«Այբ»-ը ձգտում է ունենալ ուսուցիչների ուժեղ համայնք - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • «Այբ»-ը ձգտում է ունենալ ուսուցիչների ուժեղ համայնք
  • «Այբ»-ը ձգտում է ունենալ ուսուցիչների ուժեղ համայնք
  • «Այբ»-ը ձգտում է ունենալ ուսուցիչների ուժեղ համայնք
  • «Այբ»-ը ձգտում է ունենալ ուսուցիչների ուժեղ համայնք

«Այբ»-ը ձգտում է ունենալ ուսուցիչների ուժեղ համայնք

16 հուլիսի / 2021

Ամեն տարի «Այբ» կրթական հիմնադրամը կազմակերպում է դպրոցական զանգվածային մրցույթներ՝ միավորելով հազարավոր աշակերտների և ուսուցիչների: Այբական մրցույթներում աշակերտների հաջողությունները նրանց ուսուցիչների աշխատանքի լավագույն գնահատականն են, և «Այբ»-ն այս անգամ համախմբել էր «Կենգուրու» և «Մեղու» մրցույթներում լավագույն արդյունքը ցուցաբերած աշակերտների ուսուցիչներին ամբողջ Հայաստանից։ Հանդիպման համակարգող, «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը միջոցառման մեկնարկին ողջունեց ուսուցիչներին՝ նշելով, որ հանդիպման նպատակն է կրթության համար բավականին բարդ տարվա ավարտին ուսուցիչների ունեցած մեծ ավանդը գնահատել և ցույց տալ, որ «Այբ»-ը կարևորում է ուսուցիչների հետ համայնքաստեղծ և ոգևորող հանդիպումները։ Հանդիպմանն առցանց միացավ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, որը փոխանցեց նախարարության շնորհակալությունը նման հանդիպում-քննարկում կազմակերպելու և իրենց դրա մաս դարձնելու համար, քանի որ կրթության ոլորտում իրականացվող փոփոխություններն անհնար կլինեին առանց դրանում ներգրավված ուսուցիչների և գործընկերների։ Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ կարևոր էր անցնող տարում «Այբ»-ի կողմից զանգվածային մրցույթներն առցանց հարթակ տեղափոխելը, ինչպես նաև տեղեկացրեց, որ ուսուցիչների շնորհվող տարակարգերի մեջ այսուհետ դիտարկվելու է նաև ուսուցչի՝ «Մեղու» և «Կենգուրու» մրցույթներում հաղթող և մրցանակակիր աշակերտներ ունենալու հանգամանքը։ Փոխնախարարը նաև կարևորեց այս տարի մեկնարկող հանրակրթության պետական և առարկայական նոր չափորոշիչների Տավուշում փորձարկման գործընթացը և դրանում «Այբ»-ի գործուն մասնակցությունը։

«Այբ»-ի գործընկեր ուսուցիչներին ողջունեց նաև մրցույթների բաժնի ղեկավար Տաթև Ադամյանը, որը նշեց, որ անցնող տարին բավականին մարտահրավերային էր «Այբ»-ի զանգվածային մրցույթների համար, որոնք համավարակի պայմաններում դարձան առցանց և անհնար կլինեին առանց ուսուցչական մեր համայնքի ակտիվ մասնակցության և մեր գործընկերների աջակցության։

Հանդիպումը շարունակեց պանելային քննարկումը, որի խոսնակներն էին Կրթության զարգացման և նորարարարության ազգային կենտրոնի Կրթության բովանդակության վարչության պետ Գագիկ Մելիքյանը, «Այբ» դպրոցի գործադիր  տնօրեն Դավիթ Սահակյանը և «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ  Արամ Փախչանյանը։ ԿԶՆԱԿ-ի ներկայացուցիչը խոսեց ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած փոփոխությունների մասին՝ նախ անդրադառնալով այս տարի մեկնարկող հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչների փորձարկմանը, ապա ուսուցիչների կողմից կատարվող գնահատման կարգի փոփոխությանը, իսկ վերջում՝ այն փոփոխությանը, որը լինելու է ուսումնական պլանների կազմման ժամանակ՝ նշելով, որ դպրոցներին տրվելու է լայն ազատություն՝ հենքային ուսումնական պլանի շրջանակում սեփական ուսումնական պլանը կազմելու համար։ Պանելային քննարկման հաջորդ խոսնակը՝ Դավիթ Սահակյանը, իր ելույթում նշեց դպրոցի՝ բաց կառույց լինելու անհրաժեշտության և հասարակությունից անջատ չլինելու կարևորության մասին և որ դպրոցի կայացման համար անհրաժեշտ է գործընթացում ներգրավված բոլոր կողմերի՝ ուսուցիչների, ծնողների, շրջանավարտների, ինչպես նաև դպրոցը շրջապատող միջավայրի՝ բիզնես ոլորտի, ՀԿ-ների և պետության համագործակցությունը։ Խոսնակ Արամ Փախչանյանն էլ անդրադարձավ 21-րդ դարի ընձեռած հնարավորությունները խելամիտ օգտագործելու կարևորությանը՝ նշելով, որ առանց տեխնոլոգիաների կրթությունն այսօր անհնար է, միևնույն ժամանակ՝ եթե նոր տեխնոլոգիաները խելամիտ չներդրվեն, ապա մենք կունենանք քիչ սովորող և շատ զվարճացող աշակերտներ։

Պանելային քննարկման ավարտից հետո «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի ղեկավար Անուշ Այվազյանը ուսուցիչներին ծանոթացրեց բոլորին անվճար և հասանելի կրթությամբ ապահովող այս հարթակի ընձեռած հնարավորություններին։

Ուսուցիչների հետ հանդիպումը շարունակեց «Այբ»-ի մրցույթների գործընկեր Telcell-ի ներկայացուցիչը, որը ներկայացրեց Telcell wallet-ի հնարավորությունները, որոնցով «Այբ»-ի զանգվածային մրցույթների գրանցումն ու վճարումն իրականացվում է առցանց՝ շատ հեշտ և արագ։

Հանդիպման ավարտին «Այբ» հիմնադրամի տնօրեն Սոնա Կոշեցյանը և մրցույթների բաժնի ղեկավար Տաթև Ադամյանը շնորհակալագրեր և խրախուսական նվերներ հանձնեցին «Կենգուրու» և «Մեղու» մրցույթներում հաղթող և մրցանակակիր աշակերտներ ունեցած ուսուցիչներին՝ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով նրանց աշակերտների կայացման գործում կարևորագույն մասնակցություն ունենալու համար։

 

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին