Հանուն կրթական փորձառության բարելավման․ «Քան» ակադեմիան մեկնարկում է անվճար աշխատարանների նոր ծրագիր Գեղարքունիքի և Արմավիրի մարզերում - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Հանուն կրթական փորձառության բարելավման․ «Քան» ակադեմիան մեկնարկում է անվճար աշխատարանների նոր ծրագիր Գեղարքունիքի և Արմավիրի մարզերում

Հանուն կրթական փորձառության բարելավման․ «Քան» ակադեմիան մեկնարկում է անվճար աշխատարանների նոր ծրագիր Գեղարքունիքի և Արմավիրի մարզերում

08 սեպտեմբերի / 2022

«Քան» ակադեմիան մեկնարկում է հայալեզու կրթական հնարավորությունների ընդլայնման նոր ծրագիր Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում՝ հավատարիմ մնալով որակյալ համաշխարհային մակարդակի անվճար կրթությունը բոլորին հասանելի դարձնելու իր առաքելությանը։

 

Ծրագիրն ունենալու է նպատակային երկու բաղադրիչ՝

 

- հարստացնել «Քան» ակադեմիայի հարթակը բնագիտամաթեմատիկական նոր նյութերով և տեսադասերով՝ հասանելի դարձնելով դրանք ողջ հանրությանը,

- իրականացնել աշխատարաններ մարզերի ուսուցիչների և աշակերտների համար՝ զինելով նրանց հիբրիդային կրթության և ինքնակրթության մեթոդների արդյունավետ կիրառման համար անհրաժեշտ գործիքակազմով։

 

Դասընթացների արդյունքում երկու մարզերի միջին և ավագ դպրոցների շուրջ 300 աշակերտ և 60 ուսուցիչ կկարողանան՝

 

- արդյունավետ օգտագործել «Քան» ակադեմիայի հարթակը՝ հարմարեցնելով օգտատիրոջ անհատական կարիքներին,

- յուրացնել ՏՀՏ գործիքներ՝ դարձնելով դրանք առօրյա ուսման և դասավանդման մաս,

- ստուգել և բարելավել սովորողների առաջադիմությունն առցանց կրթական գործիքներով։

 

Մի կողմից համավարակը, մյուս կողմից ողջ աշխարհում հիբրիդային կրթության մոդելին անցումը մեծ ազդեցություն են ունեցել հանրակրթության համակարգի վրա։ Մարտահրավերներով լի այս շրջանում «Այբ» կրթական հիմնադրամի՝ էլեկտրոնային ռեսուրսների տեղայնացման ծրագիրը՝ «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակը, գալիս է աջակցելու  ուսուցիչներին և աշակերտներին՝ պատրաստելով նրանց կրթական անցումային և նոր մոդելների սահուն կիրառմանը։

 

2021-2022 թթ․-ին գրասենյակը միջազգային գործընկերությամբ անվճար աշխատարանների 2 խոշոր  ծրագիր էր իրականացրել նախ Գյումրիում, ապա՝ Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերում։

 

 

 

Նախաձեռնությունն իրականացվում է Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող և ՆԵՖ Բելգիա, «ԱԳԱԹ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ, և Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվող «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի շրջանակում:

 

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին