Մեկնարկել է «Կենգուրու 2018» միջազգային մաթեմատիկական մրցույթը - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Մեկնարկել է «Կենգուրու 2018» միջազգային մաթեմատիկական մրցույթը

Մեկնարկել է «Կենգուրու 2018» միջազգային մաթեմատիկական մրցույթը

09 փետրվարի / 2018

Մեկնարկել է «Կենգուրու 2018» միջազգային մաթեմատիկական մրցույթը, որն այս տարի կանցկացվի մարտի 15-ին։ Մրցույթին մասնակցելու հրավեր է ուղարկվել է ՀՀ և Արցախի 1294 դպրոցի։


Մրցույթին կարող են մասնակցել 3-12-րդ դասարանների բոլոր ցանկացող աշակերտները: Մասնակցության վճարը կատարելու, վճարման անդորրագիրն իրենց դպրոց ներկայացնելու և դպրոցի մասնակից երեխաների ցուցակում գրանցվելու վերջնաժամկետը փետրվարի 16-ն է։ Դպրոցները մասնակցության հայտը պետք է ներկայացնեն մինչև փետրվարի 21-ը ներառյալ։


«Այսօրվա աշխարհում ամուր մաթեմատիկական հիմքը և տրամաբանությունը խիստ կարևոր են ոչ միայն թեստերում լավ արդյունքներ գրանցելու կամ լավ համալսարաններ ընդունվելու, այլև երիտասարդների մտածելու և դատողություններ անելու կարողությունները խթանելու համար։ «Կենգուրու» մրցույթը պարզապես մաթեմատիկայի մրցույթ չէ․ այն ձգտում է զարգացնել հայ աշակերտների լայն մտածողությունն ու տրամաբանությունը՝ նպաստելով նրանց համընդհանուր զարգացմանը։ Այդ իսկ պատճառով, անկախ մաթեմատիկայի իմացության մակարդակից, անկախ մաթեմատիկական ընդունակություններից, կոչ ենք անում մեր երեխաներին առանց վարանելու և առանց վախենալու մասնակցել մրցույթին»,- ասել է «Այբ» կրթական հիմնադրամի դպրոցական մրցույթների բաժնի ղեկավար Շուշան Կարապետյանը՝ ավելացնելով, որ այս տարին հոբելյանական է մրցույթի համար։


«Այս տարի լրանում է «Կենգուրու» մրցույթի և մրցույթի շնորհիվ ՀՀ-ում և Արցախում ձևավորված յուրօրինակ ու հզոր մանկական շարժման 10 տարին: Եվ մեզ համար անչափ ուրախալի է, որ այս տասնամյակում այն հասցրել է արձանագրել մեծ ձեռքբերում՝ դառնալ ՀՀ-ում և Արցախում ամենասիրված ու զանգվածային դպրոցական մրցույթը։ Այս հոբելյանական տարում մրցույթի մասնակից բոլոր դպրոցներին, որոնցում չեն արձանագրվի խախտումներ, սպասում են անակնկալներ»,- նշել է Շուշան Կարապետյանը։


«Կենգուրու» մրցույթի մասին
«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի բացառիկ կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը։ Այն անցկացվում է Հայաստանում՝ ՀՀ կրթության և գիտության, Արցախում՝ ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունների հովանու ներքո:


Հայաստանում մրցույթի կազմակերպման գործընկեր՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ:
Տեղեկատվական հովանավորներ` «Մեդիամաքս» լրատվական գործակալություն և «Կրթություն» շաբաթաթերթ:

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին