Նոյեմբերի 16-ին Սիլիկոնյան հովտի ամենաարտասովոր տանը Դավիթ Յանի hյուրընկալությամբ կայացավ «Այբ» կրթական հիմնադրամի նպատակային դրամագլխի առաջին դրամահավաքի մասնավոր միջոցառումը՝ «Այբ» համայնքի ու ընկերների մասնակցությամբ:
Նպատակային դրամագլուխը աշխարհի հեղինակավոր կրթական հաստատություններում երկարակեցության կարևոր երաշխիք է, և «Այբ» կրթական հիմնադրամի դեպքում էլ այն կապահովի կրթական մեր ծրագրերի կայունությունն ու շարունակականությունը՝ եկող սերունդներին նույնպես հնարավորություն տալով ստանալու որակյալ ու միջազգայնորեն մրցունակ կրթություն: Հիմնադրամի նպատակային դրամագլխի ձևավորման մեկնարկը տրվեց ԱՄՆ-ում՝ հրավիրված երեկոյի ընթացքում հավաքելով առաջին 2,8 մլն ԱՄՆ դոլարը: Սա կարևոր քայլ է հիմնադրամի` Հայաստանը կրթությամբ վերափոխելու առաքելության իրականացման ուղղությամբ:
Բացառիկ ու հետաքրքիր միջավայրում այս միջոցառումն առանձնահատուկ էր ոչ միայն ջերմ համայնքային շփումներով, այլև նորարար ու առաջադեմ գաղափարներին ծանոթությամբ: «Այբ»-ի համահիմնադիր, ABBYY-ի հիմնադիր և արհեստական բանականության ծրագրերի հեղինակ Դավիթ Յանը տեխնոլոգիաներով հագեցած իր տանը հյուրերին ներկայացրեց արհեստական ու հուզական բանականության հնարավորություններն ու նոր գործիքները՝ ուղղված ամենատարբեր խնդիրների լուծմանը:
Քեմբրիջի համալսարանի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կրթական բարեփոխումների ղեկավար Ստիվ Քինգը՝ որպես «Այբ»-ի ռազմավարական գործընկեր, հատուկ ժամանել էր՝ ներկայացնելու համագործակցության հաջողված փորձն ու զարգացման հնարավորությունները: Երեկոյին ներկա էին և հաջողության իրենց պատմությունները ներկայացրին «Այբ» դպրոցի` աշխարհի լավագույն համալսարաններում այսօր սովորող շրջանավարտները․ միջազգային ճանաչում ունեցող «Արարատյան բակալավրիատ» ծրագրի շնորհիվ նրանց առջև մեծ հնարավորություններ են բացվել ամբողջ աշխարհում: Նշենք, որ ավագ դպրոցում աշակերտների 70%-ը ԱԲ ծրագրով սովորում է բարերարների աջակցությամբ:
«Այբ»-ի նպատակային դրամագլխին իրենց աջակցությունը բերեցին և ներդրում կատարեցին Դավիթ և Մայքլ Յաները, Նուբար Աֆեյանը, Արթուր Ջանիբեկյանը, Ռուբեն Հարությունյանը, Զավեն Փոլ Աքյանը, Րաֆֆի Ֆըստըգճյանը, Արսեն Գալստյանը, Տիգրան Հարությունյանը, Արտավազդ Մինասյանը, Էդգար Ավետիսյանը, Էդուարդ Կիրակոսյանը և այլ նվիրյալ հայորդիներ:
Այս յուրահատուկ միջոցառումը ոչ միայն խորհրդանշում է «Այբ»-ի երկարաժամկետ տեսլականն ու առաքելությունը, այլև ապագայի նկատմամբ պատասխանատվություն ստանձնելու, արժեքների շուրջ համախմբվելու և կրթությանը ծառայելու կարևոր ուղերձ է՝ ուղղված մեր հասարակությանը: