Գիտնականից՝ ուսուցիչ. ինչպես «Այբ»-ի հիմնադիրներին միավորեց Ուսուցիչը - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Գիտնականից՝ ուսուցիչ. ինչպես «Այբ»-ի հիմնադիրներին միավորեց Ուսուցիչը

Գիտնականից՝ ուսուցիչ. ինչպես «Այբ»-ի հիմնադիրներին միավորեց Ուսուցիչը

05 հոկտեմբերի / 2022

Գագիկ Գրիգորյանը (Վարդանիչը) ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է։ Ավարտել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը, միջազգային օլիմպիադաների ժյուրիի անդամ է և ֆիզիկայի օլիմպիադաների հայաստանյան թիմերի ղեկավարը։  «Այբ» կրթական հիմնադրամի կողմից կազմակերպվող «Կենգուրու» միջազգային մրցույթի պաշտոնական ներկայացուցիչն է։ 1983 թվականից Ֆիզմաթ դպրոցում ֆիզիկայի ուսուցիչ և գիտաշխատող է, իսկ 2011 թվականից՝՝ «Այբ» դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ։

 

Գիտնականից՝ ուսուցիչ

 

«Հանգամանքների բերումով դարձա ուսուցիչ, աշակերտներս էլ՝ Դավիթ Յան, Արամ Փախչանյան, Տեր Մեսրոպ քհն. Արամյան»,– ասում է Գագիկ Գրիգորյանը։

 

Ֆիզմաթ դպրոցում գիտական աշխատանքին զուգահեռ Գագիկ Գրիգորյանը վարել է խմբակներ։  Խմբակները, լինելով դասերից անկախ և առանց պարտավորությունների, իրենց շուրջ էին համախմբում ինչպես Ֆիզմաթ դպրոցի սաներին, այնպես էլ այլ դպրոցների՝ ֆիզիկայով հետաքրքրված և բարձր առաջադիմություն ունեցող աշակերտների։ Ձևավորված աշակերտական համայնքը նպատակ ուներ միասին հանրօգուտ գործունեություն ծավալելու։ Այս հարցում խմբի ղեկավարի, այնուհետև ուսուցչի աջակցությունը ահռելի մեծ էր։ 

 

Դասավանդել սկսել է  հանգամանքների բերումով, երբ Դավիթ Յանի և  Արամ Փախչանյանի դասարանը մնացել էր առանց ֆիզիկայի ուսուցչի։ Հերթական կոնֆլիկտից հետո ուսուցիչը հեռացել էր դասարանից և խոստացել չվերադառնալ։ Սակայն վերադարձել էր և գրատախտակին կարդացել իրեն ուղղված տեքստը՝ «Дал слово – держи»։ Այսպես անխուսափելի էր դարձել ուսուցչի փոփոխությունը, գիտելիքի պահանջն ու բարձր սանդղակն էլ՝ հստակ սահմանված։ Այդ սանդղակին, ուղղակի, հասնել էր պետք։

 

Կարողանալ պատասխանել աշակերտի հարցերին

 

Ցանկացած ուսուցիչ պետք է կարողանա պատասխանել աշակերտի անդադար ավելացող հարցերին։ Գիտելիք ձեռք բերելու ընթացքում առաջանում են հարցեր, որոնց չպատասխանելու դեպքում և՛ հարցն է կորչում, և՛ աշակերտը։ Միևնույն ժամանակ պետք է կարողանալ այնպես պատասխանել, որ աշակերտները մնան թեմայով հետաքրքրված, գնան կարդան, ուսումնասիրեն և գան քննարկելու։ 

Այսօրվա ուսուցիչների խնդիրներից մեկը աշակերտի հարցերն անգիտակցաբար կանխելու մեջ է։ Ուսուցչի՝ աշակերտի ինքնուրույն մտածողությունը խոչընդոտելու վախը սպանում է հարց տալու միջավայրի ձևավորման նրա ունակությունը։ Սրա վրա էլ, կարծում եմ, պետք է սկսենք աշխատել։ Իսկ եթե մենք ունենք ուսուցիչներ, որոնք աշակերտին զուգահեռ աշխատում են հարցերին պատասխաններ գտնելու, գիտելիքների ու հմտությունների պաշարն անդադար համալրելու վրա, պատկերը միանշանակ այլ է։

 

Ուսուցչի մեծագույն պարգևը

 

Ցանկացած ուսուցչի համար մեծագույն պարգևը աշակերտի հաջողություններն են։ Այն ցանկությունների իրականացումը, որոնց ձևավորման գործում գուցե մեծ ազդեցություն է ունեցել ուսուցիչը։ Ուշագրավ է այն, որ շրջանավարտների հետ պահպանվում է կապը և միասին նոր կրթական հարթակներ ստեղծելու, նոր հաջողությունների հետևից գնալու մեծ ցանկությունը։

 

Արժեհամակարգ ձևավորող ուսուցիչներ

 

Հաճախ եմ հիշում համալսարանական տարիներին հանդիպած մարդկանց։ Ուրախ եմ, որ շատերի հետ բախտ է վիճակվել շփվել, բայց չեմ մոռանա 5-րդ դասարանի մաթեմատիկայի ուսուցչուհուն։ Կարծում եմ՝ հենց ինքն էլ պատճառ եղավ մասնագիտական ուղիս հստակեցնելու գործում։ Հանգամանքների բերումով ուսուցչուհիս ինձ էր վստահել 3-րդ և 4-րդ դասարանցիների ստուգողական աշխատանքների ստուգումը։ Հիմա չնչին ու զավեշտալի թվացող իրականություն է, բայց 5-րդ դասարանի երեխայի համար մեծ մոտիվացիա էր։

 

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին