Վերադառնալ

Պատանի քիմիկոսների մրցաշար

Սովորի՛ր և ստեղծի՛ր

«Այբ»-ի ամենաերկարամյա թիմային այս մրցաշարը (2010-ից) քիմիան ու գիտական միջավայրը նորովի բացահայտելու, բանավեճի և վերլուծության կարողություններ զարգացնելու և հետագայում միջազգային հարթակներում հանդես գալու ճանապարհ ստեղծող հարթակ է։ 

Մրցույթն իր տեսակի մեջ միակն է ՀՀ և Արցախի 9-12-րդ դասարանցիների համար: Նախաձեռնության գաղափարն ու տեխնոլոգիան փոխառված են նմանատիպ համաուկրաինական մրցաշարից և հնարավորություն են տալիս մասնակից լավագույն թիմերին՝ ներկայացնելու Հայաստանը միջազգային՝ համաուկրաինական մրցաշարում։
 

ՀՀ-ում կրթական ոլորտում մտահոգիչ հարցերից է բնագիտական առարկաների հանդեպ հետաքրքրության պակասը: Դրա մասին է վկայում բուհերում այս ուղղությամբ դիմորդների վիճակագրությունը։ Սա բերում է երկրի զարգացման համար ռազմավարական նշանակության մի շարք ուղղություններում մասնագետների և գիտնականների սղության։ Այս խնդիրներին արձագանքելու, բնագիտամաթեմատիկական առարկաների կարևորությունն ու գրավչությունը երիտասարդ սերնդի համար տեսանելի դարձնելու, դպրոցն ու բուհը կամրջելու նպատակով «Այբ»-ը նախաձեռնել է Պատանի քիմիկոսների մրցաշարը:

Մրցաշարն առաջին քայլերն անող գյուտարարների համար է։ Նպատակ ունի դպրոցական տարիքից նպաստելու սովորողների մասնագիտական կողմնորոշմանն ու հմտությունների զարգացմանը։ Մրցույթն իրականացվում է փոխգործուն խաղի սկզբունքով և թույլ տալիս մեծացնել գիտական աշխատանքի գրավչությունը պատանիների համար։

Աշակերտները հնարավորություն ունեն՝ 

•    փնտրելու և գտնելու արդի հարցերի պատասխաններ, որոնք գուցե դեռ լուծում չունեն,
•    բանավիճելու և ներկայացնելու սեփական հետազոտության արդյունքները,
•    զարգացնելու խնդիրը տարբեր դիրքերից գնահատելու հմտությունը,
•    ստանալու ժյուրիի կազմում ընդգրկված փորձառու մասնագետների ուղղորդումը,
•   ձեռք բերելու նոր կապեր գիտական համայնքում և մասնակից լինելու հետագա նոր ծրագրերի։

Մրցաշարի ամենահետաքրքիր և սիրված բաղադրիչը գիտամարտերն են՝ մրցաշարի ձևաչափին հատուկ դերային բաշխմամբ։

Մրցույթն անցակցվում է երեք փուլով՝
• քառորդ եզրափակիչ. թիմերը մասնակցում են քիմիայի վիճակախաղի՝ սահմանված ժամանակահատվածում պատասխանելով առանձնացված հարցերի.
•  կիսաեզրափակիչ. քառորդ եզրափակիչը հաղթահարած 6-12 թիմ փոխեփոխ հանդես են գալիս զեկուցողի, ընդդիմախոսի, գրախոսի և դիտորդի դերում ու բանավիճում նախապես հրապարակված հարցերի շուրջ համաձայն իրենց դերի և մարտավարության.
• եզրափակիչ. գիտամարտին մասնակցում են ժյուրիի որոշմամբ կիսաեզրափակիչն անցած թիմերը:


Եզրափակչի արդյունքում որոշվում է մրցաշարի հաղթողը:

Բացի թիմային խաղից գնահատվում են նաև անհատական որակները։ Ժյուրին իր ընտրությամբ առանձնացնում է մրցաշարի «լավագույն զեկուցող», «լավագույն ընդդիմախոս», «լավագույն գրախոս» անվանակարգերի հաղթողներին։


Յուրաքանչյուր թիմ պետք է ունենա՝ 
•     4-5 մասնակից,
•    ավագ,
•    մարզիչ։

2010-ից՝ մեկնարկից ի վեր մրցաշարին մասնակցել են՝
•    311 թիմ,
•    1507 աշակերտ,
•    280 ուսուցիչ։

Օգտակար նյութեր ու հղումներ
Պատանի քիմիկոսների մրցաշար․ բլից մասնակիցների հետ II