Վերադառնալ

10 միլիոնից ավելի միավոր «Քան» ակադեմիայում

«Քան» ակադեմիայի անվճար հայալեզու հարթակի հարուստ կրթական շտեմարանն այժմ կարող են կիրառել Արմավիրի և Գեղարքունիքի մարզերի 52 դպրոց, 90 ուսուցիչ և 313 աշակերտ։ Մասնակցելով «Քան» ակադեմիայի անվճար աշխատարանների շարքին՝ երկու մարզերի ուսուցիչներն ու դպրոցականները սովորել են արդյունավետ օգտվել համաշխարհային կարգի որակյալ ռեսուրսներով հագեցած, աշխարհում խոշորագույն առցանց կրթական հարթակից։

Աշխատարանները կազմակերպվել էին NEF-ի (Near East Foundation) կողմից իրականացվող «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի շրջանակում՝ որպես «Քան» ակադեմիայի նախաձեռնության մաս։ Դրանք նպատակ ունեին ինքնակրթության և հիբրիդային կրթության ժամանակակից միջոցներով զինելու մարզերի ուսուցիչներին և աշակերտներին։

Այս նախաձեռնության երկրորդ նպատակն է մինչև ուսումնական տարվա ավարտ հարստացնել «Քան» ակադեմիայի հայալեզու հարթակը բնագիտամաթեմատիկական նոր նյութերով և տեսադասերով՝ հասանելի դարձնելով դրանք ողջ հանրությանը։

Աշխատարանների ծրագրի ամփոփումը կատարվեց երկու միջոցառմամբ, որոնք տեղի ունեցան Էջմիածնի «Էորնեկյան» դպրոցում և Գավառի Պ. Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում։ Յուրաքանչյուր մարզից 3 ուսուցչի շնորհվեց «Քան» ակադեմիայի դեսպան-ուսուցչի կոչում՝ հնարավորություն տալով իրենց ակտիվությամբ աչքի ընկած մասնագետներին սեփական փորձը ներկայացնելու համայնքներում։ Բացի վերապատրաստող դասընթացներից՝ նաև կազմակերպվել էր աշակերտական մեկամսյա մրցույթ՝ երեխաներին թույլ տալով սովորել և չափելի դարձնել իրենց գիտելիքի աճը։ Արմավիրի մարզում լավագույնը ճանաչվեց Վաղարշապատի Մաշտոցի անվան  թիվ 1 դպրոցի սան Գալինա Ջահինյանը՝ 2 417 950 միավորով:

Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիսի թիվ 4 հիմնական դպրոցի սան Մարի Ղարիբյանը, որ հավաքել էր 10 050 390 միավոր։

Սա լավագույն ցուցանիշն է «Քան» ակադեմիայի աշակերտական մրցույթների բոլոր մասնակիցների շրջանում։

Ամփոփիչ միջոցառմանը «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը նշեց, որ հաճելիորեն զարմացած է ոչ պարտադիր կրթական հարթակում սովորելու երեխաների ցանկությունից. «Ուրախ եմ, որ «Քան» ակադեմիան ամրացնում է թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների ինքնակրթության ձգտումը»։

Ըստ Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանի՝ մարզի դպրոցներն առաջին անգամ են մասնակցում «Քան» ակադեմիայի մարզային աշխատարաններին. «Ուրախ եմ նման արդյունքի համար։ Արդյունավետ ու որակյալ կրթությունն ամենակարևորն է։ Հույս ունեմ՝ ծրագրի բոլոր մասնակիցներն իրենք էլ կտարածեն կրթական նման ռեսուրսների և հնարավորությունների մասին իրենց իմացածը»։

Նիյր Իսթ Ֆաունդեյշնի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արփինե Բաղդոյանն ընդգծեց, որ որակյալ կրթական ռեսուրսներ ունենալն ու բարձր նշաձողի հասնելն առանցքային են երկրի զարգացման և ապագայի համար. «Ուրախ ենք, որ մեր ծրագիրը հնարավորություն տվեց աջակցելու և մեր ներդրումն ունենալու մարզերում այս գեղեցիկ կրթական հարթակի տարածմանը»։


«ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագիրը համաֆինանսավորում է Եվրոպական միությունը և իրականացնում է  ՆԵՖ Բելգիան՝ գործընկերությամբ «ԱԳԱԹ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի:

«Այբ» կրթական հիմնադրամը կրթության հավասար հնարավորություններ ստեղծելու նպատակով 2017-ից հայերենով տեղայնացնում է աշխարհի ամենամեծ առցանց կրթական հարթակի՝ «Քան» ակադեմիայի շտեմարանը, որը հասանելի է աշխարհի 190 երկրում, 50 լեզվով և  135 մլն օգտատիրոջ։  

24.11.2022
Վերջին Պատմություններ

«Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ բոլոր կազմերի անդամները 

Ծանոթացեք «Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ բոլոր կազմերի անդամներին ըստ գործունեության տարիների
27.11.2023

«Քան»-ը ինքնակրթության հարթակ է նաև ծնողի համար

«Քան» ակադեմիան կարևոր օժանդակող գործիք է ոչ միայն ուսուցիչների, այլև ծնողների համար։ Իսկ թե ինչ կարող է հարթակը տալ ծնողին և ինչպես այն օգտագործել, պատմել է Գյումրու «Ֆոտոն» վարժարանի ուսուցչուհի, «Քան» ակադեմիայի դեսպան ուսուցիչ Նոնա Դադայանը, որը որպես ծնող ունի հաջողության իր պատմությունը։
21.10.2022

«Կենգուրու»-ի գուրուն․ Արեն Մխիթարյան

«Այբ» կրթական հիմնադրամում օրերս հյուրընկալել էինք «Կենգուրու» մրցույթի հաղթող Արեն Մխիթարյանին, որն այժմ ուսանում է Եվրոպայում։ Արենը եկել էր հիմնադրամ իր մրցանակի հետևից, և մենք առիթը բաց չթողեցինք՝ նրա հետ զրուցելու արտասահմանում ուսանելու, նրա ապագա ծրագրերի և «Կենգուրու» մրցույթի՝ նրա կյանքում ունեցած դերի մասին։
18.10.2022

«Այբ»-ի շնորհիվ քիմիան դարձավ սիրելի առարկաս

Դեռ դպրոցական տարիներից բնական գիտությունների, մասնավորապես՝ մաթեմատիկայի հանդեպ սերն ու հետաքրքրությունը Հարությունին ուղղորդեցին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոց, որտեղ այժմ սովորում է առաջին կուրսում։
08.10.2022

Ինչպես «Այբ»-ի հիմնադիրներին միավորեց ուսուցիչը

Հանգամանքների բերումով դարձա ուսուցիչ, աշակերտներս էլ՝ Դավիթ Յան, Արամ Փախչանյան, Տեր Մեսրոպ քհն. Արամյան:
20.09.2022

Գիտելիքի օրն աշակերտի աչքերով

Տիգրան Մանուկյանը սովորում է Վաղարշապատի թիվ 12 հիմնական դպրոցի 9-րդ դասարանում։ Վերջերս դարձել է Արմավիրի մարզում «Քան» ակադեմիայի դեսպան-աշակերտներից մեկը։ Լինելով հարթակի ակտիվ օգտատեր՝ Տիգրանն աջակցելու է այլ սովորողների՝ «Քան» ակադեմիայի հայալեզու հարթակի հնարավորությունները նրանց համար բացահայտելով։ Գիտելիքի և դպրության օրվան ընդառաջ նա պատմել է կրթության ասպարեզում իր նպատակներից և ընկալումներից։
01.09.2022
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված