«Այբ» կրթական հիմնադրամի պաշտոնական կայքի պատրաստման և դիզայնի մշակման տեխնիկական առաջադրանք - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • «Այբ» կրթական հիմնադրամի պաշտոնական կայքի պատրաստման և դիզայնի մշակման տեխնիկական առաջադրանք

«Այբ» կրթական հիմնադրամի պաշտոնական կայքի պատրաստման և դիզայնի մշակման տեխնիկական առաջադրանք

01 հոկտեմբերի / 2021

Ծրագրի մեկնարկ՝ 15 հոկտեմբերի, 2021 թ․

Ծրագրի ավարտ՝ 31 դեկտեմբերի, 2021 թ․ (քննարկելի)

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետ՝ 10 հոկտեմբերի, 2021 թ․

 

«Այբ» կրթական հիմնադրամի առաքելության համառոտ նկարագրություն

«Այբ» կրթական հիմնադրամն իրականացնում է կրթական և բարեգործական գործունեություն։ Տասնհինգ տարվա ընթացքում մենք հիմնադրամի բարերարների ու գործընկերների մեծ համայնքի հետ միասին կյանքի ենք կոչել բազմաթիվ ծրագրեր կրթության ոլորտում` մշակելով և իրագործելով կրթական բարեփոխումների նախաձեռնություններ, նախագծելով և հիմնելով օրինակելի կրթական միջավայրեր, որոնք խթան են ծառայում ամբողջ կրթական համակարգի փոփոխությունների, հետևաբար՝ երկրի զարգացման համար: «Այբ»-ի ծրագրերը յուրօրինակ համադրություն են ազգային հարուստ կրթական ժառանգության և համաշխարհային առաջատար փորձի։

 

Մեր համայնքն իր բոլոր ջանքերն ու ներդրումներն ուղղում է 21-րդ դարի մրցունակ, ստեղծարար, փոփոխությունների պատրաստ սերնդի զարգացմանը։

 

«Այբ» կրթական հիմնադրամի գործունեությանն ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ կայքում՝ https://ayb.am/։

 

Նոր կայք ստեղծելու նպատակը

Նոր կայք ստեղծելով՝ նպատակ ունենք ստանալու ժամանակակից լուծումներով ու մեր բոլոր շահառուներին հեշտ հասանելի ու նաև մատչելի բովանդակություն, որտեղ տեսանելի կլինեն նաև մեր բոլոր ծրագրերի կայքերն ու հարթակները։

 

Սկզբունքներ, որոնք մենք կարևոր ենք համարում

 Տեխնիկական նորագույն լուծումներ

 Գործառականություն, միաժամանակ պարզություն

 Բովանդակության հեշտ տեսանելիություն և հասանելիություն

 Վեբ դիզայնում «Այբ»-ի բրենդինգի կանոնների պահպանում

 Ճկուն և փոփոխելի կառուցվածք (կայքակառավարիչ վահանակի միջոցով՝ առանց լրացուցիչ ներգրավվածության)

 

«Այբ» կրթական հիմնադրամի կայքի ստեղծման ծառայությունների հիմնական բաղադրիչները

 Ծրագրավորում

 Վեբ դիզայն

 Փորձարկում

 Սպասարկում

 Գործող կայքի արխիվացում

 

Ծառայությունների ընդհանուր նկարագիրը, պահանջվող ծառայությունները, ժամկետները

Ծառայություն մատուցող անհատը կամ կազմակերպությունն աշխատելու է «Այբ» կրթական հիմնադրամի հանրային կապերի և մեդիայի հարաբերությունների բաժնի ղեկավարի ու թիմի հետ և պատասխանատու է լինելու նշված տեխնիկական առաջադրանքին համապատասխանող կայքի ստեղծման ու անխափան աշխատանքի համար:

 

Հիմնական պահանջներ

 «Այբ» կրթական հիմնադրամի կայքի նախագծում ու պատրաստում (եռալեզու)

 Օգտագործման համար հարմար ու ճկուն կայքակառավարիչ վահանակ

 Էջը տպելու, էլեկտրոնային փոստով ուղարկելու և սոցիալական ցանցերում տարածելու հնարավորություն

 Արտաքին հղումներ դիտարկիչի առանձին պատուհաններում

 Կայքի քարտեզ

 PDF և այլ ձևաչափի նիշքեր հրապարակելու և ներբեռնելու հնարավորություն

 Google Analytics-ից հաշվետվություններ ստանալու հնարավորություն

 Տեսանելիություն տարբեր (ներառյալ հեռախոսային) դիտարկիչներում

 

Լրացուցիչ պահանջներ

 Համակարգի անվտանգության ապահովում

 Թիմի վերապատրաստում՝ կայքի խմբագրման, թարմացման և սպասարկման հմտությունների ուսուցանմամբ

 Մեկ տարի շարունակ խորհրդատվության տրամադրում և սպասարկման ապահովում՝ կայքի պատշաճ աշխատանքը շարունակելու համար

 «Բետա թեստի» իրականացում և, անհրաժեշտության դեպքում, համապատասխան փոփոխությունների կատարում

 Մշակման ընթացքում որոնողական համակարգի լավարկում և բովանդակության ինքնաշխատ ստեղծում Google-ում:

 

«Այբ» կրթական հիմնադրամի պարտավորությունները

 Աշխատանքների մեկնարկին ծառայություն մատուցողին տրամադրել կայքի կառուցվածքն ու անհրաժեշտ կայքերի հղումները

 Ապահովել առաջադրանքի բոլոր գործողությունների արդյունավետ իրականացման տեխնիկական/բովանդակային աջակցություն

 Մասնակցել աշխատանքային քննարկումներին

 Ապահովել եռալեզու բովանդակություն

 Տրամադրել բրենդբուք

 Վճարել ծառայությանն առնչվող բոլոր ծախսերն ըստ նախօրոք համաձայնեցված բյուջեի ու փուլերի

 

Պահանջվող հմտություններ ու փորձ

Կարևոր է, որ մեզ հետ աշխատող անձը կամ թիմը լինի կազմակերպված և նախաձեռնող, փորձառու և պատասխանատու, թիմային և արագ արձագանքող։

 

Թվարկված պահանջները թեև արտացոլում են մեր հիմնական ակնկալիքները, պլանավորման փուլում կարող են փոխադարձ համաձայնությամբ ավելանալ որոշ նոր կետեր՝ ցանկալի արդյունքին հասնելու համար։

 

Հետաքրքրված անձանց կամ կազմակերպություններին խնդրում ենք ներկայացնել նմանօրինակ աշխատանքի մեկ-երկու օրինակ, ներգրավված անձանց ինքնակենսագրությունն ու գնառաջարկ՝ ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին՝ թեմայի տողում նշելով «Այբ» կայք։ 

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին