«Այբ» կրթական հիմնադրամը շարունակում է իր ռազմավարական համագործակցությունը Քեմբրիջի համալսարանի հետ։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը և ռազմավարական ծրագրերի տնօրեն Տ. Մեսրոպ քհն․ Արամյանն այցելել էին Քեմբրիջ՝ քննարկելու «Արարատյան բակալավրիատ» (ԱԲ) ծրագրի զարգացման հնարավորությունները, համահավաստագրվող առարկաների ընդլայնումը։
Քննարկվել է նաև Քեմբրիջի կողմից ԱԲ-ի քննական կենտրոնի հավատարմագրման գործընթացը, որի շրջանակում կվերապատրաստվեն ԲՏՃՄ և հումանիտար առարկաների քննական հարցեր կազմող, ստուգող և գնահատող մասնագետներ, ինչպես նաև կներդրվի միջազգային չափանիշներին համապատասխան քննական համակարգ, որը շարունակաբար կվերահսկվի Քեմբրիջի կողմից։
Արարատյան բակալավրիատը Հայաստանում «Այբ» կրթական հիմնադրամի կողմից Քեմբրիջի համալսարանի հետ համագործակցությամբ ստեղծված հայալեզու ամբողջական կրթական ծրագիր է, որն ունի միջազգային ճանաչում: Քեմբրիջի հետ «Այբ»-ի համագործակցությունը ոչ միայն նպաստում է ԱԲ-ի կատարելագործմանը, այլև հայաստանյան կրթության որակի բարձրացմանն ու մրցունակության մեծացմանը:
Բացի ԱԲ-ի հեռանկարային զարգացումներից՝ քննարկման առանցքում էր «Ինքնություն և արժեքներ» դասընթացը, որը՝ որպես արժեքահեն բաղադրիչ, 2023 թվականին լիարժեք ներդրվեց ԱԲ կրթական ծրագրում և պարտադիր առարկա է «Այբ» դպրոցի 10-12-րդ դասարանների բոլոր աշակերտների համար: Դասընթացի գլխավոր թեմաներն են անձնական և հավաքական ինքնությունը, ճանաչողությունը և արժեքաբանությունը: Նպատակն է՝ զարգացնել սովորողների ճանաչողական և ինքնավերլուծական հմտությունները, օգնել նրանց հստակեցնելու սեփական արժեքները՝ ազգային և համամարդկային արժեքների համատեքստում: «Ինքնություն և արժեքներ» առարկան մեծ հետաքրքրություն է առաջացրել Քեմբրիջում իր արժեքահեն և սովորողների աշխարհայացքն ընդլայնող բաղադրիչներով։
«Այբ» հիմնադրամի օրակարգում Արարատյան բակալավրիատը շարունակում է մնալ առաջնային ուղղություն: