2010-2015 թվականներին «Այբ» կրթական հիմնադրամը ներգրավված է եղել Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի դպրոցի կրթական ծրագրերի բարեփոխման և զարգացման գործընթացում։
Ծաղկունքի համայնքի՝ «Դար» կրթամշակութային հիմնադրամի նախաձեռնած զարգացման լայնածավալ ծրագրերի շրջանակում «Այբ» կրթական հիմնադրամը հնարավորություն է ունեցել տարածելու իր կրթական տեխնոլոգիաները նաև գյուղական դպրոցում և իրականացնելու ընդհանուր կրթության որակի բարելավմանն ուղղված միջոցառումներ:
Ծաղկունքի դպրոցում փորձ է արվել ստեղծելու գյուղական դպրոցի մոդել, որն ապագայում իր տարածումը կգտներ հանրապետության այլ գյուղական համայնքներում:
Գյուղական դպրոցի մոդելի գաղափարի մեջ առանձնահատուկ կարևորվում է ընդհանուր կրթական ծրագրերում գյուղատնտեսական բաղադրիչի զարգացումը՝ ըստ տվյալ համայնքի ագրարային պահանջների (մեղվապահություն, բուսաբուծություն, անասնապահություն և այլն): Այսպես՝ Ծաղկունքում օրինակելի գյուղական դպրոցի կայացման համար հիմք են ընդունվել թե՛ ագրոկրթության բաղադրիչի ներդրումը, թե՛ ընդհանուր կրթական ծրագրերի բարձր որակի ապահովումը:
Համագործակցելով «Դար» հիմնադրամի հետ՝ «Այբ»-ը մաս է դարձել ազգային արժեքների պահպանման ու դրանց զարգացման համար Ծաղկունք գյուղում իրագործվող համայնքաշինական ծրագրերին:
2007-ին՝ «Դար»-ի ջանքերով դպրոցի հիմնանորոգումից հետո, խնդիր կար փոփոխելու նաև դպրոցի կրթական ծրագրերը, որպեսզի երեխաները հնարավորություն ունենային զբաղվելու այն ամենով, ինչը նրանց կկապեր իրենց արմատներին, կդաստիարակեր հայկական ոգով ու մտածողությամբ, ներդաշնակ կպահեր հարազատ միջավայրի հետ:
«Այբ» կրթական հիմնադրամի դերը Ծաղկունքի դպրոցի զարգացման գործում եղել է՝
Ծաղկունքի դպրոցը ներգրավվել է «Այբ» համակարգի բոլոր ծրագրերում ու միջոցառումներում, մասնավորապես ուսուցչական համաժողովներում, փոխանակման ծրագրերում, սոցիալական և մշակութային նախագծերում: Դպրոցում ստեղծված ծրագրային թիմերը դպրոցի տնօրենի հետ իրականացրել են կրթական բովանդակության և համայնքի զարգացմանն ուղղված բազմաբնույթ ծրագրեր: