչ միայն ուսուցիչների, այլև ծնողների համար։ Իսկ թե ինչ կարող է հարթակը տալ ծնողին և ինչպես այն օգտագործել, պատմել է Գյումրու «Ֆոտոն» վարժարանի ուսուցչուհի, «Քան» ակադեմիայի դեսպան ուսուցիչ Նոնա Դադայանը, որը որպես ծնող ունի հաջողության իր պատմությունը։
21.10.2022

«Կենգուրու»-ի գուրուն․ Արեն Մխիթարյան

«Այբ» կրթական հիմնադրամում օրերս հյուրընկալել էինք «Կենգուրու» մրցույթի հաղթող Արեն Մխիթարյանին, որն այժմ ուսանում է Եվրոպայում։ Արենը եկել էր հիմնադրամ իր մրցանակի հետևից, և մենք առիթը բաց չթողեցինք՝ նրա հետ զրուցելու արտասահմանում ուսանելու, նրա ապագա ծրագրերի և «Կենգուրու» մրցույթի՝ նրա կյանքում ունեցած դերի մասին։
18.10.2022

«Այբ»-ի շնորհիվ քիմիան դարձավ սիրելի առարկաս

Դեռ դպրոցական տարիներից բնական գիտությունների, մասնավորապես՝ մաթեմատիկայի հանդեպ սերն ու հետաքրքրությունը Հարությունին ուղղորդեցին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոց, որտեղ այժմ սովորում է առաջին կուրսում։
08.10.2022

Ինչպես «Այբ»-ի հիմնադիրներին միավորեց ուսուցիչը

Հանգամանքների բերումով դարձա ուսուցիչ, աշակերտներս էլ՝ Դավիթ Յան, Արամ Փախչանյան, Տեր Մեսրոպ քհն. Արամյան:
20.09.2022

Գիտելիքի օրն աշակերտի աչքերով

Տիգրան Մանուկյանը սովորում է Վաղարշապատի թիվ 12 հիմնական դպրոցի 9-րդ դասարանում։ Վերջերս դարձել է Արմավիրի մարզում «Քան» ակադեմիայի դեսպան-աշակերտներից մեկը։ Լինելով հարթակի ակտիվ օգտատեր՝ Տիգրանն աջակցելու է այլ սովորողների՝ «Քան» ակադեմիայի հայալեզու հարթակի հնարավորությունները նրանց համար բացահայտելով։ Գիտելիքի և դպրության օրվան ընդառաջ նա պատմել է կրթության ասպարեզում իր նպատակներից և ընկալումներից։
01.09.2022
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված