Աշխարհի 25 լավագույն բուհերից ևս մեկը փաստում է Արարատյան բակալավրիատի որակը - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Աշխարհի 25 լավագույն բուհերից ևս մեկը փաստում է Արարատյան բակալավրիատի որակը

Աշխարհի 25 լավագույն բուհերից ևս մեկը փաստում է Արարատյան բակալավրիատի որակը

07 Ապրիլի / 2018

 

Աշխարհի 25 լավագույն բուհերից ևս մեկը՝ Լոնդոնի թագավորական քոլեջը (King’s College London), փաստել է Արարատյան բակալավրիատի կրթության բարձր որակը։ Արարատյան բակալավրիատն ավելացվել է քոլեջի կողմից ընդունելի այն որակավորումների ցանկում, որոնք ապահովում են ուղիղ ընդունելություն բուհ՝ բակալավրի աստիճանի համար։

 

Արարատյան բակալավրիատի շնորհիվ Հայաստանն այնպիսի երկրների շարքում է, ինչպիսին են Ֆինլանդիան, Սինգապուրը, Գերմանիան, Էստոնիան, որոնց հանրակրթական ծրագրերն ու քննական արդյունքները ևս ապահովում են ուղիղ ընդունելություն Լոնդոնի թագավորական քոլեջ։

 

 

 

Լոնդոնի թագավորական քոլեջի մասին

 

Լոնդոնի թագավորական քոլեջը հիմնվել է 1829 թվականին։ Ըստ QS World University Rankings-ի 2016-2018 թթ․ տվյալների՝ Լոնդոնի թագավորական քոլեջն աշխարհի լավագույն 25 համալսարանների շարքում է։ Այսօր համալսարանում սովորում է ավելի քան 29 600 ուսանող՝ 150 երկրից։

 

Արարատյան բակալավրիատի մասին

 

Արարատյան բակալավրիատը հայալեզու և միջազգայնորեն ճանաչված կրթական ծրագիր է, որը կոչված է որակյալ կրթության հնարավորություն ընձեռելու ՀՀ բոլոր աշակերտներին։ ԱԲ ծրագրով առաջին դպրոցները (ՀՀ մարզերի և Արցախի) իրենց գործունեությունը կսկսեն 2018 թ․ սեպտեմբերի 1-ից։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ՝ ծրագրի միջազգային գործընկերներ

Քեմբրիջի համալսարանի Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի (Cambridge Assessment International Education, Cambridge University) և Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի (UCL Institute of Education) հետ համագործակցությամբ։

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին