ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը «Քան» ակադեմիային - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի  ուղերձը  «Քան» ակադեմիային

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը «Քան» ակադեմիային

15 սեպտեմբերի / 2021

Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ,

գիտակրթական ծրագրի հարգելի՛ մասնակիցներ,


Նախ, բոլորիդ շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա առթիվ և մաղթում հաջողություններ ու նոր ձեռքբերումներ։


Գիտելիքն այն լավագույն բանալին է, որով հնարավոր է բացել ցանկացած դուռ։ Դուք արդեն իսկ որոշակի քայլեր եք արել այդ ուղղությամբ և համոզվել դրանում։ Այսօրվա արագ փոփոխվող աշխարհում այդ բանալուն տիրապետելն առավել քան անհրաժեշտություն է, հատկապես մեր երկրի պարագայում։


Մեր ունեցած մեծագույն հարստությունը մարդն է, և մենք պետք է խնամքով վերաբերվենք նրան։ Աշխարհում տիրապետող ներկայիս միտումները պարտադրում են յուրաքանչյուր քայլ անելիս լինել վստահ և ունենալ հավատ թե՛ սեփական ուժերի և թե՛ ձեր առջև դրված նպատակի հանդեպ։


Վստահ եմ, որ դուք ձեր մասնագիտական ուղղվածությունը կամ նախասիրությունն ընտրել եք ոչ թե ինտելեկտուալ մոդային տուրք տալով, այլ՝ գիտակցաբար։ Գիտության բոլոր ճյուղերը, բոլոր ոլորտները, դպրոցում և բուհում ուսուցանվող բոլոր առարկաներն արժանի են մեծագույն հարգանքի, որովհետև դրանց հիմքում, որպես շարժիչ ուժ, գիտելիքն է։ Ես ինքս գիտեմ շատերի, որոնք ոչ միայն գտել են, օրինակ, ֆիզիկայի և գրականության հատման կետը, այլև կարողանում են դրանք տանել զուգահեռ ուղղություններով։ Ժամանակակից թվային աշխարհում այլևս ոչինչ անհնարին ու անհավանական չի թվում։ Եվ այս տեսանկյունից ողջունելի է նաև «Քան» ակադեմիայի հայերեն առցանց կրթական հարթակի ձևավորումը, որը հավասար հնարավորություն է ստեղծում բոլոր նրանց համար, ովքեր ունեն սովորելու, կրթվելու և գիտելիք ձեռք բերելու ձգտում։


Փոփոխվող աշխարհին զուգընթաց՝ փոփոխվում են ինչպես արժեհամակարգերի ընկալումները, այնպես էլ բնության երևույթների ու գիտության հանդեպ թե՛ վերաբերմունքը և թե՛ գնահատականը։ Մենք որպես երկիր և ժողովուրդ պարտավոր ենք մեր ներդրումն ունենալ ժամանակակից գիտական զարգացումների մեջ։ Մանավանդ որ ունենք գիտության մեծագույն ավանդույթներ և տաղանդաշատ գիտնականներ համաշխարհային մակարդակով, որոնց անունները պատիվ են ցանկացած պետության ու ազգի համար։

 
Հատկապես այսօրվա սերնդից ես մեծ ակնկալիքներ ունեմ։ Եվ ուզում եմ հավատալ՝ այսօրվա սերնդի մեջ, այդ թվում՝ նաև ձեր շարքերում, մենք տեսնելու ենք անուններ, որոնք վերականգնելու են մեր գիտակրթական բարձր նշաձողը և նվաճելու են նոր բարձունքներ։


Հավատացե՛ք ձեր հնարավորություններին ու ներուժին, հավատացե՛ք ձեր ուժերին, և որևէ նպատակ ու երազանք անիրականանալի չի թվա։


Հաջողություն եմ մաղթում բոլորիդ թե՛ այսօր և թե՛ վաղը, թե՛ իրական և թե՛ վիրտուալ աշխարհում, որոնց սահմանագիծն այսօր արդեն շատ հարաբերական է։

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին