Վերադառնալ

Սրբոց Թարգմանչաց եկեղեցի

«Այբ»-ը` Սրբոց Թարգմանչաց նոր շարժում
Ծրագրի
նկարագրություն

Սրբոց Թարգմանչաց եկեղեցին «Այբ կրթական հանգույց» կոչվող կրթական ավանի մի բաղադրիչն է, որը գալիս է ամրացնելու  ճանաչողության և բարոյական արժեքների գոյաբանական կապը և  սրբոց Թարգմանչաց շարժման խորհուրդը։ 5-րդ դարում սբ Մեսրոպի, սբ Սահակի և նրանց աշակերտների շնորհիվ ստեղծվեցին ազգային գիր, գրականություն, երաժշտություն, դպրոց: Այս հանճարեղ մարդկանց համագործակցությունը վերածվեց դարերով շարունակվող շարժման և ապահովեց հայ ժողովրդի շարունակականությունը մինչև մեր օրերը:

«Այբ»-ը յուրատեսակ շարունակությունն է սրբոց Թարգմանչաց շարժման:

Եկեղեցին, լինելով վկայությունը մեր հոգևոր ժառանգության, նաև երաշխիքն է բարոյական սերնդի ձևավորման և հայ ժողովրդի հոգևոր ապագայի: Դարեր շարունակ Հայ Եկեղեցին և Հայ Դպրոցը եղել են կողք կողքի` ապահովելով հայ ժողովրդի հոգևոր-ազգային միասնականությունը և ճանաչողական-արժեքային ներդաշնակությունը: «Այբ» կրթական ավանը կոչված է դառնալու մի միջավայր, ուր հաղթահարված է իրականության խզումը անցյալից ու ապագայից, ուր պատմությունը հոգեղեն ներկայություն է, իսկ ապագան` արարման նախանձախնդրություն:

«Այբ» ավանի եկեղեցին (ճարտարապետ` Էրիկ Օհանյան) կազմված է քարե գրքերից: Ամեն մի գիրք խորհրդանշում է սբ Թարգմանիչներից մեկին: Եկեղեցու կառույցը խորհրդանշում է այն մարդկանց, որոնց էական գրավոր ժառանգության վրա են խարսխված հայ ինքնությունը և հոգևոր գիտակցությունը: 

Եկեղեցու հիմնահարկում գործելու է աստվածաբանական գրադարան: Այդպիսով եկեղեցին առավել ամբողջական կերպով է ծառայելու մարդու հոգևոր ճանաչողությանը և բարոյական մաքրությանը` աղոթքին և շնորհաբաշխություններին առընթեր հնարավորություն ընձեռելով կարդալու, ուսումնասիրելու և հոգևոր իրողությունների մեջ խորանալու:

Միավորելով կրթությամբ կայացած և կրթության մեջ ներդրում կատարելու պատրաստակամ մարդկանց` մենք համախմբում ենք նոր որակներ, գիտակցված արժեքներ, ապրված իրողություններ: Այսօր գաղափարակից մարդկանց փորձառությամբ, ջանքերով և ներդրումներով ստեղծվում ու մշակվում է հայ նոր դպրության ճարտարապետությունն իր բովանդակային, համակարգային, միջավայրային լուծումներով:

  • 119 անհատ ճարտարապետ և կազմակերպություն 4 երկրից գրանցվել են եկեղեցու ճարտարապետական հայեցակարգի բաց մրցույթին։
  • Ներկայացվել է 50 նախագիծ, որից մեկը ճանաչվել է «Այբ» ավանի եկեղեցու վերջնական ճարտարապետական նախագիծ։
  • Ըստ նախագծի՝ եկեղեցին ունենալու է 25 քարե գիրք` 25 սբ Թարգմանիչների պատվին։
Օգտակար նյութեր ու հղումներ
Սրբոց Թարգմանչաց եկեղեցի «Այբ» կրթական ավանում