«Այբ» կրթական հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցչության համագործակցությամբ իրականացվում է Հայաստանում դեռահասների համար կյանքի հիմնարար հմտությունների վերաբերյալ դասընթացների շարքը։ Նախագիծը ֆինանսավորվում է Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան կողմից և նպատակ ունի կենսական տարրական հմտություններով զինելու ոչ միայն երիտասարդներին, այլև նրանց հետ աշխատող մասնագետներին։ Նախագիծը նախաձեռնվել է հաջակցություն արցախյան զինված հակամարտությունից տուժած դեռահասների և այլ անձանց, այսինքն՝ այն հոգեբանական աջակցություն է խոցելի համայնքներին։
Նախագծի նպատակն է սոցիալ-հուզական ուսումնառության միջոցով նպաստելու դեռահասների կարողությունների զարգացմանը՝ հասարակական համերաշխության, հետպատերազմյան իրականությանը համայնքների հարմարման, վերականգնման և սոցիալական զարգացման նպատակով։ Նախագծի տևողությունը 6 ամիս է, իրագործումը՝ երկփուլ։ Առաջին փուլում՝ 2021 թ. հունվար-հունիս ամիսներին, միջոցառումներում ընդգրկվել են Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի և Երևանի շահառուները։ Իսկ երկրորդ փուլում կընդգրկվեն Սյունիքը, Վայոց ձորը, Արարատը, Արմավիրը և Կոտայքը։
Շահառու խումբը 2020 թ. Արցախյան պատերազմի հետևանքով տուժած դեռահասներն են, այդ թվում՝ հյուրընկալող համայնքներում բնակվող, ներքին տեղահանված անձինք և հայրենադարձները, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական դժվարություններ ունեցող կամ ծանր պայմաններում հայտնված երիտասարդները։ Շահառուների տարիքային խումբը 13-17 տարեկանն է։ Նրանց մեծ մասը տունը, ընտանիքը կամ հարազատներին կորցրած արցախցի դեռահասներն են, ովքեր բնակություն են հաստատել Հայաստանում։ Նախագիծը նախատեսում է 500 դեռահաս աղջիկների և տղաների ներգրավել կրթական և սոցիալականացման համայնքային ծրագրերում։ Բացի դեռահասներից՝ նախագծի շրջանակում կվերապատրաստվեն նաև 75 կամավոր և երիտասարդական աշխատող՝ սոցիալ-հուզական ուսումնառության ընթացքում երիտասարդներին անհատական և խմբային աջակցություն ցուցաբերելու նպատակով։
«Այբ» կրթական հիմնադրամը 2006 թ.-ին հիմնել են այնպիսի անձինք, ովքեր համարում են, որ կրթությունը հսկայական դեր է ունեցել իրենց անձնական և մասնագիտական կյանքի ձեռքբերումների մեջ, և կամենում են միասնական ջանքերով նպաստել Հայաստանում կրթական միջավայրի բարեփոխմանը։ Ցանկանալով նպաստել երկրի զարգացմանը և ունենալով իրենց ժամանակը, ջանքերն ու միջոցները ներդնելու բազմաթիվ հնարավորություններ՝ «Այբ»-ի հիմնադիրներն ընտրել են երկիրը բարեփոխելու ամենաշնորհակալ և հավաստի ճանապարհը` ստեղծել ուսումնառության նոր մշակույթ և կրթել նոր սերունդ: «Այբ»-ի հիմնադիրներն աշխարհի տարբեր ծայրերում ապրող և տարբեր մասնագիտական ոլորտներում աշխատող հայորդիներ են։ «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանն ընդգծում է, որ «Այբ»-ը մեծ պատրաստակամությամբ է ընդգրկվել դեռահասներին աջակցելու հնարավորություն ընձեռող այս նախագծում, իսկ ամենից շատ ոգեշնչում է երեք կազմակերպությունների միավորումը դեռահասներին աջակցելու նպատակի շուրջ, որպեսզի վերջիններս կյանք մտնեն՝ մեծ ու փոքր խնդիրները հաղթահարելուն պատրաստ։
ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է ավելի քան 190 երկրներում՝ փրկելու երեխաների կյանքը, պաշտպանելու նրանց իրավունքները, օգնելու իրագործելու նրանց ներուժը՝ վաղ մանկությունից մինչև դեռահասություն։ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է Հայաստանի կառավարությանը՝ Հայաստանում բոլոր երեխաների իրավունքների իրացման բացերին առնչվող բարեփոխումներ մշակելու և իրականացնելու՝ ուշադրության կենտրոնում պահելով ամենից խոցելիներին և մեկուսացվածներին։
Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. սեպտեմբերի 7-ին։ Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը գործում է 2010 թ. հունիսից։ Ճապոնիայի դեսպանատունն ակտիվ մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում իրականացվող կրթական և մշակութային տարբեր ծրագրերին։