Մաթեմատիկայից այլևս վախենալ պետք չէ - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Մաթեմատիկայից այլևս վախենալ պետք չէ

Մաթեմատիկայից այլևս վախենալ պետք չէ

17 Ապրիլի / 2020

 

Անուշ Հովհաննիսյանի երեխաներն այս օրերին օգտվում են «Քան» ակադեմիայի հայալեզու, որակյալ նյութերից: Նա պատմում է, թե ինչպես են ինքը և իր երեխաները սովորում «Քան»-ի հետ:

 

Մեր ընտանիքը

«Քան» ակադեմիայով սովորելու նախաձեռնողը ես էի: Ինքս մանկավարժ-հոգեբան եմ: Շատ էի լսել «Քան»-ի մասին, բայց ժամանակ չունեի փորձելու: Երբ այս արտակարգ իրավիճակը ստեղծվեց, ես սկսեցի ուսումնասիրել հարթակը և բացահայտեցի, որ ունի մի շարք առավելություններ ու որ կարելի է նաև իմ երեխաներին առաջարկել: Հատկապես, որ այն, ինչ ուսուցիչներն են առաջարկում, որոշ դժվարություններ է ստեղծում իմ երեխաների համար:

 

Ինչպես ենք մենք կիրառում «Քան» ակադեմիան

Իմ երեխաներից մեկը 13 տարեկան է, մյուսը՝ 14: Մենք խնդիր ունենք մաթեմատիկայի հետ,  հատկապես տղաս, դրա համար ես «Քան»-ում ընտրեցի հենց մաթեմատիկան:

Սկզբում սկսեցի ինքս ինձ համար ուսումնասիրել, օրինակ էի ծառայում իմ երեխաների համար: Նրանց կարծիքով այն, ինչ բաց ես թողել տարբեր դասարաններում, չես կարող երբևէ լրացնել: Ես էլ նրանց ցույց տվեցի, որ հնարավոր է լրացնել բաց թողնվածը: Ես ինքս լավ չգիտեմ մաթեմատիկա, բայց «Քան»-ի միջոցով ձեռք բերած գիտելիքներս բավական են, որ կարողանամ ինձ լավ զգալ:

Ես սկսեցի նայել տեսանյութերը, այնուհետև երեխաներս էլ, հետևելով ինձ,  որոշեցին սկսել «Քան»-ով սովորել. աշխատում եմ չպարտադրել նրանց որևէ բան:

Երբ նրանց ուսուցիչները խնդիր տվեցին, որը երեխաներս չէին կարողանում լուծել, ես առաջարկեցի «Քան»-ի օգնությամբ լուծել այն: Եկան, նստեցինք, նայեցինք, հետո թեստ արեցինք, ոգևորվեցին: Հետո անընդհատ ասում էին՝ արի նստենք, այս թեման էլ նայենք, հասկանանք, խնդիրներ լուծենք: Ու ստացվեց այնպես, որ նրանք այժմ նայում են տեսանյութերը, «Քան»-ի բացատրությունները, այնուհետև կատարում իրենց ուսուցիչների տված առաջադրանքները:

Ես նաև որպես մանկավարժ-հոգեբան սկսեցի օգտագործել «Քան» ակադեմիան իմ պրակտիկայում. աշխատում եմ կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների և նրանց ծնողների հետ: Իմ փորձը կիսեցի ծնողների և ուսուցիչների հետ, տեղեկացրել եմ նաև հեռախոսային հավելվածի մասին (համացանցի հասանելիությունը դեռևս խնդիր է մեր երկրում, իսկ հեռախոսային հավելվածը թույլ է տալիս նույնիսկ առանց համացանցի սովորել), և նրանք ևս անչափ ոգևորվել են «Քան»-ով. երեխաներն ուղղակի տեսնելով սովորում են:

 

Մեր տնային կրթության փոփոխությունը

Մեր երեխաները մաթեմատիկան ծանր ու դժվար առարկա են համարում, մինչդեռ այն կարելի է զվարճանքի վերածել և յուրացնել: Երեխաների համբերությունը չի հերիքում, որ նայեն տեսանյութերը, այնուհետև թեստերն անեն: Սակայն թեստերը գրելիս երբ  սխալ են անում, վերադառնում են, հուշումներից օգտվում, որ ճիշտ գրեն և հաղթող դուրս գան: Դա օգնում է, որ ամրապնդեն գիտելիքները:

 

Մեծագույն դժվարությունները

Դժվար էր գրանցվելն ու սկսելը, ինչը բացարձակապես կապված չէ կայքի բարդության հետ. քեզ թվում է, որ եթե մի բան սխալ սեղմես, ինչ որ ահավոր բան է լինելու, իսկ ընդամենը պետք է փորձել ու կարդալ:

 

Խորհուրդներ

Ե՛վ երեխաներին, և՛ ծնողներին խորհուրդ կտամ համարձակ փորձել այս հարթակը և մեր ընտանիքի օրինակով  սովորել մաթեմատիկա։

Կայքի ամենամեծ առավելությունն այն է, որ հայերեն է. դա օգնում է սովորել առանց վախենալու: Բացի դրանից, այն ամբողջությամբ անվճար է։

Ես տեսնում եմ իմ երեխաների առաջադիմությունը. նրանց աշխատանքից գոհ եմ, որովհետև ինքս էլ եմ հասկացել, որ մաթեմատիկայից այլևս վախենալ պետք չէ:

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին