«Այբ» կրթական հիմնադրամը հոկտեմբերի 25-26-ին կազմակերպեց «Արժեքահեն կրթություն» ուսուցչական համաժողովը, որը միավորեց Հայաստանի և աշխարհի շուրջ 300 առաջատար մանկավարժների, կրթական առաջնորդների ու հետազոտողների՝ քննարկելու, թե ինչպես կարող է կրթությունը ձևավորել անհատի արժեքներն ու նոր սերնդի ապագան։
Համաժողովը կայացավ «Այբ»-ի կրթական գործընկեր և աջակից Հայաստանի ամերիկյան համալսարանում:
«Այբ» կրթական հիմնադրամը` որպես կրթության գերազանցությանը ձգտող կառույց, կարևորում է ուսուցիչների և տնօրենների կարողությունների շարունակական զարգացումը, ուստի այդ նպատակին ուղղված տարբեր ծրագրեր է իրականացնում «Այբ» ակադեմիայի միջոցով՝ հիմնվելով ժամանակակից պահանջների և համաշխարհային առաջատար փորձի վրա:
«Մասնագետներին համախմբելը և մանկավարժական համայնքներին վերապատրաստելը մեր առաքելություններից մեկն է: «Այբ» կրթական հիմնադրամն էլի է կազմակերպել համաժողովներ, բայց «Այբ» համայնքի ներկայացուցիչների համար և արդեն ոչ մեկ անգամ: Նկատի ունենալով մեր առաքելությունը՝ մենք որոշեցինք ընդլայնել այն մարդկանց շրջանակը, ովքեր մասնակցելու են այս համաժողովներին և քննարկելու են այնպիսի հարցեր, որոնք արդիական են մեր հասարակության համար և առաջին հերթին դպրոցների, հանրակրթական ուսումնական հաստատությունների համար: Մենք ցանկացել ենք շեշտել արժեքների դերը կրթության մեջ, և կարծում եմ դա այսօր առավել քան որեւէ այլ օր արդիական թեմա է»,- իր ողջույնի խոսքում ասաց «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահե Գաբրիելյանը։
Երկօրյա միջոցառման ընթացքում տեղի ունեցան հիմնական 7 ելույթ, խմբային 2 քննարկում և 27 աշխատանքային քննարկում, որտեղ ուսուցիչներն ու կրթական առաջնորդները հնարավորություն ունեցան փոխանակելու իրենց փորձն ու հմտությունները։
Համաժողովին մասնակցեցին խոսնակներ թե՛ Հայաստանից, մասնավորապես «Այբ» համայնքից, թե՛ միջազգային հեղինակավոր հաստատություններից։ Հիմնական ելույթներով հանդես եկան «Այբ»-ի համահիմնադիր Մեսրոպ քահանա Արամյանը, «Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ նախագահ Արամ Փախչանյանը, Քեմբրիջի համալսարանից Ստիվ Քինգը, Աբիգեյլ Բարնեթը և Դան Բրեյը, Մոլդովայից Տատիանա Պոպան, Վրաստանից Պաատա Ամոնաշվիլին և Հայաստանի ամերիկյան համալսարանից Յակոբ Ա. Եագուպեանը։
Ուսուցչական համաժողովի մասնակիցներին ողջունեց նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: «Մենք մեր պատասխանատու և փոփոխություն ակնկալող գործընթացները չենք համարձակվում սկսել առանց «Այբ»-ի հետ համագործակցությունների: Տավուշի մարզում հանրակրթության պետական չափորոշչի փորձնական ներդրումը, ԲՏՃՄ առարկաների բարելավման ծրագրերը, ինչպես նաև դպրոցների կառավարման համակարգի փոփոխությունների, կրթության առաջնորդների պատրաստման նախաձեռնությունները մեր համատեղ աշխատանքի արդյունք են։ Այս համագործակցությունը մեզ թույլ է տալիս իրականացնել որակական փոփոխություններ հանրակրթության ոլորտում»,- իր խոսքում նշեց փոխնախարարը: (ԿԳՄՍՆ անդրադարձը համաժողովին)
«Արժեքահեն կրթություն» ուսուցչական համաժողովը դարձավ փորձի, գաղափարների և նորարարական մոտեցումների փոխանակման յուրահատուկ միջավայր: Հագեցած երկու օրերի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրեցին արժեքահեն կրթության բոլոր կողմերը՝ արժեքներով պայմանավորված կրթական բարեփոխումներ, սոցիալ-հուզական ուսուցում, համագործակցության և քննադատական մտածողության զարգացում, նախագծային ուսուցում, արհեստական բանականության դերը, ուսուցչի ինքնաճանաչում և այլն։
Համաժողովի շրջանակում անցկացվեցին նաև խմբային քննարկումներ, որոնք անդրադարձան արժեքահեն կրթության ռազմավարական և գաղափարական հիմնասյուներին։
Առաջին խմբային քննարկման թեման էր «Արժեքահեն կրթությունը որպես ազգային ինքնության պահպանման միջոց»։ Քննարկման ընթացքում մասնակիցներն արծարծեցին այն գաղափարը, որ ազգային ինքնության պահպանման հիմքում ընկած են հոգևոր և բարոյական արժեքները, որոնք կրթությունը պետք է ոչ թե պարզապես փոխանցի, այլ ապրեցնի:
Երկրորդ խմբային քննարկումը նվիրված էր «Արժեքահեն ուսումնական ծրագրերի ներդրման մարտահրավերներին ու հնարավորություններին դպրոցում»։ Այստեղ խոսվեց արժեքահեն կրթությունը ուսման կարևոր բաղադրիչ դարձնելու և դրա գործնական մեթոդների, քաղաքականության և դպրոցական համապատասխան միջավայրի ձևավորման մասին։

Ներկաները համոզված էին, որ կրթությունը պետք է լինի ոչ միայն գիտելիքի, այլև արժեքների փոխանցման միջոց՝ ձևավորելով գիտակից և պատասխանատու սերունդ։
ABC Media-ի անդրադարձը
Armenia TV-ի անդրադարձը