«Լեգոստարտ» 2-րդ մրցույթը՝ կարևոր հարթակ լեգո կրթության սիրահարների համար - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • «Լեգոստարտ» 2-րդ մրցույթը՝ կարևոր հարթակ լեգո կրթության սիրահարների համար
  • «Լեգոստարտ» 2-րդ մրցույթը՝ կարևոր հարթակ լեգո կրթության սիրահարների համար
  • «Լեգոստարտ» 2-րդ մրցույթը՝ կարևոր հարթակ լեգո կրթության սիրահարների համար
  • «Լեգոստարտ» 2-րդ մրցույթը՝ կարևոր հարթակ լեգո կրթության սիրահարների համար
  • «Լեգոստարտ» 2-րդ մրցույթը՝ կարևոր հարթակ լեգո կրթության սիրահարների համար

«Լեգոստարտ» 2-րդ մրցույթը՝ կարևոր հարթակ լեգո կրթության սիրահարների համար

24 մայիսի / 2022

Լեգո աշխարհում առաջին քայլերն անող աշակերտների համար լավագույն մեկնարկ է «Լեգոստարտ» ռոբոտաշինական մրցույթը, որն այս տարի անցկացվեց երկրորդ անգամ։ Եթե 2021 թ. մրցույթին մասնակցել է 11 թիմ, ապա 2022 թ. 4 տարիքային խմբերում մասնակցության հայտ էր ներկայացրել 29 թիմ՝  Շիրակի, Լոռու, Սյունիքի, Կոտայքի, Տավուշի մարզերից և մայրաքաղաք Երևանից։ Թիմերը մրցում էին WeDo, տարրական, կրտսեր և ավագ տարիքային խմբերում։ Մեր ռոբոտասերների առաքելությունն այս տարի համաճարակային իրավիճակն ավելի կառավարելի դարձնելն ու գիտնականներին օգնելն էր։ Ինչպես նշում է «Այբ» կրթական հիմնադրամի մրցույթների բաժնի ղեկավար Տաթև Ադամյանը, մասնակից թիմերի մեծ քանակն ու մրցույթի նկատմամբ հետաքրքրության աճն այս տարի ոչ միայն պայմանավորված են սկսնակ թիմերին լեգո հավաքածուներով ապահովելու «Այբ»-ի վարած հետևողական քաղաքականությամբ, այլև հետպատերազմական իրավիճակում Հայաստանում ռոբոտաշինության դերի վերարժևորմամբ ու է՛լ ավելի կարևորմամբ։ Ինչպես նշում են մրցույթի մասնակիցները, ռոբոտաշինության մեջ ամենագրավիչը ունեցածդ գիտելիքները, լինի մաթեմատիկայից թե ֆիզիկայից կամ ինֆորմատիկայից, իրական կյանքում կիրառելու հնարավորությունն է, ինչի շնորհիվ էլ շատ աշակերտներ արդեն երկրորդ տարին անընդմեջ մասնակցեցին «Լեգոստարտ» մրցույթին։

 

Լարված պայքարի և երեք փուլերի արդյունքում WeDo տարիքային խմբում լավագույնը ճանաչվեց Երևանի Whiz Aesculapius թիմը, իսկ երկրորդը՝ Նոր Հաճնի «Ռոբոտիկներ»-ը։ Տարրական և կրտսեր տարիքային խմբերում էլ լավագույն արդյունք ցույց տվեցին Գյումրու GDL թիմը և Նոր Հաճնի Best Trio-ն։ Մրցույթին հաջորդած մրցանակաբաշխության ընթացքում թիմերին շնորհավորեց «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Սոնա Կոշեցյանը, ով կարևորեց «Լեգոստարտի» շնորհիվ մարզերում լեգո կրթության աշխուժացումը, թիմերի մարզիչների, մրցույթի մասնակիցների, դատավորների և ժյուրիի աշխատանքի շնորհիվ ռոբոտաշինական ակտիվ և ամուր համայնքի ձևավորումը։ Նա նաև ընդգծեց այն, որ մրցույթի շրջանակում երեխաները նախագծում և կիրառում են գիտնական ռոբոտներ, ինչն էլ ոգեշնչում է նրանց հետագայում զբաղվելու գիտությամբ։ «Լեգոստարտը» լավ հնարավորություն է թիմերի համար զարգացնելու ռոբոտաշինությանն առնչվող հմտություններն ու հետագայում մասնակցելու «Ռոբոտների համաշխարհային օլիմպիադա» միջազգային մրցույթին, որի պաշտոնական ներկայացուցիչն ու կազմակերպիչը ՀՀ-ում «Այբ» կրթական հիմնադրամն է։

 

Այս տարի էլ «Լեգոստարտ» մրցույթի կողքին էր հիմնադրամի հավատարիմ գործընկեր և տեխնիկական աջակից Creative Education Technologies ընկերությունը։ Մրցույթի հովանավորներն էին ռազմավարական գործընկեր Zigzag ընկերությունը և գործընկեր Добрый  ընկերությունը։

 

 

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին