Վերադառնալ

Կրթական հնարավորությունների բազմապատկում. ForMath մրցույթն ունի հաղթող

 

«Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ կայացավ կրթական ու բարեգործական երկրորդ ForMath-ը։ Կրթական հնարավորությունները բազմապատկելու կարգախոսով մրցույթն այս տարի մաթեմատիկայի շուրջ միավորել էր Հայաստանում գործող առաջատար հինգ ընկերությունների՝ «Կոնվերս բանկ»-ի, Team Telecom Armenia-ի, «Թել-Սել»-ի, «Սոֆթ Կոնստրակտ»-ի թիմերին և «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի տեղայնացնողների թիմին։ Հինգ փուլերի արդյունքում հաղթող ճանաչվեց մրցույթը հյուրընկալած «Սոֆթ Կոնստրակտ» ընկերության թիմը, որը եզրափակիչում միավորներով գերազանցեց Team Telecom-ի թիմին։

ForMath-ի նպատակն է բնագիտամաթեմատիկական առարկաների ու կրթության կարևորության շուրջ միավորել Հայաստանում գործող այն կազմակերպություններին, որտեղ ոլորտային, մասնագիտական ու համընդհանուր զարգացման համար մաթեմատիկական գիտելիքն առանցքային է, և միասնական ներդրում ունենալ ՀՀ-ում և Արցախում հայալեզու որակյալ կրթական ռեսուրսներն անվճար հասանելի դարձնելու գործում։

Մասնակից թիմերի անդամավճարներն ամբողջությամբ ուղղվում են միջազգային խոշորագույն առցանց կրթական շտեմարանի՝ «Քան» ակադեմիայի կրթական որակյալ նյութերի տեղայնացմանը, որով 2017-ից ի վեր զբաղվում է «Այբ» կրթական հիմնադրամը։

Հարթակի նյութերը հայերեն են, անվճար և համապատասխանեցված են ՀՀ կրթական պետական չափորոշչին՝ ապահովելով ուսումնառության շարունակականությունը բոլորի համար և ամենուրեք։ Սա հատկապես կարևոր է երեխաների կրթական իրավունքը խախտող արտակարգ այնպիսի իրավիճակներում, ինչպիսիք են համավարակը, պատերազմը կամ շրջափակումը։

Մրցույթի մասնակիցներին ուղղված խոսքում հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը նշել է․ «Ձեր աջակցությամբ և մասնակցությամբ դուք նպաստում եք «Քան» ակադեմիայի հայալեզու հարթակում ևս մեկ բաժնի տեղայնացմանը։ Դուք նվիրում եք հնարավորություն ո՛չ միայն երեխաներին, այլև ուսուցիչներին՝ օգտվելու անվճար ու որակյալ կրթական բովանդակությունից՝ անկախ գտնվելու վայրից, հնարավորություն՝ ցանկացած տարիքում ինքնակրթվելու, սովորելու և խաղալու։ Սա յուրահատուկ բարեգործություն է, որը յուրաքանչյուրն անում է իր գիտելիքով, մասնակցությամբ և ներդրումով»։


Առաջին ForMath-ը կայացել էր 2021-ին՝ ներգրավելով հիմնականում ՏՏ ոլորտը ներկայացնող 8 կազմակերպությունների։ Մրցույթի արդյունքում հավաքված գումարով տեղայնացվել է մաթեմատիկայի ավելի քան 65 տեսանյութ, որոնք այսօր անվճար հասանելի են «Քան» ակադեմիայի հայալեզու հարթակում բոլոր սովորողների, ծնողների և ուսուցիչների համար։

17.03.2023
Գլխավոր Նորություններ

Վերափոխենք Հայաստանը կրթությամբ. ուսուցիչների հետ հանդիպում Տավուշում

ԴԿԴ-ում տեղի ունեցավ ««Վերափոխենք Հայաստանը կրթությամբ» խորագրով միջոցառումը։
12.06.2026

«405» կրթական դաշինքը «Այբ»-ում

Հունիսի 9-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալել էր «405» կրթական դաշինքի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին։
10.06.2026

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին նվիրված գալա ընթրիքը

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին նվիրված գալա ընթրիքը համախմբեց կրթության փոխակերպող ուժին հավատացող համայնքին։
09.05.2026

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ «Այբ» կրթական հիմնադրամում

Ապրիլի 28-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալեց աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին:
30.04.2026
Վերջին Նորություններ

Ամփոփվել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրի հերթական փուլը

Ամփոփվել է յոթամսյա վերապատրաստման ծրագրի հերթական փուլը։
29.04.2026

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդես

Տեղի ունեցավ «Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդեսը։
08.04.2026

Քեմբրիջի միջազգային GCE A Level-ի որակավորում՝ «Այբ» դպրոցում

«Այբ» դպրոցն ԱԲ-ն ընդլայնում է նոր որակավորմամբ և առաջարկում է նաև Քեմբրիջի միջազգային GCE А Level։
20.02.2026
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված