Վերադառնալ

Շահառու 1500 աշակերտ և 150 ուսուցիչ

 

Ապրիլի 5-ին, 8-ին և 11-ին «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակն ամփոփել է Լոռու, Շիրակի և Կոտայքի մարզի ուսուցիչների և աշակերտների համար անցկացվող անվճար աշխատարանների շարքը։ Նախաձեռնությունն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության «ԵՄ Քովիդ-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» ծրագրի շրջանակում։

Աշխատարանների շարքը կազմակերպվել է համավարակի բերած սահմանափակումների և դժվարությունների պայմաններում առցանց ու անվճար հայալեզու կրթական ռեսուրսների կիրառման հնարավորություններն ընդլայնելու համար։ Աշխատարանների դասընթացները նպատակ ունեին խթանելու ուսուցիչների և աշակերտների կողմից «Քան» ակադեմիայի հարթակի հնարավորությունների ու գործիքակազմի լիարժեք ու արդյունավետ յուրացումը, ուսուցման և ուսումնառության արդի մեթոդների կիրառումը։ Դրանք անցկացվել են Երևանից հետո ամենաշատ դպրոցներ, աշակերտներ և ուսուցիչներ ունեցող, ինչպես նաև 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո մեծ թվով տեղահանվածներ հյուրընկալած երեք մարզերում՝ ապահովելու հնարավորինս մեծ հասցեականություն առավել մեծ թվով շահառուների համար։

Ավարտական միջոցառումները կայացել են Կոտայքի մարզպետարանում, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում՝ եզրափակելով ծրագրի արդյունքները հաջորդաբար Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերի համար։ 2021 թվականի սեպտեմբերից մինչև 2022-ի ապրիլ ծրագրում ներգրավվել են երեք մարզերի միջին և ավագ դպրոցների 1500 աշակերտ և բնագիտական առարկաների ու մաթեմատիկայի 150 ուսուցիչ։

Եզրափակիչ միջոցառումներին հավաստագրեր ստացել են դասընթացները հաջողությամբ ավարտած բոլոր ուսուցիչները։ Առաջիկայում յուրաքանչյուր մարզից կառանձնացվեն իրենց ակտիվությամբ աչքի ընկած հինգ ուսուցիչ, որոնց կտրվի «Քան» ակադեմիայի դեսպան ուսուցչի կոչում և հնարավորություն սեփական փորձառությունը փոխանցելու այլ ծրագրերի շրջանակում։

Պաշտոնապես ամփոփվել են նաև մարզերի 5-12-րդ դասարանցիների համար կազմակերպված մրցույթի արդյունքները։ «Քան» ակադեմիայի հարթակում 100 հազար և ավելի միավոր հավաքածները ստացել են պատվոգրեր, իսկ յուրաքանչյուր մարզից առավելագույն միավորներ հավաքած լավագույն քառյակները՝ հատուկ մրցանակներ։ Կոտայքի մարզում լավագույն քառյակը գլխավորող Մարի Մաթևոսյանը գրանցել է բոլոր մարզերի համար լավագույն ցուցանիշը՝ 7․077․880 միավոր։ Լոռու մարզում միավորների առավելագույն շեմը սահմանել է Մարիամ Յարիբեկյանը՝ 3․101․482, իսկ Շիրակի մարզում՝ Լյովա Կարապետյանը՝ 6․612․356։


Ամսի 11-ին՝ Գյումրում կայացած միջոցառման ավարտին, «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը նշել է, որ անչափ ուրախ է աշխատարանների միջոցով այսքան մեծ թվով մասնակիցների համար ստեղծված հնարավորությունների համար․ «ԵՄ-ի ֆինանսավորմամբ և «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հետ համատեղ երեք մարզում ակտիվ աշխատանք ենք տարել ուսուցիչների և աշակերտների հետ, արդյունավետորեն ներդրել ինքնակրթության մշակույթը զարգացնող նոր կրթական տեխնոլոգիաներ։ Հույս ունեմ՝ աշակերտների և ուսուցիչների այս հաջողությունը բանալի կդառնա նրանց հետագա կրթական ճանապարհի համար»։


«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի «ԵՄ Քովիդ-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագրի» տարածաշրջանային ղեկավար Թինաթին Ջափարիձեն, կարևորելով ծրագիրը, նշել է․ «Մենք շատ բազմոլորտ ծրագրեր ենք իրականացնում Հայաստանում, սակայն այս մեկն իր հետաքրքիր կողմն ունի․ սա հնարավորություն էր աշխատելու միանգամից մի քանի մարզում, այն էլ արձագանքելով համավարակով ստեղծված իրավիճակին։ Շատ ուրախ ենք մեր ներդրումն ունենալու այստեղ»։


Ծրագրի մասնակից, Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի ուսուցչուհի Արմինե  Հովհաննիսյանը, պատմել է, որ վերապատրաստումները շատ լավ են անցել․ «Հաճույքով լսել եմ դասընթացավարներին և կատարել առաջադրանքները։ Վերջին նյութերից մեկը «շրջված դասարան» մեթոդի մասին էր։ Այս թեմայով դասեր շատ են եղել, բայց «Այբ»-ինն իր ձևաչափով տարբերվում էր։ «Քան» ակադեմիայի հարթակը հիբրիդային ձևաչափով ենք կիրառում։ Այստեղ առաջադրանքներ կատարելիս երեխաներն ազատ են տնօրինելու իրենց ժամանակը, ինչը, կարծում եմ, նպաստում է, որ ավելի հաճույքով սովորեն»։

Կոտայքի մարզը ներկայացնող երկու քույրերը՝ Մարի Մաթևոսյանն ու Արփի Մաթևոսյանը, որոնք լավագույն երկու արդյունքն են գրանցել իրենց մարզում՝ հավաքելով համապատասխանաբար 7․077․880 և 5․001․011 միավոր, նշել են, որ ի սկզբանե իրենց նպատակը երեք միլիոնին հասնելն էր, բայց երբ շատ արագ հատեցին այդ շեմը, շարունակեցին մինչև իրենց առավելագույնին հասնելը։


«Այբ» կրթական հիմնադրամի՝ էլեկտրոնային ռեսուրսների տեղայնացման ծրագիրը՝ «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակը, առաջնային նպատակ ունի ապահովելու հայալեզու բարձրորակ անվճար կրթություն աշակերտների և ուսուցիչների համար՝ մեծացնելով առցանց ռեսուրսների հասանելիությունը և այդ կերպ նպաստելով ինքնուրույն ուսումնառության մշակույթի կայացմանը։ 2017 թվականից ի վեր «Քան» ակադեմիան տեղայնացնում է բնագիտամաթեմատիկական, արվեստի և հումանիտար գիտությունների, ձեռնարկատիրության և այլ առարկայական ոլորտների բազմաթիվ վարժություններ, տեսադասեր, հոդվածներ ու այլ կրթական նյութեր, որոնք ազատորեն հասանելի են բոլորին և ամենուր։

19.04.2022
Գլխավոր Նորություններ

«Այբ»-ի նպատակային դրամագլխի առաջին դրամահավաքի միջոցառումը Սիլիկոնյան հովտում

Նոյեմբերի 16-ին Դավիթ Յանի hյուրընկալությամբ կայացավ «Այբ» կրթական հիմնադրամի նպատակային դրամագլխի առաջին դրամահավաքի մասնավոր միջոցառումը:
22.11.2024

Մեկնարկել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագիրը

«Այբ» կրթական հիմնադրամը ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ և ԿԳՄՍՆ հետ համատեղ իրականացնում է «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագիրը:
16.10.2024

123․3 մլն դրամ՝ ներհամայնքային դրամահավաքի արդյունքում

Ուսումնական տարվա սկզբում մեկնարկած ներհամայնքային դրամահավաքի արդյունքում 90 մլն դրամի փոխարեն մեզ հաջողվել է հավաքել 123 334 624 դրամ։
31.07.2024

«ԱԲ սերունդ» ծրագրի մեկ տարվա արդյունքները

Ամփոփեցինք «ԱԲ սերունդ» ծրագրի՝ ուսուցիչների կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումների մեկ տարվա արդյունքները։
29.07.2024
Վերջին Նորություններ

Երկարատև համագործակցության հերթական այցը

«Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալեց Ստիվ Քինգին։ Սա «Այբ»-ի հետ Քեմբրիջի համալսարանի երկարատև համագործակցության հերթական այցն էր։
18.07.2024

Արարատյան բակալավրիատի աշխարհագրությունն ընդլայնվում է

Հարավային Կորեայի «Յոնսե» համալսարանը դարձավ 25 երկրների բուհերից 215-րդը, որ այս պահի դրությամբ փաստացի ճանաչում և ընդունում է ԱԲ-ի հավաստագիրը։
01.07.2024

Արարատյան բակալավրիատի նոր ձեռքբերումները

Արարատյան բակալավրիատի հավաստագիրը ճանաչող և ընդունող համալսարանների ցանկը համալրվել է նոր միջազգային հեղինակավոր անուններով։
14.06.2024
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված