Վերադառնալ

Ֆիննախարարության ստուգումները ճանաչվել են ոչ իրավաչափ

 

ՀՀ վարչական դատարանը երկու վճռով փաստել է, որ ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության ստուգումները «Այբ» կրթական հիմնադրամում իրականացվել են ՀՀ օրենսդրության բազմաթիվ խախտումներով:

Վարչական դատարանը բավարարել է «Այբ» կրթական հիմնադրամի՝ 2021-ի հունվարի 18-ին ներկայացրած երկու հայցն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության: Դատարանը նախ ոչ իրավաչափ է համարել նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության 2020 թ. սեպտ. 15-ի ակտի կազմմանն ուղղված գործողությունները, ապա նաև ճանաչել է ակտում արձանագրված առերևույթ խախտումների բացակայությունը:

Հիշեցնենք, որ խոսքը ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Այբ» կրթական հիմնադրամի միջև Կրթության գերազանցության ազգային ծրագրի իրականացման համար կնքված պայմանագրերի շրջանակում պետական բյուջեից հիմնադրամին հատկացված գումարների ճշտությունը և հիմնավորվածությունը ստուգելու մասին է. հիմնադրամը վարչական դատարանում վիճարկել էր նախարարության գործողությունները: Հենց նախարարության վերոնշյալ ակտի հիմքով էր հիմնադրամի դեմ հարուցվել քրեական գործ, որի վարույթը, սակայն, ՀՀ քննչական կոմիտեն կարճելու որոշում էր կայացրել ավելի վաղ՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Այսպիսով՝ ևս մեկ անգամ իրավական գործընթացով ամրագրվեց՝ «Այբ» կրթական հիմնադրամը որևէ անօրինական գործողություն չի կատարել և չէր կարող կատարել՝ հաշվի առնելով նաև ֆինանսական թափանցիկության այն գործիքները, որոնք հիմնադրամի գործունեության պարտադիր բաղադրիչներն են: Պետք է նաև նկատի ունենալ, որ  հիմնադրամն իր համայնքով մեծ ներդրումներ է կատարել և շարունակում կատարել մեր երկրում կրթության համակարգային զարգացման համար:

Սա հերթական ստուգման հերթական հերքումն էր, իսկ ստուգումները հիմնադրամում սկիզբ էին առել դեռ 2018 թվականին, երբ պետական ամենատարբեր կառույցներ, վատնելով ահռելի ռեսուրսներ, փորձում էին ամեն կերպ «չարաշահումներ» բացահայտել «Այբ»-ում: Կլինե՞ն սրա համար պատասխանատուներ, կլինի՞ ներողություն գոնե Հայաստանի ու Արցախի բազմաթիվ երեխաներից՝ միջազգային ճանաչում ունեցող «Արարատյան բակալավրիատ» ծրագրով ուսանելու հնարավորությունից նրանց զրկելու համար, ցույց կտա ժամանակը:

Հիշեցնենք միայն, որ «Այբ»-ը 2021 թ. հունվարի 26-ին ՀՀ գլխավոր դատախազին ԿԳՄՍ նախկին նախարարի հայտարարությունների ու գործողությունների վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել, որի առնչությամբ, սակայն, ՀՀ իրավապահ մարմինները դրսևորել են անգործություն՝ չհարուցելով վարույթ և փաստացի զրկելով «Այբ»-ին արդար դատաքննություն իրականացնելու իրավունքից, նույնիսկ այն պայմաններում, որ դատարանները (Առաջին ատյանի և Վերաքննիչ) այդ իրավունքների խախտումը ևս արձանագրել էին:

Միաժամանակ աներկբա է, որ «Այբ»-ը հանձնառու է իր իրավունքների ու բարի համբավի պաշտպանությանը՝ անկախ դրանց հանդեպ ոտնձգության բնույթից, անկախ նրանից՝ բողոքարկվո՞ւմ են դատարանների հիմնավոր վճիռները, թե ոչ:


Հ․Գ. Հինգ տարի առաջ մայիսի 22-ին, մեկ անհեռատես ու անհիմն հայտարարությամբ մի ամբողջ արշավ սկսվեց «Այբ»-ի դեմ: Հինգ տարի առաջ եթե համապատասխան կառույցներն այդ սխալի պատճառով հենց ներդրման փուլում չհրաժարվեին հանրակրթության համակարգում Արարատյան բակալավրիատի տարածման ծրագրից, մենք այսօր կրթության ոլորտում կունենայինք բոլորովին այլ պատկեր, որակական նոր նշաձող, վերափոխված բազմաթիվ ճակատագրեր:  Ծրագիրն այսօր գործում է միայն «Այբ» դպրոցում, մինչդեռ միջազգային ճանաչում ունեցող հայալեզու այս եզակի կրթությունից կարող էին օգտվել շատերը: «Այբ» կրթական հիմնադրամի նպատակը հենց դա էր, և մենք շարունակում ենք համագործակցել ոչ միայն Քեմբրիջի համալսարանի ու Լոնդոնի համալսարանական քոլեջի հետ, այլև, անկախ ամեն ինչից, այս բոլոր տարիներին անդադար աշխատել ենք նաև ԿԳՄՍ նախարարության ու այլ տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ՝ կրթական բարեփոխումները մեր երկրում առաջ տանելու նպատակով: Դրա մասին են վկայում վերջին տարիներին «Այբ»-ի մասնակցությամբ իրագործված այնպիսի կարևոր ծրագրեր, ինչպիսիք են Տավուշի մարզում ԳՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների առարկայական ու մասնագիտական վերապատրաստումները, դպրոցների տնօրենների ու փոխտնօրենների առաջնորդության ծրագիրը, նախագծային ուսումնառության տարածումը, ինչպես նաև հազարավոր երեխաների մասնակցությամբ առարկայական տարբեր մրցույթներ ու օլիմպիադաներ։ Մեր համայնքն այսօր էլ շարունակում է մեծ ներդրումներ կատարել կրթական բազմաթիվ ծրագրերում, այդ թվում՝ Արարատյան բակալավրիատի շարունակականությունն ու զարգացումն ապահովելու համար և ակնկալիքով, որ լավագույն կրթության այս հնարավորությունը հասանելի կլինի բոլորին: 

22.05.2023
Գլխավոր Նորություններ

«Այբ»-ի նպատակային դրամագլխի առաջին դրամահավաքի միջոցառումը Սիլիկոնյան հովտում

Նոյեմբերի 16-ին Դավիթ Յանի hյուրընկալությամբ կայացավ «Այբ» կրթական հիմնադրամի նպատակային դրամագլխի առաջին դրամահավաքի մասնավոր միջոցառումը:
22.11.2024

Մեկնարկել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագիրը

«Այբ» կրթական հիմնադրամը ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ և ԿԳՄՍՆ հետ համատեղ իրականացնում է «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագիրը:
16.10.2024

123․3 մլն դրամ՝ ներհամայնքային դրամահավաքի արդյունքում

Ուսումնական տարվա սկզբում մեկնարկած ներհամայնքային դրամահավաքի արդյունքում 90 մլն դրամի փոխարեն մեզ հաջողվել է հավաքել 123 334 624 դրամ։
31.07.2024

«ԱԲ սերունդ» ծրագրի մեկ տարվա արդյունքները

Ամփոփեցինք «ԱԲ սերունդ» ծրագրի՝ ուսուցիչների կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումների մեկ տարվա արդյունքները։
29.07.2024
Վերջին Նորություններ

Երկարատև համագործակցության հերթական այցը

«Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալեց Ստիվ Քինգին։ Սա «Այբ»-ի հետ Քեմբրիջի համալսարանի երկարատև համագործակցության հերթական այցն էր։
18.07.2024

Արարատյան բակալավրիատի աշխարհագրությունն ընդլայնվում է

Հարավային Կորեայի «Յոնսե» համալսարանը դարձավ 25 երկրների բուհերից 215-րդը, որ այս պահի դրությամբ փաստացի ճանաչում և ընդունում է ԱԲ-ի հավաստագիրը։
01.07.2024

Արարատյան բակալավրիատի նոր ձեռքբերումները

Արարատյան բակալավրիատի հավաստագիրը ճանաչող և ընդունող համալսարանների ցանկը համալրվել է նոր միջազգային հեղինակավոր անուններով։
14.06.2024
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված