«Այբ»-ը 10 տարեկան է - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • «Այբ»-ը 10 տարեկան է

«Այբ»-ը 10 տարեկան է

10 Հոկտեմբերի / 2016

2016 թվականը հոբելյանական է «Այբ»-ի համար։ Այս տարի լրանում է «Այբ» ակումբի և «Այբ» կրթական հիմնադրամի գաղափարի ծննդյան 10-րդ տարեդարձը:
 

Այս կապակցությամբ հոկտեմբերի 7-ից 9-ը անցկացվեցին մի շարք կրթական միջոցառումներ։


Հոկտեմբերի 7-ին «Գաֆեսճյան» քանդակների այգում (Կասկադ) կայացավ հանրային մեծ միջոցառում, որն ուներ կրթական ուղղվածություն։ Այգում տեղադրված տաղավար-դասասենյակում անցկացվեցին հետաքրքիր բաց դասընթացներ ու գիտափորձեր ծրագրավորում, քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա, արվեստ առարկաներից՝ հանրության ներգրավմամբ։ Իսկ երեկոյան սկսվեց համերգային ծրագիր, որը ոչ սովորական համերգ-սեմինարի ձևաչափով էր։ Ելույթով հանդես եկան «Այբ» դպրոցի երգչախումբը, «Battle of Evermore» ռոք խումբը և «ԱյԲար» պարախումբը։


Ի թիվս այլ տոնական միջոցառումների՝ հոկտեմբերի 8-ին «Այբ» դպրոցում տեղի ունեցան վարպետության դասեր, որոնք վարեցին «Այբ» ակումբի անդամներ, համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետներ Դավիթ Յանը (ABBYY, «iiko», «Findo» ՏՏ ընկերությունների համահիմնադիր և նախագահ, ԱՄՆ), Ռուբեն Հարությունյանը (գործարար, «Henderson» ընկերությունների խմբի հիմնադիր և գլխավոր տնօրեն, Ռուսաստան) և Արամ Փախչանյանը (ABBYY ընկերության փոխնախագահ, «Այբ» դպրոցի տնօրեն, Հայաստան)։
 

Վարպետության դասերի ընթացքում իմացանք, թե քանի տարի հետո, ամենայն հավանականությամբ, արհեստական բանականությունը կգերազանցի մարդկային բանականությանը, քննարկեցինք՝ որն է ավելի կարևոր բիզնեսում՝ մարդի՞կ, թե գործընթացները, ինչպես նաև պարզեցինք, թե ինչպիսին պետք է լինի ապագայի դպրոցը։
 

Իսկ հոկտեմբերի 9-ը ամբողջովին սպորտային էր, քանի որ անցկացվեցին արդեն ավանդական դարձած Այբական խաղերը։
 

Իր տասնամյա գործունեության ընթացքում «Այբ» հիմնադրամը կյանքի է կոչել 20-ից ավելի կրթական ծրագիր և նախաձեռնություն, որոնք դարձել են նախատիպեր և նպաստել ընդհանուր կրթական համակարգի զարգացմանը: Կարևորագույն ու խոշորածավալ ծրագրերից են «Այբ» դպրոցը և Դիլիջանի կենտրոնական դպրոցը, Կրթության գերազանցության ազգային ծրագիրը՝ «Արարատյան բակալավրիատ» նոր կրթական ծրագրով, սիրված ու հայտնի միջազգային դպրոցական մրցույթները («Կենգուրու. մաթեմատիկան բոլորի համար», «Ռուսական արջուկ. լեզվաբանությունը բոլորի համար», «Մեղու. հայերենը բոլորի համար» և այլն)։
 

Ընդհանուր առմամբ «Այբ»-ի շնորհիվ Հայաստանում և Արցախում կրթական ծրագրերի իրականացմանն ուղղվել է 21.118.503 ԱՄՆ դոլար (2007-2015 թթ. ընթացքում)։


«Այբ»-ի իրական հարստությունը մարդիկ են, ովքեր համախմբվել են կրթության միջոցով մեր կյանքն ու ապագան վերափոխելու գաղափարի շուրջ։ Այսօր «Այբ» ակումբը միավորում է գաղափարակից 39 անդամի` աշխարհի տարբեր անկյուններից, իսկ «Այբ»-ի բարերարների համայնքի շարքերը համալրում են տարբեր երկրներից ավելի քան 200 նվիրատու և աջակից։
 

10-ամյա հոբելյանին նվիրված մեր միջոցառումներին և «Այբ»-ի ձեռքբերումներին կարող եք ծանոթանալ այստեղ:

 
 

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին