Պատանի քիմիկոսների համահայկական 10-րդ մրցաշարն ամփոփվեց առցանց - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Պատանի քիմիկոսների համահայկական 10-րդ մրցաշարն ամփոփվեց առցանց
  • Պատանի քիմիկոսների համահայկական 10-րդ մրցաշարն ամփոփվեց առցանց
  • Պատանի քիմիկոսների համահայկական 10-րդ մրցաշարն ամփոփվեց առցանց
  • Պատանի քիմիկոսների համահայկական 10-րդ մրցաշարն ամփոփվեց առցանց
  • Պատանի քիմիկոսների համահայկական 10-րդ մրցաշարն ամփոփվեց առցանց
  • Պատանի քիմիկոսների համահայկական 10-րդ մրցաշարն ամփոփվեց առցանց
  • Պատանի քիմիկոսների համահայկական 10-րդ մրցաշարն ամփոփվեց առցանց
  • Պատանի քիմիկոսների համահայկական 10-րդ մրցաշարն ամփոփվեց առցանց

Պատանի քիմիկոսների համահայկական 10-րդ մրցաշարն ամփոփվեց առցանց

01 Հունիսի / 2020


Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարն այս տարի տոնում է 10-րդ հոբելյանական տարին: Թեժ քիմիական բանավեճերի արդյունքում մեկ շաբաթ առաջ մրցաշարի եզրափակիչ փուլ էին անցել երեք թիմ՝ ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի «Հերացի» և «Օգանեսոն», ինչպես նաև Երևանի Լեոյի անվան թիվ 65 դպրոցի «Ադրենալին» թիմերը: Եզրափակիչ առցանց մարտը քիմիական գիտելիքների իսկական հրավառություն էր, որտեղ արդեն երկրորդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվում ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցը ներկայացնող «Հերացի» թիմը:
 

Մինչ օրս մրցաշարին մասնակցել է 283 թիմ՝ 1415 աշակերտ և ավելի քան 280 ուսուցիչ։ «Այբ» կրթական հիմնադրամն արդեն երեք տարի հնարավորություն է ընձեռում մեր երեխաներին ներկայացնելու իրենց և մեր երկիրը նաև միջազգային հարթակում՝ մասնակցելով Պատանի քիմիկոսների համաուկրաինական մրցաշարին. վերջին երկու մրցաշարերից մեր երեխաները վերադարձել են երրորդ կարգի դիպլոմներով և անվանական պատվոգրերով։
 

«Մենք շնորհակալ ենք այսքան հետաքրքիր և դիտարժան օրվա համար: Կարծում եմ՝ 10 տարվա ընթացքում մեր ամենամեծ ձեռքբերումը քիմիայով տարված, քիմիա սիրող մարդկանց այն համայնքն է, որը հավաքվել է այս մրցաշարի շուրջ, և այդ համայնքի շնորհիվ է, որ մենք կարողանում ենք մրցույթն անցկացնել ամենաբարձր չափանիշներով ու դիտարկել դրա զարգացման նոր հեռանկարներ»,- մրցաշարի ամփոփման ժամանակ նշեց «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը:
 

Մրցաշարի ժյուրիի անդամները քիմիայի ոլորտում ամենահայտնի մասնագետներից են և մեծ նվիրվածությամբ աջակցում են մրցաշարի կազմակերպմանը: Ժյուրիի անդամ Ժաննա Սարգսյանի կարծիքով՝ 10-րդ մրցաշարը որակապես նոր մակարդակ ցույց տվեց: «Ուզում եմ իմ ուրախությունը կիսել բոլորի հետ այն աճի համար, որը մենք տեսնում ենք այսօր, այն քայլ առ քայլ նվաճումների համար, որոնց մենք հասել ենք այս տասը տարիների ընթացքում»:
 

Պատանի քիմիկոսների համահայկական 10-րդ մրցաշարի գործընկերներն են «ԱԶԱԴ Ֆարմասյութիքլզ» և ProfHolod ընկերությունները, որոնք շահագրգիռ են գիտության այս ճյուղի զարգացման ու երիտասարդ մասնագետների ներգրավման հարցում: Քիմիական այս յուրատեսակ մրցույթի մասնակիցների և աջակիցների թիվն օր օրի մեծանում է և նոր աշակերտներ ու դպրոցներ ընդգրկում, ինչը, վստահ ենք, նպաստում է մեր երկրում քիմիա առարկայի և գիտական մտածողությամբ աշակերտների զարգացմանը: Այս տարի առաջին անգամ անցկացվեց նաև քիմիայի ուսանողական մրցաշար՝ այդպիսով ամբողջացնելով կրթություն-գիտություն շղթան և գործատուների համար բացահայտելով երիտասարդների ներուժը։
 

10 տարի շարունակ «Այբ»-ի այս մրցույթը հնարավորություն է տալիս մեր երեխաներին նորովի ընկալելու քիմիան և սիրահարվելու նրան, և մենք ակնկալում ենք, որ այս ոլորտում արժանի սերնդափոխություն  կապահովվի։

Պատանի քիմիկոսների համահայկական 10-րդ մրցաշարի կիսաեզրափակիչ և եզրափակիչ մարտերն անցկացվեցին առցանց՝ երկրում ստեղծված արտակարգ դրության պատճառով: «Այբ» կրթական հիմնադրամը նորարար լուծումներով մշտապես նոր հնարավորություններ է ստեղծում մեր երեխաների համար՝ այս օրերին արդեն անցկացնելով քիմիայի թիմային մրցույթն առցանց՝ կարևորելով երեխաների անվտանգությունը և առողջությունը:

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին