Վերադառնալ

Հայ պատանիների երազանքը՝ իրականություն

 

«Մեր ամենամեծ երազանքն է հասնել նրան, որ մեր հասարակությունը մեդիադաշտում լինի ավելի գրագետ: Եվ մենք հենց ամենասկզբից հավատում էինք և շարունակում ենք հավատալ մեր առաջարկած լուծմանը: Շարունակելու ենք անել այն, ինչ պիտի անենք, որպեսզի մեր նպատակին հասնենք», - ասում է Միլենան:

Վաղարշակը, Միլենան, Արմենը և Սամվելն այն չորս տասնվեցամյա պատանիներն են, որոնք, միավորվելով մեկ գաղափարի շուրջ, հաղթել են «Սերունդ առանց սահմանների» մրցույթի միջազգային փուլում և, ստանալով 15 000 ԱՄՆ դոլար ֆինանսավորում, հնարավորություն ստացել իրականացնելու իրենց գաղափարը։

Մեդիագրագիտությանը նպաստող խաղի գաղափարը պատանիների մոտ առաջացել է, երբ գողացել են համադասարանցիներից մեկի ինստագրամյան էջը։ Դիտարկելով և հաշվի առնելով, թե ինչ սխալներ են թույլ տալիս սոցիալական ցանցերում իրենց ընկերները և պարզապես անծանոթները՝, որքան հաճախ են խարդախության զոհ դառնում, տրամադրում իրենց բանկային հաշիվը, աջուձախ տարածում անձնական տվյալներն ու սխալ տեղեկություններ՝ պատանիները հասկացել են, որ պետք է լուծել այս ոչ այնքան ակնհայտ, բայց շատ կարևոր ու վտանգավոր խնդիրը։

Խնդրին լուծում առաջարկելու նպատակով պատանիները սկսել են մեդիագրագիտության վերաբերյալ ուսումնասիրություններ անել, դիմել են այդ ոլորտում աշխատող մասնագետների և մշակել խաղի նախատիպը։ Ընթացքում տեղեկանալով Հայաստանում «Սերունդ առանց սահմանների» մրցույթի մեկնարկի մասին՝ համալրել են թիմն իրենց համադասարանցիներով և մասնակցության հայտ ներկայացրել։

Հայաստանում «Սերունդ առանց սահմանների» մրցույթը մեկնարկել է 2022 թ․ մարտի սկզբին՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՄԱԿ-ի Զարգացման հիմնադրամի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և «Այբ» կրթական հիմնադրամի հետ գործընկերությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Այս տարի մրցույթին աջակցում են նաև «Սիներջի» ընկերության հայաստանյան գրասենյակը, «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամը և «Բոդի շոփ» բրենդի հայաստանյան մասնաճյուղը։

 2022 թ. հուլիսին ներկայացված յոթ լուծումներից ընտրվեցին ամենախոստումնալից երկուսը և մասնակցեցին մրցույթի միջազգային փուլին: Արդեն նոյեմբերին պարզ դարձավ, որ Հայաստանը ներկայացնող «Մեդիալոգ» թիմը, մրցելով 32 երկրների 71 թիմերի հետ, ընդգրկվել է հաղթող 12 թիմերի թվում:

«Մարտից մինչ այսօր ուղղակի անհավատալի է, թե որքան հեռու է մեր թիմը գնացել: «Սերունդ առանց սահմանների» մրցույթի բոլոր փուլերն էլ օգնել են՝ բութքեմպը, մենտորների հետ հանդիպումներն ու քննարկումները, նախնական ֆինանսավորումը և այլն», - ասում է Միլենան։

Թիմում ամեն մեկն իր դերն ունի։ Սամվելը դիզայնի պատասխանատուն է, Վաղարշակը՝ ֆինանսների, Արմենը՝ բովանդակության, իսկ Միլենան՝ շուկայավարման։

Մեդիագրագիտության մեծացմանը նպաստելու նպատակով պատանիները ստեղծել են սեղանի խաղ և մշակել բջջային հավելված: Ե՛վ խաղը, և՛ հավելվածը կատարելագործելու համար պատանիները շարունակում են քննարկումներ երկրի առաջատար մեդիա մասնագետների հետ և փորձում լավագույն փորձի հիման վրա լրամշակել արտադրանքը։ 

Հավելվածն ունի հինգ բաժին։ Առաջինում ներառված են տեսական նյութեր ու մեդիագրագիտության վերաբերյալ տարբեր հոդվածներ։ Հաջորդ բաժնում գիտելիքը ստուգելու մի շարք առաջադրանքներ կան, երրորդում՝ մեդիագրագիտության վերաբերյալ կարևոր գրքերի հղումներ: Հավելվածում կան նաև լուրերի բաժին և մասնագետների կողմից թեմայի վերաբերյալ տեսադասեր:

«Մրցույթի առաջին փուլում հաղթելով և ստանալով 1000 ԱՄՆ դոլար ֆինանսավորում՝ սկսեցինք աշխատել և ստեղծեցինք մեր սեղանի խաղի նախատիպը, որը հետագա բովանդակային զարգացման արդյունքում կտպագրվի 500 օրինակով: Ամեն ինչ պետք է անենք, որ այն լինի խաղային և փոխգործուն», - ասում է Սամվելը:

Հումորային տարրեր պարունակող այս խաղը կարելի է խաղալ հինգ տարբեր ձևերով: Կան բարդության տարբեր աստիճաններ. մի բաժնում տրամաբանական հարցեր են, մյուսում պետք է նկարներից, բառերից ու բազմազան մասնիկներից նոր բառեր կազմել, երրորդում պետք է փորձել թիմակիցների համար նկարագրել մեդիայի և մեդիագրագիտության վերաբերյալ բառերը:

Ցածր միավորներ հավաքած թիմն էլ պարտավորվում է անել կտորի վրա գրված ուրախ գործողությունը: «Մեդիալոգ» թիմը վստահ է, որ խաղը հաղթահարող ցանկացած երիտասարդ կսկսի ավելի քննադատորեն մոտենալ իրեն մատուցվող բովանդակությանը:

Այսքանով չբավարարվելով՝ թիմակիցները նպատակ են դրել նաև դասընթացներ կազմակերպել երիտասարդների խմբերի համար՝ օգտագործելով վիրտուալ իրականության գործիքներ: Չմոռանալով փոքրիկների մասին՝ նրանք  նախատեսում են նաև մուլտֆիլմ ստեղծել և փորձել մեդիագրագիտության հիմնական սկզբունքները ներկայացնել նաև ամենափոքրերին:

Ստացած 15 000 ԱՄՆ դոլարի հիմնական մասը թիմը կուղղի սեղանի խաղի արտադրությանը: Մնացած գումարով նախատեսում է գնել VR ակնոցներ և ստեղծել դրանց համապատասխան բովանդակություն: Որոշակի գումար կծախսվի նաև հավելվածի կատարելագործման և շուկա մուտք գործելու համար: Մի մասն էլ կուղղվի պատրաստված պաստառների տպագրմանը և հանրային վայրերում դրանց փակցմանը:

Բացի ֆինանսական աջակցությունից՝ թիմը կմասնակցի համաշխարհային ինկուբացիոն շրջանին և կստանա լրացուցիչ մենտորային աջակցություն ու հնարավորություն՝ հաղթող մյուս տասնմեկ թիմերի հետ փոխանակելու գիտելիքն ու փորձը:

«Ուզում ենք, որ մեր հասարակությունը մեդիադաշտում լինի ավելի գրագետ, քչանան ֆինանսական կիբերհարձակումները և անձնական տվյալների գողությունը, որոնք կարող են հանգեցնել շատ վատ հետևանքների։ Մենք ջանք չենք խնայի մեր երազանքին հասնելու համար»,- վստահեցնում է Վաղարշակը։

01.03.2023
Գլխավոր Նորություններ

Ուսուցչական համաժողովը համախմբեց Հայաստանի մանկավարժական համայնքին և աշխարհի առաջատար փորձագետներին

«Այբ» կրթական հիմնադրամը հոկտեմբերի 25-26-ին կազմակերպեց «Արժեքահեն կրթություն» ուսուցչական համաժողովը:
27.10.2025

Մեկնարկել է հոգաբարձուների խորհրդի ձևավորման գործընթացը

Մեկնարկել է «Այբ» կրթական հիմնադրամի և «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհուրդների ձևավորման գործընթացը։
21.10.2025

Թարգմանչաց տոնն Օշականում

«Այբ»-ը Թարգմանչաց շարժման յուրատեսակ շարունակությունն է և առաջնորդվում է Հայաստանում կրթության բարձր նշաձող սահմանելու նույն գաղափարով։
15.10.2025

60 տնօրեններ և տնօրենի հավակնորդներ մասնակցում են վերապատրաստման ծրագրի

Մեկնարկեց «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագրի նոր փուլը։
09.10.2025
Վերջին Նորություններ

«Այբ» կրթական հիմնադրամի ուղերձն Ուսուցչի օրվա կապակցությամբ

«Այբ» համայնքի անունից շնորհավորում ենք ուսուցիչներին և երախտագիտություն հայտնում սերունդներ կրթելու առաքելությանը նվիրվելու համար:
05.10.2025

«Կրթության կառավարում և առաջնորդություն» դասընթացի նոր փուլը

Ծրագրին մասնակցում են «Մեկ ձայն» ասոցիացիայի և որոշ հանրակրթական ուսումնական հաստատությունների անդամներ։
25.09.2025

Դիլիջանի ավագ դպրոցում մեկնարկեց «Այբպրո» նախագծային ուսումնառության ծրագիրը

Ծրագիրը կյանքի է կոչվում «Կերոն» զարգացման հիմնադրամի և «Այբ» կրթական հիմնադրամի համագործակցությամբ։
22.09.2025
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված