Գիտելիքի անպարտելի ուժը․ Գիտելիքի օրն աշակերտի աչքերով - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Գիտելիքի անպարտելի ուժը․ Գիտելիքի օրն աշակերտի աչքերով

Գիտելիքի անպարտելի ուժը․ Գիտելիքի օրն աշակերտի աչքերով

31 օգոստոսի / 2022

Տիգրան Մանուկյանը սովորում է Վաղարշապատի թիվ 12 հիմնական դպրոցի 9-րդ դասարանում։ Վերջերս դարձել է Արմավիրի մարզում «Քան» ակադեմիայի դեսպան-աշակերտներից մեկը։ Լինելով հարթակի ակտիվ օգտատեր՝ Տիգրանն աջակցելու է այլ սովորողների՝ «Քան» ակադեմիայի հայալեզու հարթակի հնարավորությունները նրանց համար բացահայտելով։ Գիտելիքի և դպրության օրվան ընդառաջ նա պատմել է կրթության ասպարեզում իր նպատակներից և ընկալումներից։

 

Ի՞նչ է գիտելիքը։

Գիտելիքն անպարտելի ուժ է, որը հնարավորություն է տալիս հասնել ամեն ինչի, կերտել ապագադ ու քո փոփոխությունը բերել աշխարհում։ Այս պատճառով համաձայն չեմ այն պնդմանը, թե գիտելիքը վերացական է,․քանի որ այն թույլ է տալիս իրականում ազդել կյանքի ու շրջապատի վրա։ Ինձ համար գիտելիքն ավելի քան նյութական և հոգևոր մի բան է։

 

 

Գիտելիքի ձեռքբերումը կուտակային գործընթաց է ամեն տարի իմացածիդ ավելանում են նոր բաներ, ու հստակ կարելի է ասել, որ ապագայում ավելի շատ բան ենք հասկանալու, քան հիմա։ Իսկ ինչպե՞ս օգտագործել հավաքածդ գիտելիքը։

Օրեցօր՝ ամեն մի նոր շփումից ու ծանոթությունից՝ լինի տանը, դպրոցում, թե համացանցում, նոր բան ենք սովորում։ Հաճախ կարող ենք չգիտակցել, որ նոր գիտելիք ենք ձեռք բերել։ Օրինակ, եթե ընկերների հետ ֆիլմ ենք դիտում և անգլերեն նոր բառ սովորում, հասկանալու համար դրա նշանակությունը նայում ենք բառարաններում։ Այդ պահին գուցե չմտածենք, որ նոր բան ենք սովորել, բայց երբ հայտնվենք հարմար միջավայրում, այդ բառի իմացությունը կարող է մեզ պետք գալ։ Ուստի շատ կարևոր է, որ գիտակցենք սովորելու անընդհատությունը, չսովորենք գնահատականի համար, այլ քաղենք այն, ինչ տիրապետելի է լինելու մեզ համար ապագայում։

 

 

Այս տարի ճանաչվել ես «Քան» ակադեմիայի դեսպան-աշակերտ։ Ի՞նչ խորհուրդ կարող ես տալ սովորողներին. ի՞նչ է անհրաժեշտ ցանկացածդ սովորելու համար։

Ցանկացած բան սովորելու համար անհրաժեշտ են մոտիվացիա ու նպատակ։ Պետք է հասկանանք՝ ինչի համար է մեզ անհրաժեշտ այդ սովորելը, ինչ նպատակով ենք սովորածը կիրառելու։ Երբ այդ ամենը հստակ է, սկսում ես ճիշտ օգտագործել ռեսուրսներդ, ճիշտ ես կիրառում համացանցը, որն իրականում շատ դրական կողմեր ունի։ Կարող եմ ասել, որ «Քան» ակադեմիայի հարթակն էլ այդ հնարավորություններից մեկն է․ թույլ է տալիս անվճար սովորել ուզածդ, քեզ հարմար ժամի։ Մոտիվացիան, հետաքրքրասիրությունը և ժամանակի ճիշտ բաշխումն ուզածը սովորելու միակ պայմանն են։

 

 

Ամառն ավարտվեց, ու աշակերտների համար դժվար է նորից գալ դպրոցի կանոնավոր ռեժիմին ի՞նչը կարող է մոտիվացնել սովորողներին նոր ուսումնական տարում։

Կարևորը դպրոցի նշանակությունը հասկանալն է։ Ինձ համար ապագաս է իմ մոտիվացիան։ Նպատակիս հասնելու համար ես գիտակցում եմ, որ ինձ անհրաժեշտ են գիտելիք, ուսում, պետք է կոկիկ ու պատրաստ ներկայանալ դասերին ու աշխատել։ Միայն այդ դեպքում են արդյունքներդ գոհացնող լինում։ Ցանկացած երեխա պետք է ունենա նպատակ, թեկուզ երազանքի տեսքով, և ունենա նպատակասլացություն՝ դրան հասնելու համար։ Նպատակասլաց լինելն ամենակարևորն է։

 

Ինքս ուզում եմ դառնալ դիվանագետ ու լրագրող։ Լրագրողների կյանքն ինձ հետաքրքրում է, ու ես էլ եմ ուզում սովորել ճիշտ հարցեր տալ։ Ուզում եմ նաև դիվանագետ լինել․ դիվանագետները մեր երկրին ներկայիս անկումային փուլում շատ են անհրաժեշտ։

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին