Նոր չափորոշիչների ներդրման նպատակով վերապատրաստվում են նաև տնօրեններն ու փոխտնօրենները - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Նոր չափորոշիչների ներդրման նպատակով վերապատրաստվում են նաև տնօրեններն ու փոխտնօրենները
  • Նոր չափորոշիչների ներդրման նպատակով վերապատրաստվում են նաև տնօրեններն ու փոխտնօրենները
  • Նոր չափորոշիչների ներդրման նպատակով վերապատրաստվում են նաև տնօրեններն ու փոխտնօրենները

Նոր չափորոշիչների ներդրման նպատակով վերապատրաստվում են նաև տնօրեններն ու փոխտնօրենները

16 օգոստոսի / 2021

Օգոստոսի 13-15-ը Դիլիջանի կենտրոնական դպրոցում «Այբ» հիմնադրամի մասնագետների կողմից անցկացվեց Տավուշի մարզի 82 դպրոցների ղեկավար կազմերի զարգացման ծրագրի առաջին՝ դեմ առ դեմ փուլը։ Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին ավարտվեցին Տավուշի մարզի դպրոցների՝ գիտատեխնիկական ոլորտի առարկաներ դասավանդող 600 ուսուցիչների վերապատրաստումները՝ «Այբ» կրթական հիմնադրամի վերապատրաստող մասնագետների կողմից։ Վերապատրաստումներն իրականացվում են Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում հանրակրթության պետական չափորոշչի փորձարարական ներդրման ծրագրի շրջանակներում՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Համաշխարհային բանկի գործընկերային ծրագրի «Եվրամիությունը հանուն նորարարության» նախաձեռնության հետ համագործակցությամբ։


Դպրոցների ղեկավար կազմերի վերապատրաստման ծրագիրը հիմնված է արդյունավետ առաջնորդության միջազգային փորձի վրա և նպատակ ունի աջակցելու դպրոցների տնօրեններին և փոխտնօրեններին՝ իրենց դպրոցներում արդյունավետ կերպով առաջնորդելու բարեփոխումների գործընթացը և հանրակրթության պետական նոր չափորոշիչների ներդրումը։

 

Զարգացման ծրագրի շրջանակներում մասնակիցները հնարավորություն ունեցան ինչպես տեսական, այնպես էլ գործնական աշխատանքների միջոցով ուսումնասիրել իրենց ամենօրյա աշխատանքում կարևոր նշանակություն ունեցող այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝

- Դպրոցի բարելավմանը և արդյունքների գնահատմանն ուղղված տեսլականի և ռազմավարության մշակում,
- Դասավանդման և ուսումնառության առաջնորդում,
- Համակարգային փոփոխությունների առաջնորդում,
- Ծնողների և համայնքի հետ համագործակցության ծավալում,
- Թիմերի առաջնորդում, արդյունավետ հաղորդակցություն, ինքնազարգացում և ուրիշների զարգացմանը նպաստող գործունեության ծավալում:

 

Զարգացման ծրագրի մեկնարկին տեսակապի միջոցով տնօրեններին և փոխտնօրեններին ողջունեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա անդրադարձավ կրթության նոր չափորոշիչների արդյունավետ ներդրման գործընթացում դպրոցի ղեկավար կազմի դերի կարևորությանը։ Փոխնախարարն իր խոսքում ընդգծեց նոր կրթական չափորոշիչների համաձայն կատարվող փոփոխությունները հաջողությամբ կիրառելու գործում, այդ թվում նոր ուսումնական պլանների, գնահատման կարգի և տարիֆիկացիոն պլանների գործարկման ժամանակ դպրոցների ղեկավար կազմի առաջնորդող դերը, ինչպես նաև դպրոցների ղեկավար կազմերի կողմից՝ ուսուցիչներին՝ տեղի ունեցող փոփոխությունների մեջ ներգրավելու և մոտիվացնելու անհրաժեշտությունը։

Հաջողություն մաղթելով վերապատրաստման ընթացիկ աշխատանքներին՝ տիկին Անդրեասյանը համագործակցության համար հատուկ շնորհակալություն հայտնեց գործընկերներին, որոնց շարքում ծրագրի գիտատեխնիկական ճյուղն իրականացնող «Այբ» կրթական հիմնադրամը ամռան ամիսներին ինտենսիվ կերպով աշխատում է՝ ապահովելով վերապատրաստումների դինամիկ և անխափան ընթացքը։ Փոխնախարարը նշեց, որ առջևում շարունակական աշխատանք է սպասվում, ուստի քաջալերեց առավելագույնս ներգրավված լինել և հետադարձ կապի միջոցով նպաստել գործընթացի արդյունավետության բարձրացմանը։


«Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը հանդիպման ընթացքում նշեց, որ այս վերապատրաստումները առանձնահատուկ են նրանով, որ դպրոցների տնօրենները և փոխտնօրեններն առաջին անգամ են ուսուցիչների հետ միասին անցնում վերապատրաստումները։ Դրա շնորհիվ նրանք դառնալու են այս շատ կարևոր գործընթացի առաջնորդները, որը սկսվել է Տավուշում և հետագայում տարածվելու է ամբողջ հանրապետությունով։ Այսպիսով մենք կունենանք մասնագետների մի համայնք , որի վրա էլ հենվելու է հանրակրթության պետական չափորոշիչների փոփոխության գործընթացը։


Ծրագիրն իրականացվելու է 3 փուլով, որոնցից յուրաքանչյուրը կազմված է լինելու եռօրյա դեմ առ դեմ հանդիպումներից։ Գործընթացը կուղղորդվի մենթորության խմբային հանդիպումներով ու քննարկումներով և կտևի մինչև 2022 թ․ մայիս ամիսը։

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին