«Այբ»-ն առաջին հերթին մարդիկ են, ովքեր հավատում են այբական գաղափարներին և դրանց իրագործելիությանը։ «Այբ»-ի 15-ամյակի կապակցությամբ ստեղծված շարքը նպատակ ունի բացահայտելու գաղափարի հիմքում կանգնած անհատներին, նրանց անցած ուղին և ապագայի ծրագրերը։ Այս մարդիկ իրենց ժամանակը, մասնագիտական և ֆինանսական միջոցները ներդրել են գաղափարի իրականացման մեջ, ինչի շնորհիվ այսօր ունենք ոչ միայն նորարարական կրթական նախագծեր, այլև կրթության կողքին կանգնած ուժեղ և կայացած համայնք։
Արամ Փախչանյանը՝
«Այբ» հիմնադրամի համահիմնադիրներից է և հոգաբարձուների խորհրդի նախագահը,
ABBYY ընկերության փոխնախագահը
Նրա հետ կրթության շուրջ զրույցը կարող է երկար տևել. չէ՞ որ մեր զրուցակիցը կրթության էնտուզիաստ է, որը միևնույն ժամանակ և՛ դասախոսում է հայտնի համալսարաններից մեկում, և՛ սովորում աշխարհի մեկ այլ առաջատար բուհում։ Մարդ, որը չի դադարում սովորել՝ միաժամանակ ամեն օր բացահայտելով մի նոր հետաքրքրություն։
Եթե չլիներ խմբային պատասխանատվությունը, որը մենք ստանձնեցինք բոլորս իրար հետ, չէր լինի «Այբ»-ը
Ինչպես «Այբ»-ի ստեղծման հիմքում կանգնած շատ մարդիկ, ես սովորել եմ Երևանի Ֆիզմաթ դպրոցում, ապա Մոսկվայի ֆիզիկատեխնիկական համալսարանում, ինչից հետո իմ կյանքն ունեցավ հետաքրքիր ընթացք, որովհետև այդ ժամանակ մենք մտանք համընդհանուր մի աղետի մեջ, որը կոչվում էր Խորհրդային Միության փլուզում։ Դա հանգեցրեց նրան, որ եկա Հայաստան, ապրեցի այստեղ 2 տարի՝ մինչև 1993 թվականը, ամուսնացա, ունեցա առաջին երեխայիս և հետո 1 ամսով գնացի Մոսկվա։ Ստացվեց այնպես, որ Մոսկվայում մնացի 20-ից ավելի տարիներ։ Ամեն ամիս մտածում էի, որ շուտով վերադառնալու եմ Հայաստան, բայց դա չէր ստացվում ու գալս անընդհատ հետաձգվում էր։ Այդ ընթացքում դարձա ABBYY ընկերության փոխնախագահ և մինչև այսօր ծառայում եմ այդ ընկերությանը փոխնախագահի պաշտոնում՝ որպես հանրային դեմք։ Իմ կյանքի կարևորագույն ոգևորությունը սկսվեց 2006 թ.-ին, երբ ընկերներով մի կարևոր հանձնառություն ստանձնեցինք։ Վերլուծելով կրթական ոլորտի իրավիճակը Հայաստանում ու գիտակցելով առկա ճգնաժամը, որից դուրս գալու քայլեր պետությունն ի վիճակի չէր անելու՝ հիմնադրեցինք «Այբ»-ը։ Դա սկսվեց որպես մի քանի մարդկանց գիտակցում, ովքեր հասկանում են, որ խոսելու փոխարեն պետք է գործել։ Մենք այդ ժամանակ նաև քչերից էինք, որ գիտակցեցինք ոչ թե առանձին, այլ համախմբված գործելու կարևորությունը։ «Այբ»-ը, փաստորեն, դարձավ այդ համախմբման դրոշը, որը մեզ միավորեց։ Եվ ամեն անգամ, երբ մեզ նոր համախոհ է միանում ու սկսում դավանել նույն արժեքները, դա մեզ անասելի ոգևորում է։ Չէի ասի, որ ամենասկզբից գիտակցում էի այս գործի կարևորության չափը։ Ես երիտասարդ էի և այն տարիքում, երբ դեռ նոր ես սկսում մտածել կյանքում քո առաքելության մասին, բայց պիտի ասեմ, որ այն, ինչն աշխատեց այդ պարագայում, համայնքն էր։ Համայնքն է պահում մարդկանց իր մեջ։ Եթե չլիներ խմբային պատասխանատվությունը, որը մենք ստանձնեցինք բոլորս իրար հետ, չէր լինի «Այբ»-ը։ Իսկ երկրորդ բեկումնային պահը եղավ 2014 թ.-ին, երբ եկա Հայաստան ու ստանձնեցի «Այբ» դպրոցի տնօրենի պաշտոնը, ինչն ամբողջապես փոխեց իմ կյանքը և մասնագիտությունը։ Եթե մինչ այդ ես ՏՏ ոլորտի մասնագետ էի, ապա հիմա՝ կրթության։ Հիմա էլ դեռ ուսանող եմ և սովորում եմ Լոնդոնի համալսարանական քոլեջում և ավարտելուց հետո արդեն կդառնամ կրթության ոլորտի դիպլոմավորված մասնագետ։ Մոսկվայի համալսարաններից մեկն ինձ առաջարկել է ղեկավարել կառավարման և առաջնորդության ծրագիր։ «Այբ»-ն այս տարիների ընթացքում դարձել է այնպիսի հեղինակություն թե՛ Հայաստանում, և թե՛ դրանից դուրս, որ ինձ և «Այբ»-ի այլ անդամներին հրավիրում են տարբեր հարթակներում կրթության մասին քննարկումների, որովհետև շատ մասնագետների կարծիքով հետխորհրդային տարածքում «Այբ»-ը ամենակարևոր նախագծերից մեկն է կրթության ոլորտում։
«Այբ»-ի նպատակը եղել և մնում է այն, որ Հայաստանում ապրող մարդիկ ունենան ապագայի տեսլական
«Այբ»-ի համայնքով մենք շատ տարբեր ոլորտներում ենք նախաձեռնություններ իրականացրել, բայց հետաքրքիրն այն է, որ այլ ոլորտներում ներդրվելիս էլ ենք եկել այն գաղափարին, որ բոլոր պարագաներում էլ, եթե չլինի որակյալ կրթություն, մեր կատարած ցանկացած ներդրում անօգուտ կլինի. ոչ մի ներդրում չի աշխատում, եթե չկա կրթություն։ Հայաստանում ներդրում անողները բոլորը պետք է հասկանան, որ եթե իրենց ներդրման մի զգալի տոկոս չի անդրադառնում կրթության բարելավմանը, ապա իրենց ներդրումը բացարձակ անօգուտ է։ Լավագույն դեպքում դա գումար վաստակելու կարճաժամկետ միջոց է։ Դա է պատճառը, որ մենք այդքան երկար ու հետևողականորեն մնացինք կրթության ոլորտում։ «Այբ»-ի 15 տարիների ձեռքբերումը մարդկանց լիովին նվիրվածությունն է իրենց գործին, իսկ այբական ամենամեծ ձեռքբերումը դեռ ապագայում է և հենց այն պատճառով, որ այն մարդիկ, որոնք միավորված են «Այբ»-ի շուրջ, հստակ որոշել են հետ չկանգնել այս ճանապարհից։ Հենց դա է մեր ապագա հաջողությունների գրավականը։ «Այբ»-ը կրթության ոլորտում իր ազդեցությամբ կդառնա մի կառույց, որը կձևավորի ապագա 15-20 տարիների մտածողությունը կրթության մեջ։ Իմ համոզմամբ՝ մենք համարյա ամբողջությամբ կդադարենք զբաղվել ընթացիկ նախագծերով, այսօրվա խնդիրները կպատվիրակենք օժանդակ կառույցներին, և դաշտը այնքան կհարստանա, որ մենք միակ կռվողը չենք լինի։ Այդ կառույցները կանեն իրենց աշխատանքը, իսկ մենք կդառնանք ավելի հեռանկարային ծրագրերի մասին հոգ տանող կառույց։ Օրինակ՝ կնախաձեռնենք աշխարհի մակարդակով մի համալսարան կամ կդառնանք միջազգային դպրոցների հզոր ցանցի ձևավորման նախաձեռնողը։ Նախագծեր, որոնց ներդրումային հորիզոնը կլինի 20-30 տարի։ Ես վստահ եմ, որ մեր մեջ կձևավորվի ներդրումներ անելու և դրանց ապագային ու հեռանկարայնությանը հավատալու սովորություն։ Մենք կձևավորենք զարգացման մեր տեսլականը և կունենանք այդ տեսլականի իրականացմանը ծառայելու մեծ ցանկություն։ Այսօր և միշտ էլ մեր հիմնական նպատակը եղել է այն, որ Հայաստանում ապրող մարդիկ ունենան ապագայի տեսլական և գիտակցեն, որ մենք աշխարհի համար կարևոր ենք։
Երկարաժամկետ զարգացման ծրագրերը պետությունը պետք է պատվիրակի հատուկ մասնագիտացված կառույցների
Զարգացող պետություններն ունեն գործունեության մի քանի հորիզոն՝ կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ, և ստիպված են անընդհատ հավասարակշռել իրենց ուժերն ու ուշադրությունը՝ ելնելով իրավիճակից։ Արագ զարգացման փուլում երկարաժամկետ հորիզոնը դադարում է լինել երկրի իշխանության ուշադրության կենտրոնում, որովհետև ամբողջ ներուժը կենտրոնանում է կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերի վրա։ Երբ երկիրը սկսում է ավելի դանդաղ զարգանալ, ընթացիկ գործունեության ծավալը նվազում է, և երկարաժամկետ նպատակները դառնում են առաջնային։ Զարգացող երկրները սովորաբար չունեն զարգացման երկարաժամկետ հորիզոն, որովհետև զուտ ռեսուրսային տեսանկյունից պետությունը չունի երկարաժամկետ ծրագրերին անդրադառնալու հնարավորություն։ Դա նշանակում է, որ այդ երկրներում ինչ-որ կառույցներ պետք է ստանձնեն այդ դերը և պետք է իրենց վրա վերցնեն ոլորտային երկարաժամկետ զարգացման իրականացումը։ Օրինակ՝ ՆԱՍԱ-ն պետական գործակալություն է, բայց պետության մաս չէ. գործակալություն է, որը ստանում է պետական ֆինանսավորում և իրագործում է շատ երկարաժամկետ ծրագրեր, ինչպիսին է Մարս հասնելու նախագիծը, որն ԱՄՆ-ի այսօրվա նպատակների տեսանկյունից աբսուրդ է։ Այսինքն՝ երբ կոնկրետ կառույցը դուրս ես բերում պետական համակարգից ու որոշում կայացնում մասնակցել միայն դրա ֆինանսավորմանը, այդ դեպքում տալիս ես այդ կառույցին հնարավորություն լուծելու երկարաժամկետ խնդիրներ։ Հիմա հույս ունենալ, որ Հայաստանը երբևէ կունենա այնպիսի ռեսուրսներ, որ սեփական պետական բյուջեի հաշվին կարողանա ձևավորել նման կառույցներ, երևի այնքան էլ իրատեսական չէ, և դա նաև փոքր երկրի առանձնահատկությունն է։ Այնպես որ, եթե մենք ունենք ներուժ և մարդիկ, ովքեր հավատում են մեր երկրի կայացմանը երկարաժամկետ ապագայում, ապա ճիշտ կլինի այդ երազանքն ունեցող մարդկանց կտրել պետությունից ու հնարավորություն տալ ձևավորելու սեփական օրակարգը և գնալ դրա հետևից։
Պետք է նախ մարդկանց մեջ արթնացնել ինչ-որ բան փոխելու ցանկությունը, ապա այդ քայլին պետք է հաջորդեն կանոնակարգված գործընթացներ
Մեր կրթության ամենամեծ մարտահրավերն այն է, որ այն ունի մի շարք իրար փոխկապակցված խնդիրներ։ Հայաստանում, ցավոք, կրթությունը բարձիթողի վիճակում է եղել երկար տարիներ։ Ես չեմ ասում, որ պետական կառավարման համակարգում չեն եղել մարդիկ, որոնք չեն ցանկացել փոփոխություն բերել, բայց քանի որ պետական հոգածությունը եղել է անհամաչափ՝ գոյություն ունեցող խնդիրների համեմատ, այդ ցանկություններն արդյունք չեն տվել։ Տեսեք «Այբ»-ի օրինակը. մեր նպատակն էր Հայաստանում հայկական ռեսուրսներով ստեղծել օրինակելի կրթօջախ, որը կունենա միջազգային մակարդակ։ Մեր քայլը միտված էր արթնացնելու մարդկանց այն գիտակցումը, որ սա հնարավոր է։ Մեր նպատակն էր արթնացնել մարդկանց, ովքեր իրենց մեջ ուժ կգտնեին գործելու և առողջացնելու համակարգը։ Կրթական գործունեության մեջ պետք է ունենալ երկարաժամկետ ծրագրեր և պետք է պայքարել համակարգի իներտության դեմ։ Միևնույն ժամանակ կրթական ոլորտում հուսադրող է այն, որ ճիշտ քայլերն արագորեն տալիս են իրենց արդյունքը։ Երբ «Այբ»-ը 2006 թ.-ին եկավ Հայաստան, կրթության ընկալումն ու չափանիշներն այստեղ լրիվ ուրիշ էին, իսկ հիմա շատերը փորձում են նմանվել «Այբ»-ին ու հասնել նրա մակարդակին, որովհետև կա արդեն ձևավորված հստակ օրինակ՝ ոչ թե վերացական, այլ կենդանի օրինակ։ Այսինքն՝ բոլոր փոփոխությունները պետք է օրգանական լինեն, ու ամենակարևորն այն է, որ դրանք պետք է հիմնված լինեն մարդկանց ցանկությունների վրա։ Նախ պետք է մարդկանց մեջ արթնացնել ինչ-որ բան փոխելու ցանկությունը, ապա այդ քայլին պետք է հաջորդեն կանոնակարգված գործընթացներ։ Այդ փոփոխությունների տակ պետք է դրվեն օրենքներ, նոր չափորոշիչներ, բայց բոլոր փոփոխությունների սկիզբը մարդկանց ոգևորությունն է։
Մարդն ունի կրթվելու բնատուր ոգևորություն, և պետք են նրան ճիշտ ուղղորդող ուսուցիչներ
Ես տեսել եմ շատ օրինակներ, երբ մարդը կրթության նկատմամբ սիրո շնորհիվ կարողացել է մեծ հաջողությունների հասնել։ Ինձ հիացնում է, օրինակ, տեր Մեսրոպը (հեղ՝. «Այբ»-ի հիմնադիր, ֆիզիկոս, Մեսրոպ քահանա Արամյան). մարդ, որը մեծացել է 3-րդ մասում, որտեղ անընդհատ ստիպված է եղել պայքարել։ Բայց չնայած դրան՝ նա հաջողությամբ կայացել է տեսական ֆիզիկայի ոլորտում, ապա դարձել նաև քահանա։ Հարցրեք նրան, թե ինչն է իրեն դրդել այս հաջողությանը։ Դա, իհարկե, Բախի երաժշտությունն է, ընտանիքը, ուսուցիչները, որոնց հետ նա շփվել է։ Կրթության մեջ հաջողելու համար պետք է այդ ամենի համակցումը, բայց ամենակարևորը ճիշտ ազդեցությունն ու կրթության ճիշտ կազմակերպված քարոզն է։ Այդ գործընթացում կարևոր է ոչ միայն պետության, այլև անհատների դերը։ Ես ունեմ համոզմունք, որ մարդն ունի կրթվելու բնատուր ոգևորություն, և պետք է նրան ճիշտ ուղղորդել։ Այստեղ շատ կարևոր է ուսուցչի դերը։ Ուսուցիչ լինելն առաքելություն է։ Մեր ընկալման մեջ դեռ չկա այն ուսուցչի պատկերը, որը մենք ուզում ենք ունենալ և որի նկատմամբ պետք է լինի հարգանք։ Մենք չենք կարող վատ ուսուցչի նկատմամբ հարգանք ձևավորել։ Վատ ուսուցիչը սպանում է աշակերտի մեջ սովորելու ձգտումը, և աշակերտն այսպես թե այնպես չի հարգում այդ ուսուցչին։ Մեզ անհրաժեշտ է ուսուցչի կերպարի նկատմամբ հարգանք ձևավորել, բայց նախ պետք է փոխել այդ կերպարը։ Այդ կերպարն այսօր խեղաթյուրված է, և դրանում մեղավոր են ոչ միայն ուսուցիչները, այլև այն պայմանները, որոնց մեջ նրանց դրել է պետությունը։ Բայց ուսուցիչները պետք է ակտիվ մասնակցեն իրենց կերպարի վերակազմավորմանը։ Ես կարծում եմ, որ այդ գործընթացը սկսվել է. կա ուսուցիչների ակտիվ համայնք, որտեղ վերջիններս միմյանց վարակում են իրենց ոգևորությամբ, և ըստ իս՝ այդ համայնքը շատ ուժեղ է։ Այդ ուսուցիչների ոգևորության ազդակները պետք է վարակիչ լինեն մյուսների համար։ Այդ ազդակները հասնում են նաև իշխանություններին, և նրանք սկսում են վերիմաստավորել այս մասնագետների դերը։ Որպեսզի վաղը խորհրդարանը բերի օրինագիծ, որով բարձրացնում է ուսուցիչների աշխատավարձը, պետք է այդ գործընթացին միտված լինի ուսուցիչների համայնքի գործունեությունը։
Մենք պետք է միասին հասնենք նրան, որ մեծանան կրթական համակարգից ընդհանուր ակնկալիքները
Մեզ համար օտարերկրյա ստացված կրթական մոդելներից ամենահոգեհարազատը երևի Սինգապուրի, որը նույնպես փոքր երկիր է, մոդելն է։ Նրանք ընտրել են շատ յուրահատուկ տարբերակ։ Ամեն ինչ արել են լաբորատոր պայմաններում, ստացել լուրջ պետական աջակցություն։ Սինգապուրը հաջորդական փուլերով զարգացրել է կրթությունն ու տնտեսությունը համատեղ։ Այն զարգացրել է տնտեսության որոշակի ճյուղեր և այդ ճյուղերում առաջացած կադրային բացը լրացնելու համար զուգահեռ զարգացրել կրթությունը։ Ըստ այդմ՝ տարբեր պետական ու ոչ պետական կառույցներ լծվել են պահանջվող մասնագետների պատրաստման գործընթացին։ Քանի որ երկրում աճը եղել է սրընթաց, մարդիկ բնականորեն գնացել են այս գործընթացի հետևից։ Սինգապուրը փաստորեն ապահովել է այն շարժը, որը մարդկանց ստիպել է մտնել այդ գործընթացի մեջ։ Մենք էլ պետք է կարողանանք ապահովել դա. մարդկանց ինչ-որ խումբ պետք է սկսի գործընթացը, իսկ մնացածները ինքնաբերաբար պիտի հետևեն այդ գործընթացին։ Օրինակ՝ եթե դուք երկրում ունենում եք մի քանի լավ դպրոց, ապա՝ մի քանի տասնյակ, իսկ դրանից հետո էլ՝ հարյուրավոր լավ դպրոցներ, ապա ձեզ մոտ ոչ միայն կրթության միջին որակն է բարձրանում, այլև մեծանում են կրթական համակարգից ընդհանուր ակնկալիքները։ Սա այն ճանապարհն է, որի միջոցով կրթությունը երկրում զարգանում է։ «Այբ»-ը «Արարատյան բակալավրիատ» ծրագրով հենց սա էր փորձում ապահովել՝ սկսելով ավագ դպրոցներից, ապա փորձելով դա տարածել ամբողջ հանրակրթության վրա։ Մենք սկզբի համար կենտրոնացել էինք ավագ դպրոցների վրա, որովհետև դա հաղթահարելի ծավալ էր, իսկ հետագայում այն պետք է տարածվեր բոլոր միջնակարգ դպրոցներում։ Սակայն այս ծրագրին հատկացվելիք գումարները նախ կրճատվեցին մոտ 5 անգամ, ապա ծրագիրը դարձավ հարձակումների թիրախ և ի վերջո անհիմն կերպով իրականություն չդարձավ։ Սրա գլխավոր պատճառը մեր պետության կողմից կրթության ոլորտը չկարևորելն է։
Դպրոցի տնօրենը պետք է լինի ոչ միայն աշակերտների տնօրենը, այլև ծնողների
Հաջողված դպրոցը երեխաների՛ դպրոց չէ, այլ ընտանիքների։ Երբ երեխան գնում է դպրոց, ծնողներն էլ են գնում դպրոց, և եթե նկատել եք, օրինակ, ռուսական մշակույթում ասում են՝ «Мы пошли в школу», ու դա իսկապես այդպես է, և պատճառը, թե ինչու են ՌԴ-ում դպրոցները մի քիչ ավելի լավ աշխատում, քան Հայաստանում՝ չնայած որ ուսուցիչների միջին մակարդակը նույնն է, հենց այդ մտածելակերպն է։ Որովհետև այնտեղ մայրը և հայրը երեխայի հետ գնում են դպրոց։ Շատ կարևոր է, որ մարդիկ ընկալեն այն պատասխանատվությունը, որ եթե երեխան գնաց դպրոց և արդեն աշակերտ է, ապա ծնողը ևս պետք է փոխվի և արդեն գիտակցի, թե ինչ է նշանակում լինել դպրոցում սովորող երեխայի մայր կամ հայր։ Դպրոցի տնօրենը պետք է լինի ոչ միայն աշակերտների տնօրենը, այլև ծնողների. միայն երեխաների հետ շփվելով երեխաներին չես կարող կրթություն տալ, պիտի շփվես ընտանիքների հետ, և քո՝ որպես տնօրենի գաղափարները պիտի վերաբերեն ոչ միայն ուսուցիչներին, այլև երեխաներին ու ծնողներին։ Այն դպրոցները, որոնց տնօրենը ընտանիքների համար ևս տնօրեն է, հաջողում են, որովհետև ազդել միայն երեխայի վրա բավարար չէ։ Պետք է կրթել նաև ծնողներին։
«Այբ»-ին 15-ամյակի կապակցությամբ մաղթում եմ անսպառ երազանքներ
Ամենակարևորն այն է, որ «Այբ»-ում միշտ լինեն երազանքներ, որ մենք, գալով այստեղ, հասկանանք, որ մեր երազանքներն ենք իրագործում։ Չկա դրանից ավելի կարևոր բան։ Այն զգացողությունը, որ ծառայում ես իրական առաքելությանը, որը հեքիաթային չէ, մտացածին չէ, այլ իրական հավատի ու արժեքների վրա է հիմնված, անգնահատելի է։ Ես ուզում եմ, որ մարդիկ մեզ նայելով տեսնեն, որ մենք ոչնչից չենք վախենում, ամուր ենք ու կայուն և շարունակում ենք շատերի համար լինել զարգացման ուղենիշ ու ճշմարտության աղբյուր։ «Այբ»-ն, ըստ իս, ավելին է, քան կրթական հիմնադրամը. մենք լայն առումով կրթում ենք հասարակությանը։ «Այբ»-ը պահեստ է, որտեղ պահպանվում են մեր հասարակության գանձերն ու արժեքները, և մենք որպես զինվորներ կանգնած ենք այդ արժեքների պաշտպանության համար, և վա՛յ էն օրվան, երբ մենք սկսենք կորցնել այդ արժեքները։ Պիտի շատ ազնիվ լինենք ինքներս մեզ հետ, այլապես կկորցնենք դրանք։ Իսկ արժեքները պահպանվում են, երբ կա փոխադարձ վստահություն. ես ուզում եմ, որ մենք փայփայենք այդ վստահությունը։
Արամ Փախչանյանի հետաքրքրությունները. շուտով կկարողանաք ինքնաթիռ նստել, որը վարում է Արամը
Շատ հետաքրքրություններ ունեմ, և դա իմ խնդիրն է, որովհետև շատ հաճախ չեմ հասցնում ամեն ինչին ժամանակ հատկացնել։ Սիրում եմ ամենատարբեր ոճերի լավ երաժշտություն և ձայնասկավառակների ու ձայնապնակների մեծ հավաքածու ունեմ։ Նաև սիրում եմ լավ տեխնիկայի միջոցով լսել այդ երաժշտությունը։ Ինձ հոգեհարազատ են արվեստի այլ ճյուղերը ևս՝ տեսողական արվեստ, թատրոնը։ Արվեստի միակ ճյուղը, որի նկատմամբ ես անտարբեր եմ, գեղարվեստական կինոն է։ Ինձ համար արվեստի այդ ճյուղը մանիպուլատիվ է և սպառել է իրեն։ Կինոն արվեստի զանգվածային տեսակ է, իսկ ցանկացած զանգվածային արվեստ ես դժվար եմ ընկալում։ Նույն պատճառով ես չեմ սիրում փոփ երաժշտություն։ Իմ մյուս հետաքրքրությունը փայտամշակումն է. սիրում եմ աշխատել փայտի հետ, արհեստանոցում ունեմ տարբեր գործիքներ։ Վերջերս որոշել եմ, որ ուզում եմ նաև օդաչու դառնալ ու շուտով հաճախելու եմ օդանավ վարելու դասընթացի։ Հաջորդ ոլորտը, որ մանկուց սիրել եմ, ռադիոէլեկտրոնիկան և ռադիոկապն է. ազատ ժամանակ տարբեր սարքեր եմ պատրաստում։ Ինձ միշտ սիրողական մակարդակում հետաքրքրել է նաև հոգեբանությունը և ընդհանրապես մարդը՝ իր հոգեբանական կարողություններով։ Իմ սպորտային ոգևորությունը հիմնականում վերաբերում է լեռնային դահուկասահքին, որով վաղուց զբաղվում եմ։ Ժամանակին մեծ թենիս էի խաղում, բայց թողեցի, որովհետև չեմ սիրում հաղթել մարդկանց. ինձ ավելի հաճելի է պարտվել, որ դիմացինս չնեղվի։ Վերջերս նաև սկսել եմ հաճախել մարտարվեստի, որովհետև ուզում եմ ֆիզիկապես ու բարոյապես պատրաստ լինել ցանկացած պայքարի։ Հատկապես վերջին պատերազմի ժամանակ գիտակցեցի, որ բավականին անօգուտ եմ որպես զինվոր, որովհետև չունեմ ֆիզիկական և ռազմական պատրաստվածություն, և քանի որ հաջորդ պատերազմը վաղ թե ուշ լինելու է, որոշեցի, որ պետք է ավելի պատրաստ լինել։ Նաև յոգայով եմ զբաղվում, որն ինքս ինձ հետ ավելի ներդաշնակ լինելուն է նպաստում։ Իմ «համեղ» հետաքրքրությունն էլ սուրճն է. մի սարք եմ պատրաստել (որը նաև էլեկտրոնիկայի նկատմամբ ունեցած հետաքրքրությանս արդյունքն է), որով կարողանում եմ բովել սուրճն իմ ցանկացած չափով ու ռեժիմով։