Մեր բոլորիս ապագան կախված է նրանից, թե մեր երեխաներն ինչ կրթություն կստանան. Նունե Աղասարյան - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Մեր բոլորիս ապագան կախված է նրանից, թե մեր երեխաներն ինչ կրթություն կստանան. Նունե Աղասարյան

Մեր բոլորիս ապագան կախված է նրանից, թե մեր երեխաներն ինչ կրթություն կստանան. Նունե Աղասարյան

12 Փետրվարի / 2021


Նունե Աղասարյանը մաթեմատիկա է դասավանդում Երևանի թիվ 199 դպրոցում: «Քան» ակադեմիայի հայալեզու և անվճար կայքից օգտվող ակտիվ ուսուցիչներից է:

 

«Դպրոցում լավ եմ սովորել, մի քիչ ավելի լավ, քան լավը: Հետո, երբ պետք է ավարտեի, ծնողներս ասացին՝ չենք բռնանում, ինչ ուզում ես դարձիր, ամեն դեպքում կուզենայինք քեզ որպես բժիշկ կամ մանկավարժ տեսնել: Բայց որոշեցի պոլիտեխնիկական համալսարան գնալ և ընդունվեցի ռադիոտեխնիկայի ֆակուլտետ: Մոտավորապես 10 տարի աշխատել եմ Մերգելյանի անվան ինստիտուտում: Եվ երբ Խորհրդային Միությունը քանդվեց, որոշեցի մեր հարևանությամբ գտնվող դպրոցում աշխատել. հարևաններիս երեխաներն իհարկե չէին թողել, որ մաթեմատիկան մոռանամ»,- կատակում է:

 


«Աշխատանքի առաջին տարում զգացի, որ ամեն դեպքում որպես մանկավարժ գիտելիքի պակաս ունեմ: Քրքրում էի գրքերը, ինտերնետ չկար, «Քան» ակադեմիա չկար, դժվարությամբ, բայց հաղթահարեցի: Ունեի մի գործընկեր, որն առանց տրտնջալու պաասխանում էր իմ բոլոր հարցերին: Հենց ինքն էլ ինձ սովորեցրեց կյանքում և աշխատանքում ամենակարևոր բաներից մեկը՝ ինքս ինձ վրա աշխատել ու զբաղվել ինքուսուցմամբ:

40 տարեկանում ընդունվեցի մանկավարժական համալսարան՝ ստանալով մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցչի որակավորում:
 

Հիմա, եթե ես նախանձում եմ երիտասարդներին, ապա ո՛չ նրա համար, որ կյանքը նրանց առջև է, այլ միայն նրա, որ կարող են սովորել և դրա համար ունեն անթիվ հնարավորություններ: Մենք գրադարաններում գրանցվում էինք, օրերով սպասում, որ իմանայինք որտեղ ու որ գրքում փնտրենք ինչ-որ բան, իսկ հիմա վայրկյանների հարց է, գրում ես, և ամեն ինչ քո դիմաց է: Ընդ որում «Քան» ակադեմիան նույնպես այդպես պատահական եմ բացահայտել: Անկեղծ ասած՝ համացանցում մաթեմատիկայի հետ կապված որևէ բան հայատառ չէի փնտրում, որովհետև երբեք չեմ մտածել, որ կարող է հայալեզու որևէ հարթակ գոյություն ունենալ, որտեղ թե՛ ուսուցիչը, թե՛ աշակերտը գտնեն իրենց հետաքրքրող ամենատարբեր հարցերի պատասխանները:  

Հիշում եմ, որ ապշել էի «Քան» ակադեմիայի հայալեզու կայքը բացահայտելուց, հետո ուրախությանս չափ չկար: Հիմա վստահաբար կարող եմ ասել, որ «Քան»-ն ինձ հետ հավասար, ինձ օգնելով, շատ ժամանակ նաև իմ փոխարեն աշխատում է:

 


Իմ փոխարեն թեստեր է կազմում, իմ փոխարեն ստուգում է, իմ փոխարեն պարապում է, իմ փոխարեն դասեր է պատրաստում: Եվ ես ինձ դրանից վատ չեմ զգում. հրաշալի է, որ ինչ-որ մեկն աշխատում է և օգնում քեզ. ուրեմն ես այդ ընթացքում ինչ-որ այլ բան կարող եմ անել երեխաների համար, որը պարզապես չէի կարողանա հասցնել, եթե չօգտվեի «Քան» ակադեմիայի հայալեզու և անվճար կայքից: «Քան»-ը դարձել է իմ ամենալավ օգնականը:

Բնականաբար չես կարող պարզապես միացնել որևէ տեսանյութ և զբաղեցնել աշակերտներին: Նախ ես պետք է ճանաչեմ հարթակը, այնուհետև դրա օգնությամբ կազմակերպեմ դասապրոցեսը:

Այս համատեքստում կուզեի նշել նաև, որ «Քան» ակադեմիան շատ է օգնում հատկապես անհատական ուսուցման տեսանկյունից: Ունեմ երկու հինգերորդ դասարան, որոնք լրիվ տարբեր են, իսկ հարթակն օգնում է յուրաքանչյուր երեխայի կրթական կարիքներին համապատասխան ծրագիր մշակել»:

 

6-րդ դասարանցիները: Հարցին՝ ով է ավելի լավ բացատրում դասը՝ ընկեր Աղասարյանը, թե «Քան» ակադեմիան, միաձայն պատասխանում են՝ ընկեր Աղասարյանը։

 

«Երեխաները մեծ սիրով են սովորում «Քան» ակադեմիայի հետ. ամենասկզբում նրանք «Քան»-ով թեստեր գրելը կամ տեսանյութեր դիտելն ընդունում էին որպես խրախուսանք: Ինչքան էլ բացատրում էի, որ սա մեր դասի մի մասն է, միևնույն է, ուրախությունն այնքան շատ էր, որ «Քան»-ը որպես «քաղցրավենիք» էին ընդունում:

Համավարակի ընթացքում ամեն դասի օգտագործում էի «Քան»-ի հարթակը, որովհետև գիտեի, որ իմ կես ժամը չի բավարարելու և՛ դաս բացատրելու, և՛ հարցնելու, և՛ տնայինները ստուգելու համար:

Հիմա էլ, երբ գալիս ենք դպրոց, շարունակում եմ օգտագործել հարթակի հնարավորությունները և խրախուսում եմ իմ գործընկերներին նույնն անել»:

 

Արսենը 6-րդ դասարանցի է, որոշել է հաշվապահ դառնալ: Շատ է հավանում հատկապես «Քան»-ի տեսանյութերը:

 

«Մենք պետք է պատրաստ լինենք և անցում կատարենք 21-րդ դարի կրթությանը: Նախ պետք է տեխնիկապես զինված լինենք. անգամ էլեկտրոնային մատյանը մեզ նեղություն է պատճառում նրանով, որ համակարգիչ չունենք: Մենք հիմա ապրում ենք թվանշային դարում, և ուզենք թե չուզենք, կրթությունն էլ դեպի դա է գնում: Սկիզբը միշտ դժվար է լինում, սակայն ժամանակի հետ բոլոր խնդիրները կհարթվեն»:

 

Ընկեր Աղասարյանի 7-րդցիները

 

Երեխաները սիրո՞ւմ են մաթեմատիկան:

«Հա, սիրում են մաթեմատիկան, հետաքրքրում է: Վերջերս աշակերտներիցս մեկն այնպիսի ճանապարհով լուծեց խնդիրը, որ ես ամաչեցի, որ այսքան ժամանակ չեմ մտածել լուծման այդ ճանապարհի մասին:

Երեխաները հասկանում են, որ կրթությամբ կարող են լավ ապագա ունենալ: Հատկապես հիմա շատ են ուզում ծրագրավորող դառնալ և գիտեն, որ մաթեմատիկա պետք է սովորեն»: 

 


«Մեր բոլորիս ապագան կախված է նրանից, թե մեր երեխաներն ինչ կրթություն կստանան, ինչ մասնագետ կդառնան և ինչ երկիր կկառուցեն: Դրա համար ես շահագրգռված եմ, որ նրանք լավ սովորեն»:

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին