Ինչ սպասել երկու հզոր գիտության՝ մաթեմատիկայի ու քիմիայի «հանդիպումից» - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Ինչ սպասել երկու հզոր գիտության՝ մաթեմատիկայի ու քիմիայի «հանդիպումից»

Ինչ սպասել երկու հզոր գիտության՝ մաթեմատիկայի ու քիմիայի «հանդիպումից»

14 Ապրիլի / 2021

Ապրիլի 11-ին կայացավ «Մաթեմատիկան քիմիայում․ ինչպես է արհեստական բանականությունը ստեղծում նոր դեղեր» դասընթացը, որը նախաձեռնել էին Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST)  և «Այբ» կրթական հիմնադրամը: Դասընթացի ընթացքում, որին հրավիրված էին Պատանի քիմիկոսների մրցաշարի մասնակիցները, ինչպես նաև գիտատեխնիկական ոլորտով հետաքրքրված մարդիկ, FAST-ի ներքո գործող «Դենովո Սայենսիս» (Denovo Sciences) տեխնոլոգիական ընկերության ավագ տվյալագետներ Մհեր Մաթևոսյանն ու Վարդան Հարությունյանը ներկայացրին դեղերի ստացման ավանդական մեխանիզմներն ու արհեստական բանականության դերը դեղերի ստացումն ավելի արագ և ծախսարդյունավետ դարձնելու գործում:

 

Դեղերի ստացման ավանդական մեխանիզմները նկարագրելիս բանախոսները մատնանշեցին դեղերի մոլեկուլների բացահայտման և դրանց բուժական նշանակության դուրսբերման գործընթացի թանկարժեքությունն ու ժամանակատարությունը։ 1970-2010 թվականների ընթացքում դեղի ստացման արժեքն աճել է 14 անգամ․  հիմա կազմում է 2-3 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ դեղի ամբողջական դուրսբերումը տևում է 11 տարի, սակայն ստացված  դեղերի միայն 11%-ն է հաստատվում համապատասխան կառույցների կողմից: Մասնագետները ներկայացրին, թե ինչպես է արհեստական բանականությունը կրճատում այս գործընթացը և՛ ժամանակային, և՛ արժեքային առումով: Denovo Sciences-ի թիմը խոսեց մասնավորապես իրենց մոտեցումից, երբ ալգորիթմը չի օգտագործում առկա տվյալային բազաներ, փոխարենը փորձում է գտնել և սինթեզել նոր մոլեկուլներ դեղերի ստացման նպատակով և դա անում ավելի արագ: Denovo Sciences-ի թիմն այդ եղանակով արդեն սինթեզել է տասը մոլեկուլ և պատրաստվում է դրանք փորձարկել լաբորատոր պայմաններում: 

 

Դասընթացը ցույց տվեց, թե ինչպիսի միջառարկայական կապեր գոյություն ունեն քիմիայի հետ և ինչպես է քիմիայի զուգակցումը ժամանակակից տեխնոլոգիաներին ստեղծում նոր հնարավորություններ մարդկության բարեկեցության համար: 

 

Պատանի քիմիկոսների մրցաշարին մնացել է քիչ ժամանակ․ հուսով ենք՝ նման դասընթացները մեր մասնակիցներին օգնում են նոր կողմից բացահայտելու քիմիան ու  այս գիտության անսահման հնարավորությունները:

 

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին