Միքայել Յանի հաջողության բանաձևը․ աճպարա՞ր, հոգեբա՞ն, թե՞ հաջողակ ստարտափեր - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Միքայել Յանի հաջողության բանաձևը․ աճպարա՞ր, հոգեբա՞ն, թե՞ հաջողակ ստարտափեր

Միքայել Յանի հաջողության բանաձևը․ աճպարա՞ր, հոգեբա՞ն, թե՞ հաջողակ ստարտափեր

23 Ապրիլի / 2021

«Այբ» կրթական հիմնադրամի «Հաջողության բանաձևն» «Այբ»-ի հիմնադրման հոբելյանական՝ 15-րդ տարում ներկայացնում է ամենահետաքրքիր ու յուրահատուկ խոսնակներին։ Այս անգամ մենք հյուրընկալեցինք ManyChat հարթակի համահիմնադիր և տնօրեն Միքայել Յանին։ Հանդիպմանը հնարավոր էր մասնակցել ինչպես անձամբ գալով «Այբ» դպրոց, այնպես էլ հետևելով առցանց հեռարձակմանը։ Միքայել Յանը ներկայացրեց իր հաջողության պատմությունը՝ անդրադառնալով տարբեր թեմաների՝ մասնագիտության ընտրությունից ու օգտակար գրքերից մինչև հաջողված թիմային աշխատանքի գաղտնիքներ ու նաև արհեստական բանականության գուրու, «Այբ»-ի համահիմնադիր Դավիթ Յանի որդին լինելու առավելությունները։


Միքայելը հանդիպման սկզբում պատմեց ManyChat-ի և իր ուղու մասին, ապա ներկաները տվեցին իրենց հետաքրքրող հարցերը։ ManyChat-ն առաջատար հարթակ է հաղորդակների (messenger) միջոցով իրականացվող մարկետինգի ոլորտում։ Այն օգտագործում են 1 միլիոնից ավելի ընկերություններ շուրջ 160 երկրներում՝ իրականացնելու մարկետինգ, վաճառք և հաճախորդների սպասարկում՝ ֆեյսբուքյան և այլ հաղորդակների միջոցով։ Manychat-ն այժմ ունի 140 աշխատակիցներ, որոնք աշխատում են ընկերության՝ Կալիֆոռնիայի և Մոսկվայի գրասենյակներում։ Միքայելի դպրոցական տարիները նույնպես անցել են ՌԴ-ում և ԱՄՆ-ում։ Եվ ինչպես ինքն է նշում, այդ ժամանակահատվածը կարևոր էր նրանով, որ հենց այդ ընթացքում է հանդիպել իր լավագույն ընկերներին։


Նրա առաջին մասնագիտությունն ու հոբբին աճպարարությունն է, որն օգնել է նրան ամբողջ կյանքում։ Աճպարարն իր կիրառած տարբեր հնարքների ժամանակ սովորում է կառավարել մարդկանց ուշադրությունը, ինչպես նաև շեղել նրանց, երբ հարկավոր է։ Միքայելը մասնագիտությամբ հոգեբան է և կարևորում է այդ մասնագիտության դերը բիզնեսի ոլորտում, որովհետև բիզնեսն այսօր անընդհատ լուծում է խնդիրներ, որոնք ուղիղ կապ ունեն հոգեբանության հետ։ Եվ այդ ընթացքում շատ կարևոր է ճիշտ շփվել հաճախորդների հետ՝ հստակ ձևակերպելով սեփական հարցերը՝ հնարավորինս ճիշտ պատասխաններ ստանալու համար։ Միքայելը խորհուրդ տվեց այդ հմտությունը զարգացնելու համար կարդալ “The Mom Test” գիրքը, որը կօգնի բացահայտել հաճախորդների հետ շփման գաղտնիքները։


Ներկաները հետաքրքրվեցին, թե, ըստ մեր խոսնակի, որոնք են հաջողության հասնելու համար ամենաանհրաժեշտ քայլերը։ Ըստ Միքայելի՝ չկա միայն մեկ ճիշտ ճանապարհ․ կարևորն այն է, որ ընտրես քո ուղին ու գնաս դեպի նպատակդ, իսկ հաջողությունը հավասարապես կախված է ինչպես ուժեղ թիմ ունենալուց, այնպես էլ  լավ գաղափարից։ Կարևոր գործոն է նաև շուկան, որի համար աշխատում ես։


Իսկ իր ղեկավարած կազմակերպությունում կիրառվող հաղորդակցության արդյունավետ սկզբունքների մասին խոսելիս Միքայելն անդրադարձավ աշխատողների միջև ճիշտ համագործակցությանն ու շփման կարևորությանը։ Կան կազմակերպություններ, որտեղ անկեղծ շփումը չի ողջունվում, ինչը որոշ ժամանակ անց պատճառ է դառնում մեծ խնդիրների, իսկ կազմակերպությունների մեկ այլ խմբում էլ խրախուսվում է չափից դուրս անկեղծ ու բաց շփումը, ինչը ևս ի վերջո կարող է հանգեցնել խնդիրների։ Այս իմաստով, ըստ Միքայելի, պետք է լինել շփման մեջ չափավոր բաց ու կառուցողական, որպեսզի գործընկերներն ունենան վեճեր, բայց դրանք միշտ լինեն գաղափարների շուրջ, ոչ թե անձանց։ Պակաս կարևոր չէ նաև վարժել միտքն ու ինքդ քեզ ուղղել դրական հարցեր՝ համոզված լինելով, որ դու կհաջողես և քո գաղափարին կհավատան։ Այս նպատակով կարելի է կարդալ ինքնօգնության տարբեր գրքեր ու զարգացնել դրական մտածողության սովորությունն ու օրինաչափությունները։
 

Վերջում հանդիպման վարող, «Այբ» դպրոցի տնօրեն Դավիթ Սահակյանը հետաքրքրվեց, թե Միքայելին օգնո՞ւմ, թե՞ խանգարում է Դավիթ Յանի որդին լինելը։ Միքայելը նշեց, որ հայրն իր համար հրաշալի օրինակ է գաղափարից դեպի հաջողություն ընթանալու ճանապարհին, և ինքը նրանից շատ բան է սովորել։ Անձամբ տեսնելով, թե ինչպես է նա աշխատում սեփական նախագծերի վրա՝ առաջին հերթին նրանից սովորել է միշտ ուշադիր լինել յուրաքանչյուր մանրուքի նկատմամբ։ Միքայելը նշեց, որ իր վրա մեծ է նաև հայ տատիկի ազդեցությունը և որ մեծ հաճույքով է ամեն անգամ սպասում Հայաստան գալուն՝ եզրափակելով իր խոսքն այն մտքով, որ տպավորված է տեսնելով «Այբ» դպրոցի ստեղծած հնարավորությունները, որոնք ապահովում են բոլոր անհրաժեշտ պայմանները, որ սովորողը ստանա 21-րդ դարի պահանջներին համապատասխան կրթություն։

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին