«Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակը 3 տարեկան է - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակը 3 տարեկան է

«Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակը 3 տարեկան է

10 Հուլիսի / 2020

 

Արդեն 3 տարի է՝ «Այբ» կրթական հիմնադրամը, «Քան» ակադեմիայի հայկական թիմի ջանքերով, ստեղծում է որակյալ կրթական բովանդակություն մայրենի լեզվով՝ ժամանակակից կրթական տեխնոլոգիաներ բերելով հայկական կրթական միջավայր և հնարավորություն տալով մեր հազարավոր երեխաներին և ուսուցիչներին անվճար օգտվելու կրթության աշխարհի հարուստ նյութերից:

Այս երեք տարիների ընթացքում մեր աջակիցների օգնությամբ  տեղայնացրել ենք ավելի քան 25 000 կրթական տեսանյութ և վարժություն: Կայքում գրանցված է ավելի քան 29 000 օգտատեր (634% աճ՝ նախորդ տարվա համեմատ), որոնցից 4800-ը՝ ուսուցիչ։ «Քան» ակադեմիայի կայքն ունի այնքան մեծ պահանջարկ, որ հայալեզու նյութերն արդեն ունեն 4,5 միլիոն դիտում. հատկապես COVID-19-ի շրջանում այս անվճար հարթակը դպրոցների համար ամենաօգտակար գործիքներից մեկը դարձավ:

 

Երեխաներին վաղուց արդեն չի հետաքրքրում դասարանային չոր կրթությունը
 

Անի Աբրահամյանը Երևանի Վ. Գ. Բելինսկու անվան թիվ 38 հիմնական դպրոցի 5-9-րդ դասարաններում դասավանդում է մաթեմատիկա: Պատմում է հեռավար կրթության և «Քան» ակադեմիայի իր փորձի մասին:
 

Անցումը հեռավար կրթությանը երևի բոլորիս համար բավականին անսպասելի էր, և շատ կարևոր էր հենց այդ սկզբնական շրջանում ճիշտ կազմակերպել կրթությունը: Ես նախկինում օգտվել էի «Քան» ակադեմիայի նյութերից ու գիտեի հարթակի մասին: Հեռավար կրթության օրերին մեծ ակտիվությամբ սկսեցի նաև այդ հարթակով աշխատել:

Ելնելով այս շրջանի փորձից թե՛ որպես ուսուցիչ և թե՛ որպես ծնող՝ կարող եմ ասել, որ հեռավար ուսուցումը չի կարող փոխարինել դասարանային ուսուցմանը. կրթության մեջ շփումը շատ կարևոր է: Սակայն եթե առցանց կրթությունը համադրվի դասարանային ուսուցման հետ, մենք որակապես նոր կրթություն և մոտեցումներ կունենանք:
 

«Քան» ակադեմիայի հարթակը շատ հարմար է, և ուսուցումը կազմակերպելու համար կարող ես շատ մեթոդներ օգտագործել: «Քան» ակադեմիան բացատրում է թեմաները տեսանյութերի միջոցով, ինչպես, օրինակ, ես կբացատրեի դպրոցում: Տեսանյութերը շատ հարմար են․ երեխան կարող է նայել, կանգնեցնել մի պահ, նորից նայել, կրկնել այնքան, մինչև հասկանա թեման: 
 

Հարթակը շատ է մոտիվացնում երեխաներին. խաղային ուսուցման տարրերը հենց այն են, ինչ այժմ անհրաժեշտ է կրթությանը և երեխաներին. «Վա՜յ, ես այսքան միավոր հավաքեցի: Ինձ այսքան էներգետիկ միավոր տվեց»,- անընդհատ լսում ես տարբեր աշակերտներից: Երեխաներին վաղուց արդեն չի հետաքրքրում դասարանային չոր կրթությունը. պետք են նորարարություն և նոր տեխնոլոգիաներ:
 

Մեծ ուրախությամբ պետք է ասեմ, որ անգամ թույլ աշակերտները սկսեցին աշխատել, որովհետև նրանց համար էլ էր հարթակը հետաքրքիր և հարմար: Երեխաներ կային, որոնք դասարանում այդքան էլ ակտիվ չէին, իսկ հիմա մեծ հետաքրքրությամբ մասնակցում են դասերին և շատ լավ արդյունքներ ցուցաբերում. սա հեռավար կրթության առանձնահատկություններից է, որը հետագայում անպայման պետք է հաշվի առնել:
 

Սեպտեմբերին կշարունակեմ աշխատել հարթակի և առցանց դասարանի օգնությամբ: Դե իսկ մինչ այդ՝ ամառային արձակուրդներին, աշակերտներին հանձնարարել եմ կրկնել այն թեմաները, որոնք այնքան էլ լավ չեն հասկացել, և վարպետանալ դրանցում:

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին