Պատանի քիմիկոսների մրցաշարից մինչև քեմոինֆորմատիկայի բութքեմպ - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Պատանի քիմիկոսների մրցաշարից մինչև քեմոինֆորմատիկայի բութքեմպ

Պատանի քիմիկոսների մրցաշարից մինչև քեմոինֆորմատիկայի բութքեմպ

20 հոկտեմբերի / 2021

 

Կհարցնեք՝ ի՞նչ հատման կետ կարող են ունենալ Պատանի քիմիկոսների մրցաշարն ու քեմոինֆորմատիկայի բութքեմպը։ Այդ հատման կետում կանգնած է 2020 թվականին Պատանի քիմիկոսների մրցաշարի հաղթող թիմի ավագ, իսկ այժմ քեմոինֆորմատիկայի բութքեմպի մասնակից Գևորգ Ավանեսյանը։

 

Քեմոինֆորմատիկայի մասին

Քեմոինֆորմատիկան միավորում է դեղերի քիմիան և ծրագրավորումը։ Դեղերի քիմիայի դասերին սովորում ենք ինչպես դեղը սկզբից մինչև վերջ արտադրել և հասցնել իր նպատակին, իսկ ծրագրավորումն էլ օգնում է հեշտացնելու դեղագործական աշխատանքը։ Նման ոլորտային միավորումը թույլ է տալիս համակցված կատարել դեղագործական վերլուծությունները և ստեղծել դեղի մեր մոդելը։

 

 

Բութքեմպի մասին

Բութքեմպը, պատկերավոր ասած, մի պատ է, որին ամեն դասընթացի հետ ինձ համար մի նոր բան եմ ավելացնում։ Ու թեև վերջնարդյունքը դեռ տեսանելի չէ, արդեն պատկերացնում եմ՝ ինչ կարող է ստացվել վերջում։ Ամեն դասընթացի ինձ համար մի քանի բան եմ առանձնացնում՝ վերջում դրանք օգտագործելու մտադրությամբ։  Դասերը հիմնականում գործնական են․ դեղագործությունից սովորած տեսականը ծրագրավորման միջոցով  կիրառում ենք գործնականորեն։ Համակցումը շատ լավ է ստացվում։ Ե՛վ տեսական, և՛ գործնական տեսանկյունից սկսում ես ամեն ինչ հասկանալ, գնահատել։ Այս ճյուղի շուրջ դասընթացները շատ քիչ են, մինչդեռ այն, ինչ սովորում ենք, շատ օգտակար է լինելու թե՛ հետագա գործունեության մեջ, թե՛ հետազոտական աշխատանքներում։ Շատ կարևոր թվային վերլուծական մեթոդներ ենք սովորում, որոնք այլ տեղ չես սովորի։

 

 

Պատանի քիմիկոսների մրցաշարի մասին

Պատանի քիմիկոսների մրցաշարն ինձ բերեց քիմիայի աշխարհ, օգնեց լինելու մասնագետների ուշադրության կենտրոնում։ Այսպես ավելի հեշտ եմ ներգրավվում տարբեր դասընթացներում։

 

 

«Այբ» կրթական հիմնադրամի ծրագրերի մասին

«Այբ»-ի բոլոր ծրագրերին կողմ եմ․ հասկանում եմ, որ դրանք ժամանակակից խնդիրներ են փորձում լուծել։ Քեմոինֆորմատիկան էլ դրանցից մեկն է։ Որտեղ կա խելք, այնտեղ պետք են նոր բաներ, նոր ու ժամանակակից հմտություններ։

 

 

Քեմոինֆորմատիկայի բութքեմպն անցկացվում է «Այբ» կրթական հիմնադրամի, «Denovo Sciences»-ի և FAST-ի (Foundation for Armenian Science and Technology) համագործակցությամբ։ Ծրագրի գործընկեր է նաև հիմնադրամի քիմիական մրցաշարերի մշտական գործընկեր SolarOn-ը։

 

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին